Tuesday, February 08, 2011

Իրանն ու Թուրքիան 30 միլիարդ դոլարին համարժեք տնտեսական նոր պայմանագիր են ստորագրել

Ինչպես հաղորդում է Իրանի նախագահի լրատվական կայքը, փետրվարի 6-ին՝ երկկողմ տնտեսական հանձնաժողովի 22-րդ նիստի ավարտին, Իրանը և Թուրքիան նոր տնտեսական համագործակցության պայմանագիր են ստորագրել, որի արժեքը գնահատվում է մոտ 30 միլիարդ դոլար:

Երկու երկրները համաձայնության են եկել ծավալել երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրական, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, հողագործության, սահմանային համագործակցության, բնապահպանության, զբոսաշրջության, մշակությային ու բժշկական ոլորտներում:

Կայքի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին նիստի ավարտին ունեցած իր ելույթի ընթացքում, Իրանն ու Թուրքիան միմյանց փոխլրացնող երկրներ հայտարարելով, առաջիկա 5 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը 30 միլիարդ դոլարի սահմանին հասցնելը անհավանական չի համարել: Սալեհին նաև ավելացրել է. «Այն, որ իսլամական երկրների գիտական ուսումնասիրությունների 50%-ը արվում են Իրանում և Թուրքիայում, ապացուցում է, որ երկու երկրները կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում: Մենք պետք է ստեղծենք այնպիսի մի միություն, որը համապատասխան լինի երկու երկրների ազգային շահերի հետ»։

CNN հեռուստաալիքը, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի միջև կնքված նոր պայմանագրին, հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նույն օրը հանդիպել է տարածաշրջանային մի այլ՝ ԱՄՆ-ին ընդդիմադիր երկրի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հանդիպման ընթացքում նրանք կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացում:

Փորձագետների համոզմամբ, Իրանը փորձում է «վեցյակի» հետ ունեցած անհաջող բանակցություններից հետո ինչ-որ կերպ կաշառել ԱՄՆ-ի դաշնակից համարվող Թուրքիային և, նրա հետ կապերը խորացնելով, ամրապնդել Իրանի դերը տարածաշրջանում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը