Thursday, December 09, 2010

Իրանի նախկին դիվանագետների նոր բացահայտումները

Իրանը մարդասիրական օգնության անվան տակ զինամթերք է ուղարկում Հիզբոլահին

Դեկտեմբերի 7-ին ֆրանսիական Le Figaro օրաթերթը հարցազրույց է ունեցել Իրանի նախկին երկու դիվանագետներ Ֆարզադ Ֆարհանգյանի և Մուհամադ Հեյդարիի հետ: Նրանք Իրանում վերջին նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների պատճառով հրաժարվել էին իրենց պաշտոններից:
Բրյուսելում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիվանագետ Ֆարզադ Ֆարհանգյանը Le Figaro օրաթերթին ասել է. «Ես իսլամական հեղափոխությունից հետո, մեր կատարած հեղափոխությանը ծառայելու նպատակով, համալսարանում ընտրեցի միջազգային հարաբերությունների ճյուղը, և ավարտելուց հետո որպես դիվանագետ ծառայեցի Դաքարում, Փարիզում և Բրյուսելում աշխատող Իրանի դեսպանատներում: Ծառայության տարիներին ինձ ասացին, որ ԱԳՆ դիվանագետ լինելով հանդերձ` պիտի համագործակցեմ Իրանի անվտանգության և տեղեկատվության ու նաև իսլամական հեղափոխության պահակազորի հետ: Նրանք մի անգամ պահանջեցին, որ հանդիպեմ եգիպտացի ինչ-որ լրտեսի հետ, որն ասում էր, թե թարմ տեղեկություններ ունի Եգիպտոսից:
Այդ և նմանօրինակ այլ պահանջները պատճառ դարձան, որ ես նոր դիրքորոշումներ ընդունեմ երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ»։
Ֆարհանգյանը շարունակության մեջ ավելացրել է. «Երբ անցյալ տարի Իրանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան, ես Բրյուսելում էի: Այնտեղ եկավ ու մասնակցեց քվեարկությանը մոտ 1500 հոգի, որոնց 90%-ը քվեարկեց Ահմադինեժադի գլխավոր մրցակից Միր Հուսեյն Մուսավիի օգտին: Երբ մենք պատրաստվում էինք ԱԳՆ ուղարկել քվեարկության արդյունքները, Թեհրանից զանգեցին և ասացին, որ քվեարկության արդյունքները դեռ չուղարկենք Թեհրան: Այդ զանգից մի քանի ժամ հետո լուրերում տեսա, որ Ահմադինեժադը քվեարկողների 63% ձայնով դարձել է նախագահ: Ես հույս ունեի, որ երկրի առաջնորդ Խամենեին միջամտելու և խնդիրը լուծելու է, բայց նա հակառակն արեց ու, Ահմադինժադին շնորհավորելով, հաստատեց ընտրախախտումները:»
Le Figaro օրաթերթը նաև զրուցել է նախկին դիվանագետ Մուհամադ Հեյդարիի հետ: Վերջինս զրույցի ընթացքում ասել է. «Մոտ օրերս ևս մի դիվանագետ է հրաժարական ներկայացնելու, բայց անվտանգության հարցերից ելնելով՝ չեմ ցանկանում բացահայտել նրա անունը»։
Հեյդարին, անդրադառնալով տարածաշրջանի զինված խմբակցություններին ցուցաբերած Իրանի աջակցության հարցին, մատնանշել է. «Իրանի ԱԳՆ-ում իմ ծառայության տարիներին բազմիցս տեսել եմ, թե ինչպես Կարմիր կիսալուսնի (իրանական Կարմիր Խաչ) անվան տակ Իրանը զինամթերք է ուղարկում Հիզբոլահի համար»։
Հեյդարին Le Figaro թերթին հայտնել է. «Երբ ես միացա ընդդիմադիրներին և հրաժարվեցի դիվանագիտական պաշտոնից, իմ անձնական բանկային հաշիվներն ու ունեցվածքը բռնագրավվեցին: Այս պահին ես քաղաքական ապաստան ստանալու համար դիմել եմ Նորվեգիայի իշխանությանը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը