Tuesday, February 21, 2006

Մուհամմադ մարգարէի ծաղրանկարներն ու հայկական խաչքարերը

Բոլորս ականատես եղանք, թէ ինչպէս եւրոպական թերթերը անարգելով մուսուլմանների մարգարէ Մուհամմադին՝ բորբոքեցին աւելի քան մէկ միլիարդ մուսուլմանների կրքերը: Անկախ նրանից, թէ այդ ծաղրանկարները ինչ նպատակ էին հետապնդում ու Արեւմուտքի քաղաքական խմբաւորումները ինչ շահեր էին փնտրում այդ ծաղրանկարների միջոցով, նաեւ պիտի խոստովանել, որ Իսլամ աշխարհը իր կտրուկ ու յստակ պատասխանը տւեց Եւրոպայի այդ արարքին: Այս ընթացքում արեւմտեան մի շարք քաղաքական գործիչներ դանիական ու այլ եւրոպական թերթերի կատարած գործը մեկնաբանեցին խօսքի ազատութեան լոյսի տակ, բայց երբ հանդիպեցին Իրանի «Համշահրի» օրաթերթի առաջարկին, թէ եթէ Արեւմուտքում կայ խօսքի ու մտքի ազատութիւն, ուրեմն՝ կարող ենք խօսել նաեւ Հրէական հոլոկոստի մասին ու դա քննութեան առարկայ դարձնել, տեղի տւեցին ու չհամոզւեցին դա կատարել: Այդ ձեւով նրանք ապացուցեցին, որ ինչ է նշանակում «խօսքի ազատութիւն»:Երբ Եւրոպան Իսլամ աշխարհին յայտնեց, թէ «խօսքի ազատութիւն» նշանակում է այն, ինչ ցանկանում է ինքը եւ պատրաստ չէ անգամ դատապարտել խնդրայարոյց թերթերի արարքը, հանդիպեց Իսլամ աշխարհի խիստ պատասխաններին, որը մինչեւ այսօր շարունակւում է իսլամական երկրներում:Բժշկական ոլորտում երբ ցանկանում են ստուգել մարմնի որեւէ հատւածի առողջական վիճակը, հարւածում են տւեալ օրգանի ներւերին. եթէ այդ մասը հակազդեցութիւն է ցոյց տալիս, պարզւում է, որ դեռ առողջ է. հակառակ դէպքում՝ մի քանի փորձից յետոյ յայտարարում են, թէ մարմնի այդ հատւածը ողջ չէ:Այս ձեւը նաեւ կարելի է կիրառել հասարակագիտութեան մէջ: Երբ հասարակութիւնը հակազդեցութիւն է ցուցաբերում իր զգացական բաժնի վրայ հասած որեւէ հարւածի նկատմամբ, պարզւում է, որ այդ հասարակութիւնը ողջ է ու պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Այս կանոնի լոյսի տակ Իսլամ աշխարհը լաւագոյնս ապացուցեց, որ արթուն է եւ պատրաստ է պաշտպանել իր հաւատալիքները: Թերեւս շատերը ասեն, թէ այդ ծաղրանկարները ծառայում էին նոյն այդ նպատակներին, որ Իսլամ աշխարհին բողոքի ցոյցերի մղելով՝ պատճառ դառնային, որ Եւրոպան աւելի շատ մօտենար Ամերիկային, աւելի ներքաշւելով Իսլամ աշխարհի դէմ մշակւած ամերիկեան նախագծի մէջ: Բայց ինչ որ էր, հարւածը հասել էր ներւերին, որը, իմ կարծիքով, ստացաւ իր համապատասխան հակահարւածը:Նոյն այդ ընթացքում եւ մի այլ կերպ հայ ժողովուրդը եւ մասնաւորապէս իրանահայութիւնը եւս ստացաւ մի ցաւալի հարւած՝ Հին Ջուղայում մեր նախնիների շիրիմները սրբապղծւելով՝ հազարաւոր հայկական խաչքարեր ոչնչացան:Եկէք սկզբում նշւած բժշկական ու հասարակագիտական կանոնների հէնքի վրայ հարցը փոխադրենք բարոյագիտական դաշտ եւ քննարկենք այս երեւոյթը այդ դիտանկիւնից եւս: Մի խումբ ադրբեջանցի վարձկաններ փշրեցին մեր հայրերի ձեռքով ստեղծւած խաչքարերն ու սրբապղծեցին նրանց շիրիմները: Լուրը հասել է մեր հայրենակիցներին ու պատասխանատու մարմիններին. նրանք եւս իրենց հերթին բողոքել են միջազգային պատասխանատու կազմակերպութիւններին, որի հետեւանքով մի քանի շրջանակներ դատապարտեցին այդ վայրագութիւնները՝ ի բացառութիւն Հռոմի պապի, որը կարծես թէ անգամ այդ խաչքարերը քրիստոնէական չի համարում: Յետոյ տարբեր թերթերում մի քանի յօդւածներ տպագրւեցին ու կարծես թէ հարցը այսպիսով հասաւ իր աւարտին: Եւ այսպէս՝ ոչ մի բողոքի ցոյց չկազմակերպւեց համայն Սփիւռքում. գոնէ մէկ անգամ աշխարհում ցոյց լինէր Ադրբեջանի դեսպանատան շէնքերի առջեւ, բայց նման բան տեղի չունեցաւ: Ինչո՞ւ այդպէս եղաւ: Պատասխանը թողնում եմ ձեզ՝ խուսափելու համար միակողմանի ու անձնական որեւէ պատճառ փնտրելուց՝ իմանալով, որ այդ հարցի վերաբերեալ պատասխաններն ու պատճառները մէկից աւելին են:


2 Պատգամ:

Anonymous said...

Ես կարում եմ կարդալ քո բլոգը, բայց չեմ կարում կարդալ alikonline–ի հղումները։
օրինակ
http://www.alikonline.com/files/2006/feb/21/21E01.htm

չի կարդացվում

Anonymous said...

Հարգելի ընկեր,

Հույսով եմ որ շատ րեմ ուշացել եւ դեռ հնարավորություն ունեմ օգնել ձեզ, ձեր հարցի հետ։

Առաջին հերթին պետք է ստուգեք, թե արդյոք ունեք Arial Armenian ռառատեսակը։ Եթե չունեք, ապա կարող եք ձերք բերել գնալով http://www.armsite.com/software/ եւ ներքաշելով հետեւյալ ֆայլը http://www.armsite.com/software/fonts/arialarmenian.zip ։ Ըստ երեւույթի, ալիք օրաթերթի կայք էջը չի օգտագործում Unicode տեսակը հետեւաբար պետք է օգտվեք x-user-defined (որը նշանակում է, ընտրեք ըստ ձեր ցանկության) տեսակը։ Հավելյալ նութեր կարող եք կարդալ գնալով հետեւյալ կայքրեը։

Հայկական Յունիքոդ – http://www.armunicode.org/en/

Հայկական Ազգային Լեզվի Օժանդակություն – http://www.freenet.am/armnls/

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը