Friday, August 26, 2011

«Մենք չենք ցանկանում, որ «Իսլամական Հանրապետությունը» սահմանափակվի միայն Իրանով». Այաթոլլահ Շահրուդի


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի դատական իշխանության նախկին ղեկավար Այաթոլլահ Հաշեմի Շահրուդին, Իրանի խորհրդարանի «Իսլամական արթնություն» խմբակցության անդամների հետ հանդիպման ընթացքում, գնահատելով նմանօրինակ խմբակցության կյանքի կոչելու փաստը, հայտարարել է. «Իսլամական արթնությանը լուրջ կարևորություն ցուցաբերելն իսլամական համակարգի քաղաքական նպատակներից է եղել:

Իսլամի վերականգնումն աշխարհում, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի գլխավոր նպատակներից է եղել, ու այսօր մեր համակարգի առաջնահերթ խնդիրներից է համարվում:

Նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումներն՝ այսօր մենք այլևս չենք ցանկանում, որ «Իսլամական Հանրապետություն» հասկացությունը սահմանափակվի միայն Իրանով, այլ՝ փորձում ենք իսլամը վերականգնել ամբողջ աշխարհում:

Այսօր տարածաշրջանում Արևմուտքը փորձում է իսլամական մրցակից ստեղծել Իրանի համար, ու դա Թուրքիան է, որը լիբերալ իսլամականության ներկայացուցիչն է համարվում: Ես Իրանի ԱԳ նախարարության սահմանափակումներից տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ մեր արտաքին քաղաքականությունը, թուրքերի համեմատ, ավելի թույլ ու կրավորական է տարածաշրջանում: Սակայն, օրինակ, Եգիպտոսի ժողովուրդը, որ դրական մոտեցումներ ունի Իրանի հանդեպ, լավ տրամադրված չէ Թուրքիայի հանդեպ, ու դա պատմական դրդապատճառներ ունի՝ կապված Օսմանյան թագավորության ժամանակաշրջանի հետ: 

Վերջին շրջանում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն, երբ խոսեց օսմանականության վերակենդանացման մասին, Եգիպտոսի ժողովուրդն ավելի հեռացավ Թուրքիայից:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը