Tuesday, July 11, 2006

Այո՞ թէ ոչ. խնդիրը սա է

Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար ու ատոմական թղթածրարի ուղղութեամբ բանագնաց Ալի Լարիջանին Խաւիէր Սոլանայի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւրոպական վեցնեակի ներկայացրած առաջարկների փաթեթին պատասխանելու է յուլիսի 12-ին: Լարիջանիի խօսքերի հիման վրայ՝ այդ պատասխանը լինելու է նախնական եւ ոչ ամբողջական պատասխան:Նախապէս Իրանի նախագահ Ահմադինեժադը յայտարարել էր, որ Իրանը վերոյիշեալ փաթեթին պատասխանելու է օգոստոսին, բայց աշխարհի գերպետութիւնների ղեկավարները Իրանի յայտարարած թւականը շատ ուշ համարելով՝ փորձում են դիւանագիտական ու ինչու չէ նաեւ տնտեսական ճնշումներով Իրանին պարտադրել, որ պատասխանը ներկայացնի, նախքան ութնեակի (G8) գագաթաժողովի բացումը, որ յուլիսի 15-ին տեղի է ունենալու Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքում: Դեռ պարզ չէ, թէ ինչ է նշանակում Լարիջանիի յայտարարած «նախնական» պատասխանը եւ արդեօք գոհացնելո՞ւ է աշխարհի մեծ ճարտարարւեստական ութ երկրների նախագահներին թէ ոչ:Իրանի քաղաքական այրերի հակասական, երբեմն նաեւ իրարամերժ յայտարարութիւնները, եւրոպական վեցնեակի առաջարկների փաթեթի բովանդակութիւնը ընդունելու կամ չընդունելու ուղղութեամբ, շփոթի են մատնել համաշխարհային հանրութեանն ու քաղաքական դիտորդներին:Այս շփոթւածութիւնը նաեւ ակնյայտ է Իրանի հասարակութեան մէջ: Նրանով հանդերձ, որ հասարակութիւնն ընդունել է, որ ատոմական խաղաղասիրական աշխատանքները իր ազգային իրաւունքն են, բայց չի կարող նախատեսել, թէ ինչ կը լինի Իրանի յայտարարած պատասխանը եւ արդեօք Իրանը պիտի ընդունի՞ թէ մերժի Եւրոպայի առաջարկած փաթեթը:Ժողովրդի մի մասը այն կարծիքին է, թէ Իրանի ղեկավարները ներկայ տագնապային ժամանակաշրջանից անցնելու նպատակով՝ ընդունելու են Եւրոպայի առաջարկած փաթեթը: Այդ անհատները իրենց լաւատեսութեանն աւելացնում են իրականացած երկու կարեւոր ազդակներ՝ 1 - Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդի հրահանգով կազմւած Միջազգային յարաբերութեան ու ռազմավարական ուսումնասիրութեան խորհուրդը եւ 2 - Տնտեսութեան ոլորտում սեփականաշնորհման քաղաքականութեան գործադրման հրահանգը: Լաւատեսները այս երկու կարեւոր ազդակները մեկնաբանում են որպէս համաշխարհային կարգերին մաս կազմելու Իրանի ղեկավարների ցանկութիւնը:Այս ընթացքում հասարակութեան մի ուրիշ մասը հաւատացած է, որ Եւրոպայի առաջարկած փաթեթին Իրանի պատասխանը բացասական է լինելու եւ դրա պատճառը, նրանց կարծիքով, Իրանի «ժամավատնութեան» քաղաքականութիւնն է: Յիշեալ խաւի դիտանկիւնից՝ եթէ Իրանը մտադիր էր ընդունել Եւրոպայի առաջարկների փաթեթը, ոչ մի կարիք չունէր միջազգային ուժերի տնտեսական ու քաղաքական ճնշումները իր վրայ ընդունելով՝ ցանկանար, որ վերջնական պատասխանը յայտարարի ութնեակի գագաթաժողովից յետոյ:Նմանօրինակ շփոթութիւնը իրարամերժ ու ոչ- թափանցիկ լրատւութեան արդիւնքն է:Այս վերջին օրերում երկու ուրիշ իրադարձութիւններ աւելի են շփոթացրել Իրանի շփոթահար հասարակութեանն ու քաղաքական մասնագէտներին: Առաջինը ԱՄՆ-Ռուսաստան ատոմական համագործակցութեան երկկողմ համաձայնութիւնն է եւ երկրորդը «Նոր Միջին Արեւելք» վաղեմի նախագծի նոր ու արդի դրսեւորումներն է:1990 թւականից ի վեր, երբ Ռուսաստանը որոշեց օգտագործել ատոմակայաններում օգտագործւած վառելանիւթը, ԱՄՆ-ը մերժում էր համագործակցել Ռուսաստանի հետ՝ պահանջելով, որ Ռուսաստանը պիտի կասեցնի Իրանի Բուշեհր քաղաքում ատոմակայանի ստեղծման աշխատանքը: Բայց այս վերջին օրերում լուրեր տարածւեցին, թէ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը համաձայնել է Ռուսաստանի հետ ատոմական ոլորտում համագործակցել: Սա կարելի է մեկնաբանել ԱՄՆ-ի ռազմավարութեան հիմնական փոփոխութիւն, որի խորքում նաեւ կարելի է տեսնել Իրանի ատոմական աշխատանքները՝ որպէս գլխաւոր դրդապատճառ:ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին տնտեսական հսկայ աղբիւրներ տրամադրելով՝ նրա իսկ միջոցով ճնշել Իրանին՝ ատոմական աշխատանքները նւազեցնելու եւ կամ կասեցնելու ուղղութեամբ:Այնպէս որ՝ պարզ է, որ Ռուսաստանը Իրանի ատոմական աշխատանքների շուրջ ծայր առած միջազգային անհամաձայնութեան մթնոլորտից փորձում է միայն տնտեսական, քաղաքական ու ռազմավարական շահեր ապահովել իր օգտին՝ Իրանի ատոմական թղթածրարի լուծման ձեւերը բախտի քմահաճոյքին թողնելով:Երկրորդ իրականացած, բայց անընդունելի իրադարձութիւնը եղաւ ԱՄՆ-ի զինւած ուժերի պարբերականում տպագրւած թոշակառու բանակային Ռալֆ Փիթըրզի յօդւածը, որն իր մէջ պարունակում էր Միջին Արեւելքի նոր գծւած քարտէզը: Տւեալ քարտէզում ակնյայտ էր ցեղային ու ազգային զանազանութեան վրայ հիմնւած աւելի քան վեց նոր երկրներ: Ըստ այդ քարտէզի՝ Իրանից բաժանւել են չորս երկրներ՝ «Ազատ Բալուչեստանը», «Միացեալ Ադրբեջանը», «Մեծ Քուրդստանը» եւ շիա մահմեդական «Արաբստանը»: Այս քարտէզում մեծ կարեւորութին է տրւել Քուրդստանին, որը տարածւած է Թուրքիայի Դիարբեքրից մինչեւ Իրանի Թաւրիզ քաղաքը՝ իր մէջ ունենալով նաեւ հիւսիսային Իրաքն ու Սիրիայի հիւսիսարեւելեան տարածքները: Փիթըրզի հաւաստմամբ՝ Միջին արեւելքում առկայ անարդարութիւնների գլխաւոր պատճառը անկախ Քուրդստանի չգոյութիւնն է: Նա հաւատացած է, որ անկախ Քուրդստանը ամենաամերիկայամէտ երկիրը կը լինի Միջին Արեւելքի տարածաշրջանում: Այս տեսակի քարտէզների առկայութիւնը՝ խեղաթիւրւած սահմաններով, նոր երեւոյթ չէ եւ ամէն անգամ հրապարակ է իջնում հասարակութիւններին շփոթեցնելու նպատակով:Ուրեմն՝ Իրանի ղեկավարները թափանցիկ լրատւութեամբ կարող են իրենց շուրջ համախմբել Իրանում ապրող եւ իրանցի համարւող բոլոր ժողովուրդներին, նրանց միջոցով պահպանել Իրանի հողային ամբողջականութիւնը, ազգային անվտանգութիւնը եւ տնտեսական ու քաղաքական անկախութիւնը:

Ալիքի էջերում....


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը