Sunday, December 02, 2007

Կանաչ թաւշեայ յեղափոխութիւն՝ Պակիստանում

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Պակիստանի պետական հեռուստատեսութիւնը սոյն թւականի նոյ. 3-ին յայտարարեց, որ երկրի նախագահ եւ բանակի գլխաւոր հրամանատար Փարւիզ Մուշառաֆը երկրում արտակարգ կարգավիճակ է յայտարարել: Արտակարգ վիճակը կայացաւ այն ժամանակ, երբ Պակիստանի գերագոյն դատարանը պիտի յայտարարէր իր տեսակէտը՝ հոկտ. 6-ին խորհրդարանում կայացած նախագահական ընտրութիւնների մասին: Տւեալ յայտարարութիւնը կամ պիտի հաստատէր եւ կամ էլ բեկանէր Մուշառաֆի վերընտրութիւնը: Արտակարգ կարգավիճակ հաստատւելով՝ բանակը փակեց դէպի գերագոյն դատարան տանող բոլոր ճամբաները, եւ մի քանի ժամ անց Փարւիզ Մուշառաֆը հեռուստատեսութեամբ յայտարարեց. «Ես երկրում արտակարգ վիճակ հաստատելու որոշումը յայտարարել եմ ոչ-անձնական պատճառներով. դա կայացել է երկրի քաղաքական ինքնասպանութիւնը կասեցնելու նպատակով»: Նա իր խօսքի շարունակութեան ընթացքում ժողովրդից ու արեւմտեան երկրներից պահանջեց, որ ըմբռնումով ընդունեն իրավիճակը:Մուշառաֆը խիստ քննադատելով դատական իշխանութեանը՝ պաշտօնանկ արեց Պակիստանի գերագոյն դատարանի պատասխանատու Էֆթեխար Չուդարիին եւ նրա փոխարէն երկրի գերագոյն դատարանի պատասխանատու նշանակեց իրեն մերձակից Աբդուլհամիդ Դոգերին: Մուշառաֆը նաեւ հրահանգեց ձերբակալել այն ութ դատախազներին, որոնք չէին ընդունել արտակարգ իրավիճակի հրամանը: Ոստիկանութիւնն էլ կառավարութեան աչքառու դէմքերից Օմրան խանին, որը ժողովրդին կոչ էր ուղղել, որ բողոքի ցոյցերով ընդդիմանան արտակարգ կարգավիճակին, պահեց տնային կալանքում: Եւ այսպէս՝ Մուշառաֆը յաջողեց իր ձեռքն առնել իրավիճակի հսկողութիւնը: Նրա յայտարարած արտակարգ վիճակի գլխաւոր դրդապատճառն արդէն բոլորին պարզ է եւ դա նախագահի պաշտօնում իր դիրքերի ամրացումն է: Բայց, նմանօրինակ պետական յեղաշրջումը անընդունելի է քաղաքական կուսակցութիւնների եւ ժողովրդի մեծամասնութեան համար: Ժողովրդական ծաւալուն բողոքի ցոյցերն ու բազմաթիւ երկրների ղեկավարութեան բացասական դիրքորոշումը՝ այս ոչ-ժողովրդավարական արարքի նկատմամբ, ապացուցում են, որ Մուշառաֆը այս ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար՝ պիտի մարտնչի բազմաթիւ խիստ երեւոյթների դէմ:

Ինչո՞ւ արտակարգ կարգավիճակ

Փարւիզ Մուշառաֆի նախագահութեան վերջին օրերը տագնապալից եղան Պակիստանի համար: Այս տագնապը թափ առաւ, երբ երկրում կայացաւ արտակարգ վիճակ: Փարւիզ Մուշառաֆի եւ նախկին վարչապետ Բինազիր Բուտոյի միջեւ կայացած համաձայնութիւնը լուսաւոր ապագայ էր աւետում Պակիստանի ժողովրդին ու քաղաքական կեանքին, բայց Մուշառաֆի ու Գերագոյն դատարանի միջեւ ծագած ուժային պայքարը, որը սկսւել էր մարտ ամսից, բոցավառեց ներքին պատերազմի անթեղւած կրակը եւ երկրում հաստատեց արտակարգ վիճակ:

Այն երկու ազդակները, որոնք պատճառ դարձան, որ Պակիստանում հաստատւի արտակարգ կարգավիճակ, հետեւեալներն են.
1 - Մուշառաֆը հոկտեմբերի 6-ին յաջողեց խորհրդարանի մեծամասնութեան քւէով առաջիկայ հինգ տարւայ համար մնալ նախագահի պաշտօնում: Բայց, Գերագոյն դատարանը, որ պիտի հաստատէր այդ ընտրութիւնը, իր տեսակէտը չյայտարարելով՝ յետաձգեց դա: Այդ ուշացումը Մուշառաֆի մօտ առաջացրեց այն կասկածը, թէ իրեն ընդդիմադիր դատաւորները փորձում են ընտրութեան օրինականութեան հաստատումը յետաձգելով՝ ժամանակ շահել մինչեւ հասնի փետր. 15-ը, երբ օրէնքի համաձայն նախագահը պաշտօնազուրկ կը լինի: Այդ պայմաններում Գերագոյն դատարանը կը բեկանէր հոկտ. 6-ի ընտրութիւնները եւ Մուշառաֆը կը զրկւէր նախագահական ու զինւորական պաշտօններից, որի պատճառով էլ պաշտօնապէս չէր կարողանայ հակառակել Գերագոյն դատարանի հետ: Ուրեմն՝ Մուշառաֆը այս սցենարը նախազգալով՝ երկրում յայտարարեց արտակարգ վիճակ, ձերբակալեց ընդդիմադիր 80 դատաւորներին եւ նրանց տեղը նշանակեց այն դատաւորներին, որոնք հաստատում էին հոկտ. 6-ի ընտրութիւնը:2 - Հիւսիսային սահմաններում իսլամական ծայրայեղականների ու Թալիբանի հովանաւորների ուժեղացումը եւ դրանց զուգահեռ՝ կենտրոնական շրջաններում մահապարտների ակտիւ գործողութիւնները Մուշառաֆի համար պատրւակ դարձան երկրում արտակարգ վիճակ յայտարարելու գործում: Ճիշտ է, որ ահաբեկիչների գործողութիւնը չէր կարող վտանգել Մուշառաֆի իշխանութիւնը, բայց պատճառ դարձաւ, որ Մուշառաֆը անվտանգութիւնը հաստատելու պատրւակով՝ երկրում յայտարարի արտակարգ կարգավիճակ:

Կանաչ թաւշեայ յեղափոխութիւն

Նրանով հանդերձ, որ Մուշառաֆը արտակարգ վիճակ յայտարարելով՝ յաջողեց Գերագոյն դատարանը մաքրագործել իր ընդդիմադիր տարրերից ու ճնշել քաղաքական հակառակորդներին, բայց նաեւ ստեղծեց մի այնպիսի վիճակ, որ խանգարելու է իրեն՝ որպէս վերընտրւած նախագահ: Այն, ինչ որ այս ներքին ու արտաքին քաշքշուկների պատճառով մնացել է աննկատ, դա թաւշեայ յեղափոխութեան հաւանականութիւնն է:Պակիստանի վերջին ամիսների անցուդարձերը քննարկելով՝ յայտնաբերւում են այնպիսի տւեալներ, որոնք ապացուցում են թաւշեայ յեղափոխութեան նախագծի գոյութիւնը:Ներքին ու արտաքին ոլորտում առկայ մի շարք երեւոյթներ բոլորի մօտ բարձրացնում են Բինազիր Բուտոյի միջոցով կատարւող թաւշեայ յեղափոխութեան հաւանականութիւնը: Այդ երեւոյթներն են.

1 - ԱՄՆ-ի կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ջոզէֆ Բայդէնը անդրադառնալով Փարւիզ Մուշառաֆի հրահանգի միջոցով առաջացած քաշքշուկներին՝ յայտարարեց. «Պակիստանի նախագահի արարքը պատճառ դարձաւ, որ Վաշինգտոնը քաղաքականութիւն մշակի ոչ թէ Մուշառաֆի, այլ՝ Պակիստանի ժողովրդի համար: Պակիստանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի յարաբերութիւնները լինելու են ոչ-ռազմական եւ երկարատեւ օգնութիւնների շրջագծում, որի միջոցով Պակիստանի չափաւորական մեծամասնութիւնը կարող է հասնել յաջողութեան»: Անկասկած, այս պատճառով էր, որ Մուշառաֆը իր դիրքերն ապահովելու նպատակով՝ համաձայնեց ԱՄՆ-ի խորհրդի հետ՝ Բինազիր Բուտոյի պարզած օգնութեան ձեռքն ընդունելով: Բուտօն որպէս ազատատենչ դիւանագէտ՝ միակն էր, որ կարող էր առանց արիւնահեղութեան իրականացնել Մուշառաֆի ու Պակիստանում ԱՄՆ-ի հաւանական նպատակները:2 - Մուշառաֆը խանդավառւած հոկտ. 6-ի ընտրութիւններով՝ իրեն տեսնում էր առաջիկայ հինգ տարիների նախագահ, բայց ընտրութիւնների ընթացքը հարցականի տակ տանող ներկայացւած երկու կասկածաւոր գանգատները պատճառ դարձան, որ Գերագոյն դատարանը յետաձգի հոկտ. 6-ի ընտրութեան օրինականութիւնը հաստատող իր յայտարարութիւնը: Ինչո՞ւ ներկայացւեցին այդ գանգատները: Ինչո՞ւ երկարաձգւեց այդ գանգատներին վերահասութիւն տալու գործընթացը: Արդեօք գանգատւողները ունէի՞ն այնքան փաստացի տւեալներ, որոնց վերահասութիւն տալու համար պահանջւում էր երկար ժամանակ: Ըստ որոշ տեղեկութիւնների՝ գանգատները հիմնւած էին Սահմանադրութեան այն կէտի վրայ, որ ասում է, թէ նախագահը չի կարող բանակի հրամանատարութիւնը ստանձնելով՝ մասնակցել նախագահական ընտրութիւններին: Բայց, նաեւ կայ այն վարկածը, թէ Գերագոյն դատարանը մտադիր էր իր յայտարարութիւնը յետաձգելով՝ ժամանակ շահել մինչեւ փետր. 15-ը, երբ Մուշառաֆը ըստ օրէնքի պաշտօնազուրկ կը լինէր: Եւ Մուշառաֆը նախագուշակելով նմանօրինակ թաւշեայ յեղաշրջման սցենարը՝ երկրում յայտարարեց արտակարգ վիճակ ու կախակայեց Սահմանադրութիւնը:3 - Մուշառաֆը Սահմանադրութիւնն առկախելով ու հակառակորդների ձերբակալութեամբ՝ հանդարտութեան հասնող Պակիստանի իրավիճակը փոխարինեց նոր տագնապներով: Դա չէր կարող ընդունելի լինել այն արտաքին ուժերի համար, որոնք Մուշառաֆի ու Բուտոյի միջեւ նախնական հաշտութիւն առաջացնելով՝ աւելի ժողովրդավարական ապագայ էին նախատեսում Պակիստանի համար: Այդ ուղղութեամբ Սպիտակ տունն իր առաջին յայտարարութեամբ յայտարարեց՝ եթէ շարունակւի ներկայ արտակարգ վիճակը, ԱՄՆ-ը կը վերանայի իր յարաբերութիւնները՝ Պակիստանի հետ: Միեւնոյն ժամանակ Դուբայից Պակիստան վերադարձող Բինազիր Բուտօն յայտարարեց՝ եթէ նախագահը շարունակի իր ընթացքը, ժողովուրդը պատրաստ է Ուկրայինայի ժողովրդի նման իր հարցերը լուծել պետութեան հետ:Մուշառաֆի հակառակորդների ու ԱՄՆ-ի կողմից Պակիստանի կառավարութեան դէմ յայտարարւած խիստ ու թափանցիկ դիրքորոշումները ապացուցում են, որ եթէ Մուշառաֆը չհրաժարւի իր միակողմանի քայլերից, ԱՄՆ-ն իր ցանկութիւնից անկախ՝ կը հովանաւորի Մուշառաֆի կառավարութեան ընդդիմադիրներին՝ երկիրը այլ հոսանքների դիմաց ապահով պահելու նպատակով:

ԱՄՆ-ի եւ Իրանի ընդհանուր մտահոգութիւնը

Պակիստանի անկայուն իրավիճակը ինքնին սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Մտահոգութեան գլխաւոր դրդապատճառները ատոմական զէնքերն են:Պակիստանի այսօրւայ ղեկավար այրերը գլխաւորաբար դաստիարակւել են ԱՄՆ-ում եւ Անգլիայում, բայց երբ Արեւմուտքը Պակիստանի ատոմական նկրտումները սանձելու նպատակով՝ սահմանեց լայնածաւալ շրջափակումներ եւ մի կերպ կապերը խզւեցին Արեւմուտքի հետ, այդ պատճառով՝ Պակիստանի զինւորական նոր սերունդը դաստիարակւեց հակաամերիկեան ու ծայրայեղ իսլամական մտածումներով: Նոյն այդ նորահաս զինւորական սերունդն է, որ ընդդիմանում է Մուշառաֆ-ԱՄՆ համագործակցութեանը՝ աւելի թեքւելով դէպի թալիբանիզմ: Հաւանական է, որ այս ընթացքում Պակիստանի ատոմական զինապահեստը անցնի ծայրայեղականների հսկողութեան տակ, որը խիստ մտահոգելու է ԱՄՆ-ին ու Իրանին:Իրանի իշխանութիւնները անգամներ դատապարտել են վահաբի եւ ծայրայեղ սուննի իսլամականներին, դրանց շարքում նաեւ՝ Թալիբանի եւ Բէն Լադէնի ոչ-մարդկային արարքները:Պիտի աւելացնել, որ Իրանի հարաւարեւելեան շրջաններում գոյութիւն ունի մի սուննի-վահաբական անջատողական եւ ահաբեկչական խմբակցութիւն, որը մերթընդմերթ խանգարում է Իրանի կենտրոնական կառավարութեանը: Այս ընթացքում եթէ Պակիստանում իշխանութեան հասնեն ծայրայեղ սուննի մահմեդականները, անկասկած կաւելանան Իրանի հողային ամբողջականութեան դէմ սպառնալիքները՝ այն անջատողական ուժերի միջոցով, որոնք իրենց թիկունքում կունենան ատոմական Պակիստանի հովանաւորութիւնը: Պիտի նշել, որ ԱՄՆ-ի նոր Միջին Արեւելքի ստեղծման նախագծում Իրանի հարաւարեւելքում նախատեսւել է անկախ Բալուչեստանի ստեղծումը:Արդեօք Պակիստանի անկայունութիւնը ուղղւած է ընդդէմ Իրանի՞ թէ՝ իրօք, ԱՄՆ-ն կորցնում է իր միջինարեւելեան դաշնակիցներին, ինչպէս որ կորցնում է Թուրքիայում եւ Վրաստանում:


Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 9 համարում
նաեւ
Թեհրանի
Ալիք օրաթերթում Դեկ. 2 , 2007 եւ Դեկ. 3 , 2007 -ին

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը