Thursday, March 03, 2011

Իրարամերժ հայտարարություններ` Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների ձերբակալության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբիի խոսնակ Մոջթաբա Վահեդին հայտարարել էր, որ Մեհդի Քարուբին և Միր Հուսեյն Մուսավին օրեր առաջ ձերբակալվել ու փոխադրվել են Թեհրանի «Հեշմաթիե» բանտ: 

Այդ կապակցությամբ մարտի 2-ին Իրանի գլխավոր դատախազ Ղոլամ Հուսեյն Մոհսենի Էժեին իրանական ISNA գործակալությանը հայտնել է, թե հիշյալ առաջնորդները ո՛չ բանտարկված են, ո՛չ էլ սահմանափակումներ են սահմանվել նրանց հարաբերությունների համար:

Էժեիի սույն հայտարարությանն արձագանքել են Քարուբիի ու Մուսավիի որդիները: Նրանք իրանական Kaleme լրատվական կայքին հայտնել են, որ իրենց ծնողները տանը չեն գտնվում, և հարևաններն անգամ ականատես են եղել նրանց ձերբակալությանը:

Հատկանշական է, որ 12 տարի առաջ Իրանում մտավորականների և այլախոհների զանգվածային սպանությունների գործում էլ Իրանի իշխանությունները հերքում էին իրենց դերակատարությունը՝ դրանք վերագրելով մի շարք ինքնագլուխ անհատների ինքնագործունեությանը, բայց այդ ժամանակ գործող նախագահ Խաթամիի ջանքերով, ի վերջո, Իրանի հետախուզական նախարարությունը հանձն առավ հիշյալ սպանությունները, և այդ սպանությունների հավանական հեղինակ Սայիդ Էմամին էլ բանտում ինքնասպանություն գործեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը