Thursday, September 18, 2008

Պատերազմի խոր արմատները՝ Վրաստանում

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Պեկինի Օլիմպիկի հրավառութեան հետ զուգահեռ՝ վրացական թնդանօթների միջոցով վառւեց Հարաւային Օսեթիայի պատերազմի ջահը: Զանազան վերլուծաբաններ ու լրատւամիջոցներ յայտարարեցին, թէ սկսւել է նոր սառը պատերազմը, խօսեցին ռուսների ստալինեան նկրտումների դէմ պայքարող մի փոքր երկրի (Վրաստան) ջանքերի մասին, արեւելեան Եւրոպայի միջցեղական վաղեմի քաշքշուկների շուրջ առասպելներ յօրինեցին եւ ամենուր աղաղակեցին բեւեռային արջի յարութեան մասին ու այդ միջոցով, կրկին անգամ, միջազգային հանրութեան սրտում խարսխեցին վախը, սպառնալիքն ու պատերազմը:Բայց արդեօք սա՞ էր ամբողջ եղելութիւնը: Բոլորը քաջ գիտեն, որ ներկայում չի կարող կրկնւել սառըպատերազմեան իրավիճակը, որովհետեւ այլեւս գոյութիւն չունի այն օրերի գաղափարախօսական թէժ պայքարը: Այն, ինչ որ ԱՄՆ-ն Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ հետապնդում է Կովկասի տարածաշրջանում, ոչ թէ նորանկախ հանրապետութիւններին հովանաւորելն ու պաշտպանելն է, այլ տարածաշրջանի էներգիայի աղբիւրների վերահսկումն է, եւ Կովկասի վերջին իրադարձութիւնները ապացուցեցին, որ ԱՄՆ-ն այդ նպատակին հասնելու համար՝ չի բացառում նաեւ պատերազմի տարբերակը, անգամ՝ Ռուսաստանի սահմանագծում:Կովկասում բռնկւած պատերազմի դրդապատճառները քննարկելու համար՝ հնարաւոր է հարցը նաեւ դիտել այդ դիտանկիւնից, որով կարելի կը դառնայ ճիշտ ըմբռնել տարածաշրջանի էներգիայի աղբիւրներին տիրելու ԱՄՆ-ի քաղաքականութիւնը:Անգլիական «Բրիտիշ պետրոլիում» (BP) նաւթային ընկերութեան վերջերս հրապարակած տւեալների համաձայն՝ Կասպից ծովի շրջանում գտնւող նաւթ արտածող երկրների (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) նաւթային ընդհանուր պաշարը կազմում է 48 միլիարդ տակառ (ԱՄՆ-ի եւ Կանադայի նաւթային պաշարներին համահաւասար) ու նաեւ բնական գազի պաշարները մօտաւորապէս կազմում են 268 տրիլիոն (հազար միլիարդ) խորանարդ մետր (Սաուդական Արաբիայի գազային պաշարի համահաւասար): Այս բոլոր պաշարները Խ. Միութեան ժամանակ վերահսկւում էր կենտրոնական կառավարութեան միջոցով: Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ արեւմտեան նաւթային ընկերութիւնները գրոհեցին յետխորհրդային նորանկախ երկրները: Այդ գրոհը նմանւում էր 19-րդ դարում եւրոպացիների գրոհին՝ դէպի ԱՄՆ՝ ոսկի գտնելու երազանքով: Արեւմտեան նաւթային ընկերութիւնները փայլուն առիթն օգտագործելով՝ նոր նախագծեր ծրագրեցին յետխորհրդային տարածաշրջանի էներգիան դէպի արեւմտեան շուկաներ առաքելու ուղղութեամբ, Շորան, Բրիտիշ պետրոլիում, Շէլ, Էքսոն մոբիլ եւ զանազան ուրիշ նաւթային ընկերութիւններ նոր իշխանաւորներին կաշառելով՝ դիւրութեամբ նրանց քաջալերեցին ստորագրել բազմաթիւ պայմանագրեր եւ այդ միջոցով դուրս գալ Ռուսաստանի տնտեսական տիրապետութեան սահմաններից: Արեւմուտքը այդ ժամանակաշրջանը անւանում էր «Ոսկէ ժամանակաշրջան»:

Փայլուն առիթները երկար չտեւեցին եւ դժւարութիւնները սկսեցին: Կասպից ծովը շրջափակւած էր ցամաքով ու հնարաւոր չէր այնտեղ ուղարկել նաւթատար նաւերը: Արեւմտեան ընկերութիւնները չէին ցանկանում տարածաշրջանի էներգիան Ռուսաստանի տարածքով փոխադրել միջազգային ճակատ: Այդ իսկ պատճառով՝ 90-ականների կէսում, ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի առաջարկով ու Ռուսաստանին շրջանցելու նպատակով, Վրաստանը յայտարարւեց դէպի Արեւմուտք առաքւող էներգիան փոխադրող երկիր: Դէպի Արեւմուտք առաքւող առաջին նաւթատար խողովակը կառուցւեց Կասպից ծովի ափում գտնւող Բաքւից մինչեւ Սեւ ծովի ափում գտնւող վրացական Սուպսայ նաւահանգիստը: Այս նախագիծը շարունակւեց Բաքու-Թիֆլիս-Ջէյհան խողովակաշարով: ԲԹՋ խաղավակաշարի նախագծի յետեւում էլ թաքնւած էր Ռուսաստանին շրջանցելու ծրագիրը: Քլինթոնը ԲԹՋ նախագծի առաջին օրւանից մինչեւ պաշտօնական համաձայնութիւնների կայացումը՝ հետեւեց գործընթացին: Խողովակաշարի կառուցման վերջին փուլը կատարւեց Ջորջ Բուշ կրտսերի նախագահութեան երկրորդ շրջանում: Սպիտակ տան համար Բաքու-Թիֆլիս-Ջէյհան խողովակաշարը աշխարհաքաղաքական նշանակութիւն ունէր, որով ոչ միայն դէպի Արեւմուտք առաքւող Կասպից ծովի էներգիայի անվտանգութիւնն էր երաշխաւորում, այլ նաեւ կոտրւում էր Ռուսաստանի մենաշնորհ վերահսկումը՝ տարածաշրջանի էներգիայի վրայ:

Բիլ Քլինթոնը լաւատեղեակ էր Բաքու-Թիֆլիս-Ջէյհան խողովակաշարի ռիսկային բնոյթի մասին, յատկապէս այն, որ ԲԹՋ խողովաշարը հակամարտութիւններով ողողւած շրջաններով էր անցնում:Այդ իսկ պատճառով՝ ԱՄՆ-ն Վրաստանին ընտրեց որպէս իր ռազմական ներկայացուցիչը՝ Կովկասի տարածաշրջանում:

ԱՄՆ-ն 1998-ից մինչեւ 2000 թւականը Վրաստանին շուրջ 302 միլիոն դոլար ռազմական ու տնտեսական օգնութիւն փոխանցեց: Այդ օրերում Ռուսաստանը մխրճւած էր ներքին ու արտաքին բազմաթիւ դժւարութիւնների մէջ, բայց այն, ինչ որ պարզ էր, այն էր, որ ռուս դիւանագէտները այլեւս չէին կարող անտարբեր մնալ յետխորհրդային տարածաշրջանում ԱՄՆ-ի ներխուժումների նկատմամբ: Վլադիմիր Պուտինի գործի վրայ գալով՝ տարածաշրջանի բոլոր քաղաքական, տնտեսական ու ռազմավարական տւեալները փոխւեցին: Պուտինը նախքան նախագահի պաշտօնին հասնելը՝ անգամներ յայտարարել էր՝ համոզւած է, որ էներգիայի մատակարարման գործընթացի կառավարութեան վերահսկման տակ անցնելով՝ նախկին հզօրութիւնը կը վերադառնայ Ռուսաստանին:Նա իր դոկտորական աւարտաճառում յստակօրէն գրել է, թէ կառավարութիւնը իրաւունք ունի սեփականաշնորհել բոլոր նաւթային ու գազային աղբիւրները, անկախ նրանից, թէ դրանք ում են պատկանում: Պուտինը այդ մտայնութեամբ ազգայնացրեց այն բոլոր նաւթային ընկերութիւնները, որոնք Ելցինի ժամանակ անցել էր մասնաւոր սեփականատիրութեան: Այս ծրագրի համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ նաւթային ընկերութիւնը՝ «Իւոկոս»-ը ազգայնանալով՝ դարձաւ կառավարութեան սեփականութիւնը: Պուտինը նաեւ «Գազպրոմ» ընկերութիւնը, որ աշխարհի ամենամեծ գազային ընկերութիւններից է, ազգայնացրեց ու Ռուսաստանի ներկայ նախագահ Դմիտրի Մեդւեդեւին նշանակեց այդ ընկերութեան ղեկավարը: Վլադիմիր Պուտինը նաեւ յաջողեց Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահներին համոզել, որ իրենց արտահանած նաւթն ու գազը Ռուսաստանի միջոցով առաքեն միջազգային շուկայ:

Այս բոլորից յետոյ Պուտինը փորձեց նւազեցնել Վրաստանի միջազգային վարկը, որովհետեւ Վրաստանը ամերիկեան թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ փորձում էր տարածաշրջանում գործել ԱՄՆ-ի եւ առհասարակ Արեւմուտքի շահերի համաձայն, այն, ինչ Ռուսաստանի համար կարմիր գիծ էր համարւում: Այդ օրերում Եւրոմիութիւնը յայտարարել էր, թէ մտադիր է մի գազատար խողովակ կառուցել, որը Կովկասի գազը Վրաստանի ու Թուրքիայի միջոցով կը տանի մինչեւ Աւստրիա: Այդ խողովակաշարը անւանւում էր «Նաբուկօ»:

Քանի որ «Նաբուկօ»-ն կարեւոր դեր ունէր Եւրոպային Ռուսաստանի էներգիայից ձերբազատելու գործընթացում, նաեւ հովանաւորւեց ԱՄՆ-ի կողմից: Այդ իսկ պատճառով՝ ԱՄՆ-ն հարիւրաւոր միլիոն դոլար յատկացրեց վրացական բանակին կրթելու եւ զինելու համար, որոնք պիտի ապահովէին խողովակաշարերի անվտանգութիւնը:Բայց, ըստ երեւոյթին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշւիլին չի բաւարարւել «խողովակների պահապան» պաշտօնով եւ իր յոյսը ԱՄՆ-ի վրայ դնելով՝ փորձեց գրաւել Հարաւային Օսեթիան: Սահակաշւիլին իր սխալ հաշւարկներով ու տղայական արկածախնդրութեամբ ընկաւ այն թակարդի մէջ, որը պատրաստւել էր Վլադիմիր Պուտինի խոհեմութեամբ: Այսօր Վրաստանը ռուսների թակարդի մէջ է եւ դրա հետեւանքով՝ ոչ միայն Բաքու-Թիֆլիս-Ջէյհան խողովակաշարը, այլ նաեւ դէպի Արեւմուտք առաքւող էներգիայի բոլոր միջոցները Ռուսաստանի բանակի թիրախ են դարձել:Այսօր Հարաւային Օսեթիան ու Աբխազիան անկախութիւն են ձեռք բերել, եւ այդ պատճառով՝ Եւրոպան ու ԱՄՆ-ն ամենուր քննադատում ու սպառնում են Ռուսաստանին, բայց պիտի նշել, որ այդ բոլորը այլեւս չեն կարող փոխել իրավիճակը՝ Կովկասում: Ռուսաստանը այսօր վերագտել է իր հզօրութիւնը՝ Կովկասի տարածաշրջանում եւ Վաշինգտոնն ու Լոնդոնը, Բեռլինն ու Փարիզը այլեւս չեն կարող փոխել իրավիճակը: Կովկասի խաղը դեռ չի աւարտւել եւ բազմաթիւ իրադարձութիւններ կան առջեւում, բայց այն, ինչ որ պարզ է, այն է, թէ Սպիտակ տունը պիտի հաշտւի Ռուսաստանի գերակայութեան հետ՝ Կովկասում եւ նոր բախումներից ձերբազատւելու նպատակով՝ պիտի համագործակցի Ռուսաստանի հետ:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը