Friday, March 18, 2011

Իրանի նախագահի կողմնակիցները հրապարակավ քննադատեցին Այաթոլլահ Խամենեիի կողմնակից հոգևորականներին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահի Մաշաիի ճամբարին պատկանող Bakeri NewsMahramane News և Dolatyar լրատվական կայքերը համատեղ հայտարարությամբ քննադատել են Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի վստահված ու իշխանության պահպանողական ճամբարի հանրահայտ 6 հոգևորականներին:

Հիշյալ կայքերի մատուցմամբ, Ահմադ Ջանաթին, Մուհամադ Թաղի Մեսբահ Եազդին, Ահմադ Ալամոլհոդան, Նասեր Մաքարեմ Շիրազին, Մուհամադ Եազդին ու Ահմադ Խաթամին այն հոգևորականներն են, որոնք շիաների փրկիչ Իմամ Մեհդիի գալստյան օրերին պայքարելու են փրկիչի դեմ:

Վերոհիշյալ կայքերը, իրենց հայտարարության մեջ այդ հոգևորականներին խմբված «պառավներ» անվանելով, նշել են. «Ոչ ոք իրավունք չունի նրանց մեծության ու անցյալի պատճառով չքննադատել նրանց այն սխալները, որոնք կվնասեն իսլամական հեղափոխությանը»:

Հատկանշական է, որ նախագահի կողմնակիցների կայքերը, հիշյալ հոգևորականների սխալները նշելով, առհասարակ անդրադարձել են հոգևորականների սուր քննադատություններին, որոնք ուղղված են եղել նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի դեմ:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», նույն կայքերը օրեր առաջ հրապարակավ քննադատել էին Իրանի պահակազորի հրամանատարներից Ալի Ֆազլիին՝ նրան երկրի դավադիրների հետ համագործակցելու մեջ մեղադրելով:

Ակնհայտ է, որ վերջին շրջանում Ահմադինեժադի և Այաթոլլահ Խամենեիի միջև անհամաձայնությունները շատացել են, և հիմա ականատես ենք լինում, թե նախագահի կողմնակիցները ինչ սրությամբ են քննադատում Խամենեիի կողմնակիցներին:

Դրանց գլխավոր պատճառը կարելի համարել խորհրդարանական ու դրան հաջորդելիք նախագահական ընտրությունները. Իրանի բարձրաստիճան հոգևորականներն ու քաղաքական գործիչները փորձում են ամեն գնով փակել Ռահիմ Մաշայիի ճանապարհը դեպի նախագահական նստավայր:

Կարելի է իբրև ապացույց ընդունել պահպանողականների վերջին շրջանի հայտարարությունները. «Ապագայում դավադրություններ կատարելու են ոչ թե ռեֆորմիստները, այլ Ահմադինեժադի կողմնակիցները»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը