Ինչպէս բոլորիս յայտնի է, Ամերիկայի Միացեալ Նահանգների ղեկավարութիւնը Միջին Արեւելքի տարածաշրջանում իր ներկայութիւնն ու գերակայութիւնն ամրապնդելու նպատակով՝ կիրառեց մի նոր գործելաոճ, որը պաշտպանում էր ժողովրդավարութեան տարածումը Միջին Արեւելքի երկրներում, որի արդիւնքում պիտի ստեղծւէր «Մեծ Միջին Արեւելք»-ը՝ նոյնինքն ԱՄՆ-ի միջոցով:Այդ քաղաքականութեան հիման վրայ ԱՄՆ-ն մեծ դրամագլուխ յատկացրեց Միջին Արեւելքի երկրներում գործող ընդդիմութիւններին՝ տւեալ կառավարութիւններին ճնշելու նպատակով: Այս բոլորի ընթացքում ԱՄՆ-ն ամենօրեայ կարգով ուղղակի սպառնում էր մասնաւորապէս Միջին Արեւելքի արաբական եւ Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, թէ եթէ չբարեկարգեն իրենց իշխանութեան համակարգը, չընդունելով ամերիկեան արտադրած ժողովրդավարութիւնը, կը տապալւի իրենց իշխանութիւնը: Արաբական երկրներին վախեցնելու համար՝ ցուցադրւում էր ԱՊՀ-ի երկրներում՝ Վրաստանում եւ Ուկրայինայում իրագործւած գունաւոր յեղափոխութիւնների արդիւնքը: Այդ իսկ պատճառով՝ արաբական երկրները մեծամասնաբար հաւանութիւն տւեցին ԱՄՆ-ի հետ համագործակցելուն՝ խորքում իմանալով, որ Ամերիկայի ճնշումներն ունեն տնտեսական հիմք, ոչ թէ՝ տարածաշրջանում ժողովրդավարութեան չգոյութիւնը: Տնտեսական դրդապատճառներին զուգահեռ՝ նաեւ կար Իրանի դէմ արաբական երկրների համախմբումը, որին շատ կարիք ունի ԱՄՆ-ն:Միջին Արեւելքում ժողովրդավարութեան տարածման գաղափարն ու ազատ շուկայի ստեղծումը նոյն այդ երկրներում բխում է Արեւմուտքի էներգետիկ աղբիւրների ապահովման ու անվտանգութեան մտահոգութիւնից: Քանի որ Միջին Արեւելքը իր մէջ ունի պատերազմի բոլոր դրդապատճառները՝ ԱՄՆ-ն փորձեց ժողովրդավարութեան գաղափարի պարտադրումով ու տնտեսական փոխկապւածութեան միջոցով, որը կարելի էր առաջացնել նոյն այդ ազատ շուկայի ստեղծման գաղափարով, ապահովել Միջին Արեւելքի էներգիայի անվտանգ հոսքը՝ դէպի Արեւմուտք:Բայց վերջին մէկ տարւայ ընթացքում իրականացւած որոշ իրողութիւնները փաստում են հետեւեալ երկու իրականութիւնները՝ 1- Տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնահերթութիւնների յստակ փոփոխութիւն, 2- ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան նւազում՝ միջազգային յարաբերութիւնների մէջ:Առաջնահերթութիւնների փոփոխութիւնԵթէ յիշէք, երբ 2003 թւականին Լիբիան ԱՄՆ-ին յանձնեց իր ատոմական կայանները եւ հրաժարւեց ատոմական գերուժ դառնալու նպատակից, ԱՄՆ-ն անդադար յայտարարում էր, թէ Միջին Արեւելքի եւ մասնաւորապէս Իրանի իշխանութիւնների համար պիտի օրինակ հանդիսանայ Լիբիայի արարքը: Մի խօսքով՝ ԱՄՆ-ի ցանկութիւններին յանձնւելը պիտի լինէր այդ երկրների առաջնահերթութիւնները: Իրականութեան մէջ, այդպէս չեղաւ նամանաւանդ Իրանի գծով: Ոչ միայն Իրանում, այլ տարածաշրջանի միւս երկրներում առաջացան հակաամերիկեան տրամադրութիւններ: Իրաքում յաղթեցին շիա մահմեդականները, Պաղեստինում գործի գլուխ անցաւ «Համմաս» խմբակցութիւնը եւ Եգիպտոսում զարգացաւ «Էխւան ալ մոսլեմին»՝ Իսլամական եղբայրութեան կուսակցութեան դերակատարութիւնը: Այդ դէպքերից յետոյ պարզ յայտնի է ԱՄՆ-ի առաջնահերթութիւնների յստակ փոփոխութիւնը: Այդ իրողութեանը որպէս օրինակ՝ կարող ենք նշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որի ընտրութիւնը որպէս նախագահ՝ համաշխարհային հանրութեան կողմից համարւում էր ոչ-ժողովրդավարական ընտրութիւն, ԱՄՆ հրաւիրելը եւ Կ. Ռայսի կողմից արտայայտւած այն յայտարարութիւնը, որ այլեւս Լիբիայի իշխանութիւնը դուրս է գալիս Ամերիկայի կողմից որպէս ահաբեկիչ ճանաչւած երկրների ցանկից:Այս երկու իրադարձութեան ընթացքում երբեք չխօսւեց ազատութեան, ժողովրդավարութեան, արդարութեան, խօսքի ու մամուլի ազատութեան մասին եւ դա պարզ օրինակն է, թէ ԱՄՆ-ն փոփոխութեան է ենթարկել իր միջինարեւելեան առաջնահերթութիւններն ու ժողովրդավարութեան գաղափարների տարածման իդէալիստական նպատակներից անցել է անվտանգութեան ապահովման եւ շահերի պահպանութեան գործնապաշտ գաղափարի՝ ընդունելով Միջին Արեւելքում գոյութիւն ունեցող քաղաքական բազմազանութիւնը:Արտաքին քաղաքականութեան նւազումԱՄՆ-ն Երկրորդ աշխարհամարտից ու Վիետնամի պատերազմից եւ վերջին շրջանում Աֆղանստանի ու Իրաքի պատերազմներից յետոյ իր շուրջ համախմբեց մի շարք երկրների, որոնք պաշտպանում էին ԱՄՆ-ի միջազգային քաղաքականութիւնն ու առերեւոյթ Ամերիկայի հեգեմոնիան՝ գերիշխանութիւնը՝ յոյս ունենալով, որ իրենք եւս բաժին կը ստանան ամերիկեան կարկանդակից:Բայց վերջին շրջանում Ամերիկայի առաջնահերթութիւնների փոփոխութեան բերումով՝ կարծես թէ նւազել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան դերակատարութիւնը:Թուրքիայի հետ յարաբերութիւնների սառեցումը, Պաղեստինում «Համմաս»-ի գործի գլուխ գալը, Ուզբեկստանում ամերիկեան գունաւոր յեղափոխութեան տապալումը, Վրաստանում գունաւոր յեղափոխութիւնից յետոյ տնտեսական տագնապը, նարնջագոյն Ուկրայինայում ռուռամէտ հոսանքի յաղթանակը՝ խորհրդարանական ընտրութիւններում, Իրաքում շիաների յաղթանակը, Իսպանիայի, Լեհաստանի, արեւելեան Եւրոպայի սոցիալիստ ու հակաամերիկեան կուսակցութիւնների յաղթանակը, Թայլանդի վարչապետ Տակսին Շինաւատրայի հրաժարականը՝ հակաամերիկեան ժողովրդական ցոյցերից յետոյ, Նեպալի դիկտատոր Գիանենդրայի դիրքերի սասանումն ու վերջերս Իտալիայում Սիլւիօ Բեռլուսկոնիի պարտութիւնը, որից յետոյ իշխանութեան գլուխ անցաւ Սոցիալիստ կուսակցութեան ղեկավար Պրոդին ու երկրի նախագահը դարձաւ 82-ամեայ մի կոմունիստ, գալիս են փաստելու այն իրականութիւնը, որ ԱՄՆ-ն միջազգային ոլորտում կորցնում է իր գործակատար վարձկաններին եւ այդ իսկ պատճառով՝ նւազում է իր արտաքին քաղաքականութեան գործունակութիւնը: Այս շրջագծում պիտի վերլուծել Իրանի ատոմական էներգիայի նախագծի եւ դրան զուգահեռ՝ Ռուսաստանի ու Չինաստանի դերակատարութիւնը՝ տարածաշրջանի ու միջազգային յարաբերութիւնների մէջ, որոնք փորձում են տարածաշրջան ներխուժած ԱՄՆ-ին հեռացնել այն շրջաններից, որոնց գլխաւոր դերակատարը եղել են իրենք՝ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը:
Wednesday, June 07, 2006
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան նւազումն ու առաջնահերթութիւնների փոփոխութիւնը
Wednesday, June 07, 2006
Artin Arakelian
1 Պատգամ:
What a great site, how do you build such a cool site, its excellent.
»
Post a Comment