Monday, February 21, 2011

«Իրանի դատական իշխանության ղեկավարը ռեֆորմիստ առաջնորդներին դատելու իրավասություն չունի»

Իրանի ռեֆորմիստական շարժման գլխավոր կուսակցությունը համարվող «Մոշարեքաթ»-ի նախկին նախագահ և Իրանի խորհրդարանի 6-րդ նստաշրջանի փոխնախագահ Մուհամադ Ռեզա Խաթամին բաց նամակ է ուղղել Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանիին: 

«Մոշարեքաթ» կուսակցությանը պատկանող Norooz լրատվական կայքը հրապարակել է հիշյալ նամակը:

Մուհամադ Ռեզա Խաթամին Սադեղ Լարիջանիին ուղղած բաց նամակում հայտարարել է. «Այս նամակի հրապարակման շարժառիթը ձեր որդեգրած անարդար դիրքորոշումն է Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների նկատմամբ: Թույլ տվեք հարցնել՝ դուք ի՞նչ իրավունքով եք ձեր տեսակետը հայտնում մի խնդրի շուրջ, որը դեռ դատարանում չի քննարկվել: Դուք այդ գործով, օրենքի համաձայն, այլևս իրավասություն չունեք վճիռ ներկայացնել Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների նկատմամբ: Անկախ այս իրավական խնդիրներից, Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բաց դատարանում ներկայանալ և պաշտպանվել իրենց դեմ ուղղված մեղադրանքներից: Ուստի լավ կլինի այդ դատը շուտափույթ կերպով իրականացնել և վերջ տալ նմանօրինակ անհարգալից վերաբերմունքին»:

Հարկ է նշել, որ Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանին փետրվարի 14-ի ժողովրդական ցույցերից հետո հրապարակավ հայտարարել էր. «Դատական իշխանությունը հետևելու է դավադիրներին (ռեֆորմիստներին) և թույլ չի տալու, որ նրանք իրենց անգիտության ու անճարության հետևանքով, դիմելով թշնամիների ԶԼՄ-ներին, իրենց հերոս ներկայացնեն»:

Նշենք, որ Իրանի դատական օրենսգրքի համաձայն, դատավորները իրավունք չունեն մինչև դատի ավարտը տեսակետ հայտնել մեղավորների մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը