Wednesday, April 08, 2009

Գարնանային ձնհալ՝ քաղաքական դաշտում

Արթին Առաքելյան

Մարտի 20-ին՝ Իրանական տարվա վերջին օրը, երբ իրանցիները պատրաստվում էին դիմավորել նոր տարին (Նովռուզ), մի ուշագրավ լուր, բոլորի մտքերը կրկին դարձրեց դեպի քաղաքական դաշտ: Այդ ուշագրավ լուրն այն էր, որ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման, մի պատրաստված տեսաժապավենում, Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին շնորհավորեց նոր տարին: Սա նոր երեւույթ չի եւ նախկինում էլ ԱՄՆ նախագահները Իրանական նոր տարվա առիթով շնորհավորական ուղերձներ հղել էին, բայց պիտի ասել, որ Օբամայի ուղերձը լիովին տարբերվում էր իր նախորդների ուղերձներից:
Բայց ի՞նչ էր տարբերությունը: Նախ պիտի ասել, որ Օբաման իր ուղերձում, նոր տարին շնորհավորեց թե՛ Իրանի ժողովրդին եւ թե՛ Իրանի ղեկավարությանը, այն ինչ, որը բացակայել է նախկին նախագահների շնորհավորական ուղերձներում: Օբաման իր ուղերձում, որը 30 նախադասությունից էր բաղկացած, երկու անգամ նշեց «Իրանի Իսլամական Հանրապետություն», երեք անգամ «Իրանի ժողովուրդ», երեք անգամ «Իրանի ղեկավարություն», երկու անգամ «նոր սկիզբ», երկու անգամ «Նովռուզ» (Իրանական նոր տարի), երեք անգամ «հույս», երեք անգամ «խաղաղություն» եւ երկու անգամ «անվտանգություն» նախադասություններն ու բառերը: Նա իր 20-րդ եւ 21-րդ նախադասություններում միայն նշեց «ահաբեկում» եւ «զինամթերք» բառերը:
Օբամայի պատգամը ընդհանուրին մեջ դիտելով, կարելի է դրան բաժանել երկու բաժնի. առաջին մասը «վստահությունը գրավող» եւ երկրորդ մասը «քաղաքական»:
Օբաման իր ունկնդրողի վստահությունը շահելու համար, իր ուղերձի առաջին կեսում խոսեց բարեկամական ոճով, գնահատեց Իրանական մշակույթը, քաղաքակրթությունն ու ժողովուրդը եւ ի վերջո մատնանշեց երկու երկրների ընդհանրությիւնները, ինչպիսին են մշակութային ու մարդկային ընդհանրությունները:
Իսկ պատգամի երկրոդ կեսում, որը ավելի քաղաքական էր հնչում, հավատարիմ մնալով իր նախընտրական քարոզչությանը, որն էր Իրանի հետ ուղիղ բանակցել՝ առանց նախապայմանների, գարնան եղանակից ներշնչւելով հայտարարեց «մենք կրկին կարող ենք կենսուրախություն ցանկանալ, որովհետեւ բոլորս էլ նոր սկիզբների ավետիսն ենք փնտրում»:
Հակառակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին, որը Իրանի իշխանությանը դիմելիս արտահայտում էր «Իրանի ռեժիմ» (իշխանություն) նախադասությունը, Օբաման ընդունելով Իրանում իշխող քաղաքական կարգերը, իր ուղերձի ընթացքում երկու անգամ օգտագործեց «Իրանի Իսլամական Հանրապետություն» նախադասությունը: Նա իր խոսքերի շարունակության ընթացքում հայտարարեց, որ ցանկանում է խոսել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների հետ, նա ասաց «ուրեմն այս նոր սկիզբների եղանակում (նկատի ունի գարունը) ցանկանում եմ պարզօրեն խոսել Իրանի ղեկավարների հետ»: Օբաման նաեւ իրավիճակը ճիշտ գնահատելով հայտարարեց, որ «մենք լուրջ տարաձայնություններ ունենք միմյանց հետ, որը զարգացել է վերջին եռեսուն տարիների ընթացքում, բայց մենք այն ապագան ենք ցանկանում, որը, դուք, ձեր հարեւններն ու ամբողջ աշխարհը ապրի խաղաղությամբ ու կայուն անվտանգությամբ: Գիտեմ, որ այդ ցանկությունը շուտ չի կարող իրականանա, եւ կան մարդիք, որը պնդում են, մեզ բնորոշել մեր տարաձայնություններով»: Նա իր խոսքերի ավարտում մեջբերեց Իրանի մեծ բանաստեղծ Սաադիի հայտի բանաստեղծության մի բաժինը, որը ասում է «Ադամի բոլոր որդիները մեկ մարմնի անդամն են, եւ ստեղծմամբ մեկ էություն ունեն» եւ խոսքերը ավարտեց պարսկերեն լեզվով իրանի ժողովրդին նոր տարին շնորհավորելով:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլահ Խամենեին, մեկ օր անց, Մաշհադ քաղաքում իր նոր տարվա առիթով առաջին դասախոսության ընթացքում, անդրադառնալով Օբամայի ուղերձին, նախկինի համեմատ ավելի մեղմ ոճով, նախ անդրադարձավ այն բոլոր թշնամական արարքներին, որը ԱՄՆ իշխանությունը վերջին եռեսուն տարիների ընթացքում գործել է Իրանի ժողովրդի դեմ: Նա իր խոսքերի շարունակության մեջ ասաց «նրանք (ԱՄՆ) ասում են թե ձեռք ենք մեկնել Իրանին, բայց մենք ասում ենք թե ԱՄՆ թավշյա ձեռնոցի տակ գոյություն ունի մի չուգունե ձեռք: Եթե ձեր ոճից բացի, ուրիշ մի բան էլ փոխվել է, դա ապացուցեք»: Իրանի առաջնորդը, այս թեմայի ավարտին ասաց «մեր խոսքն այս է, մինչեւ այն ժամանակ, որ ԱՄՆ կառավարությունը հետեւի իր նախկին թշնամական քաղաքականնությանն ու գործելաոճին, այն ինչ արել է մինչեւ այսօր, Իրանի ժողովուրդն էլ նախկինի պես են լինելու, բայց եթե դուք փոխեք ձեզ, իմացեք, որ մենք էլ կը փոխենք մեզ»:
Այն ինչ որ պարզ է, գարնան ձնհալը նաեւ ազդում է դիվանագիտությանը, եւ այն երկու երկիրները, որոնք մինչեւ այսօր, անգամ խուսափում էին անուղակի բանակցությունների մասին խոսելուց, այժմ խոսում են ուղակի բանակցություններից, այն էլ մեղմ ու բարեկամական ոճով:
Ներկայում, հերրթը կրկին հասել է ԱՄՆ-ին, եւ պիտի տեսնել թե Օբաման Իրանի առաջնորդի պատասխանից հետո ինչ քայլ պիտի կատարի, իր քարոզած «փոփոխության» ուղղությամբ: Այլեւս մոտենում ենք Իրանի նախագահական ընտրություններին, որը նաեւ այս անգամ ավելի կարեւորություն է ստացել: Արդյոք Օբաման սպասելո՞ւ է մինչեւ ընտրվի Իրանի նոր նախագահը, թե՞ անկախ դրանից, ուղակի կապ է հաստատելու Իրանի առաջնորդի հետ, այն ինչ ամերիկյան մամուլն ու փորձագետները չեն բացառում:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը