Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», հունվարի 13-ին Իրանի կողմից Աֆղանստանի սահմանը փակելու և վառելանյութի մուտքն արգելելու փաստի դեմ բողոքի նպատակով մի շարք աֆղանցիներ ցույց էին կազմակերպել Աֆղանստանում Իրանի դեսպանատան շենքի առջև, որտեղ նաև այրել էին Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի լուսանկարները:
Իրանական «IRNA» գործակալության հաղորդմամբ, Աֆղանստանում Իրանի դեսպան Ֆադահուսեյն Մալեքին Աֆղանստանի իշխանություններից պահաջել է, որ ձերբակալեն Քաբուլում Իրանի դեսպանատան առջև կայացած ցույցերի կազմակերպիչներին:
«IRNA» գործակալության հետ ունեցած զրույցի ընթացքում Մալեքին հայտարարել է. «Եթե Աֆղանստանի իշխանությունները չգտնեն ու չձերբակալեն Իրանի դեսպանատան առջև ցույցերի կազմակերպիչներին, հնարավոր է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Աֆղանստան տանող վառելանյութի ճանապարհը փակելու և ուրիշ այլ հարցերում լուրջ վերանայումներ կատարի»։
Նշենք, որ Իրանում ավելի քան 3 միլիոն աֆղանցի է ապրում, որոնց մեծ մասը զբաղվում է բանվորությամբ:
Աֆղանստանում Իրանի դեսպանը նաև հերքեց այն, որ Իրանը, դեպի Աֆղանստան տանող փոխանցիկ ճանապարհը փակելով, խախտում է վառելանյութի ներմուծումը Աֆղանստան: Դեսպանի ասելով, օրական Իրան-Աֆղանստան երեք սահմանակետերից ավելի քան 5.1 միլիոն լիտր վառելանյութ է ներմուծվում Աֆղանստան:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Իրանում ապրող աֆղանցիները իրենց կեցության հարցի շուրջ լուրջ դժվարությունների են հանդիպել: Իրանի իշխանությունը մեծ թվով աֆղանցիների ձերբակալելով՝ վերադարձրեց իրենց երկիր, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ թե՛ Իրանում և թե՛ Աֆղանստանում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Friday, January 14, 2011
Artin Arakelian






0 Պատգամ:
Post a Comment