Saturday, May 16, 2009

Իրանը, նախագահական ընտրությունների սեմին

Արթին Առաքելյան

Հունիսի 12-ին Իրանում կայանալու է նախագահական ընտրություններ, եւ թեկնածուները միմյանց հետ մրցելու են նախագահի պաշտօնը զբաղեցնելու համար: Այդ ուղղությամբ արդեն գրանցվել են նախագահական աթոռին ձգտող թեկնածուները, որոնք Իրանի սահմանադրության պահապան խորհրդի հաստատումից հետո, սկսելու են իրենց պաշտոնական քարոզարշավները: Անկախ այս բոլորից, Իրանի նախագահական ընտրությունների 10-րդ շրջանում ներկա են չորս կարեւոր թեկնածուներ եւ մեծ հավանականությամբ հիմնական մրցակցությունը նրանց մեջ տեղի կունենա:
Այդ թեկնածուներն են. 1- երկրի գործող նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադը (պահմանողական), 2- համակարգի նպատակահարմարությունը ճշտող խորհրդի քարտուղար ու Իսլամական Հեղափոխության պահակազորի նախկին հրամանատար՝ Մոհսեն Ռեսային (պահպանողական), 3- Իրանի վերջին վարչապետ՝ Միրհոսեյն Մուսավին (անկախ) եւ 4- Իրանի Իսլամական Խորհրդարանի երրորդ եւ վեցերորդ նստաշրջանների նախագահ ու «Ազգային Վստահություն» կուսակցության առաջնորդ՝ Մեհդի Քյարուբբին (բարեկարգչական) :

Մահմուդ Ահմադինեժադ

Այս շրջանի նախագահական ընտրությունները մի քանի պատճառով, գնահատվում է որպես Իրանի Իսլամական Հանրապետության կարեւորագույն ընտրություններից: Նախ այն պատճառով, որ Իսլամական Հեղափոխությունից հետո ծնված երրորդ սերունդը, քվեարկելու հնրարավորություն ունի: Երրորդ սերունդը, նախորդ սերունդներից, տարբերվում է այն հարցերով, որ նրանց պահանջները հիմնական եւ կտրուկ տարբերություն ունի նախորդ սերունդների պահանջներից, ու դրանց շարքում կարեւլի է թվարկել քաղաքացիական ու հասարակական լայն ազատությունները, տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծումն ու մարդու իրավունքները: Նախորդ սերունդները առհասարակ երկրի դժվարին իրավիճակին ըմբռնումով էին մոտենում: Առաջին սերունդի համար Իսլամական Հեղափոխության հաստատումը եւ դրանից հետո Իրան-Իրաք պատերազմի ժամանակահատվածում, երկրի կայունությունն ու հողային ամբողջականությունն էր մտահոգում եւ բնականաբար նրանք երկրի դժվարություններն այլ հայեացքով էին վերլուծում: Երկրորդ սերունդն էլ հետ-պատերամական ու երկրի կառուցման ժամանակահատվածում հասունացավ եւ քաջ գիտեր, որ պատերազմից հետո պիտի երկիրը կառուցել եւ բնականաբար դժվարությունները դիմադրել ու համբերել:
Բայց եւ ահա, երրորդ սերունդը հասունացել է այն ժամանակահատվածում, երբ Իրանը, Իսլամական Հեղափոխությունից ու պատերազմից հետո, կայացած ու կառուցված երկիր է դարձել, եւ բնական է, որ այս սերունդի պահանջները կտրականապես տարբերվում է իր նախոր սերունդներից: Այս բոլորին պիտի ավելացնել այն, որ ներկա նախագահի ու նրա կառավարության պաշտոնավարման ժամանակահատվածում, նավթի գների կտրուկ աճի հետեւանքով, երկրիը հսկայածավալ գումարներ է վաստակել, որոնցից եւ ժողովրդին ու հասարակության միջին ու ցածր խավերին բաժին չի հասել, այլ հակառակը, բարձրացել է աշխատազուրկների թվաքանակը, բազմաթիվ ձեռնարկություններ սննանկացել են, որի գլխավոր պատճառը, ոչ միայն միջազգային տնտեսական ճգնաժամն է, այլ կառավարության որդեգրած սխալ քաղաքականությունները: Երկրի արդյունաբերությունը կտրուկ ձեւով նվազել է, եւ հակառակը, զարգացել է ներմուծումների մակարդակը: Երրորդ սերունդն այս իրավիճակի ներքո է, որ պիտի քվեարկի եւ իր ունեցած քվեների միջոցով ընտրի այն անհատին, որը նպատակ ունի երկիրը այս իրավիճակից փրկել:
Պիտի ասել, որ այս դժվարություններին հաղթահարելը, ոչ միայն երրորդ սերունդի ցանկությունն է, այլ նաեւ այն թեկնածուների, որոնք մրցելու են գործող նախագահ՝ Մահումդ Ահմադինեժադի հետ: Նախագահ Ահմադինեժադն ու նրա կողմնակիցները համոզված են, որ ներկա պայմաններում երկիրը դրական առաջընթաց է ապրում եւ այդ առաջընթացն ապահովելու նպատակով պիտի հաղթել նախագահական ընտրություններում: Բայց մնացորդ թեկնածուները, միաձայնությամբ, հայտարարում են, թե երկիրը վտանգավոր կետի է հասել ու եթե կտրուկ փոփոխություններ տեղի չունենա երկիրը անդունդի եզրին է հայտնվելու:

Մոհսեն Ռեզայի

Աջ պահպանողականները, ընտրությունների այս շրջանում մի ընդհանուր հայտարարի չհասան եւ այդ իսկ պատճառով պահպանողականների ճամբարը բաժանվեց երկուսի՝ Ահմադինեժադի ու Մոհսեն Ռեզայի
ի հովանավորների: Պիտի ավելացնել, որ պահպանողականների այն ճամբարը, որը դեմ էր Ահմադինեժադի հետ, նաեւ բաժանվեց երկու մասի, առաջինը հովանավորեց նախկին Վարչապետ՝ Միրհոսեյն Մուսավիի թեկնածությունը եւ երկրորդ մասը, որոնք ոչ Ահմադինեժադի եւ ոչ էլ Մուսավիի մտքերն էին հաստատում, առաջադրեցին Մոհսեն Ռեզայիի թեկնածությունը:
Մոհսեն Ռազին, իր ասությամբ, համաձայն է նախագահ Ահմադինեժադի գործունեության հետ, բայց կառավարության կազմում առկա են բազմաթիվ թերություններ, որոնք պիտի կարգավորվեն: Ռեզային, առողջապահությունն ու համացանցի օգտագործման հնարավորությունների տարածումը դարձրել է իր քարոզչության գլխավոր առանցքները: Նա նաեւ հայտարարել է, թե նախագահ ընտրվելուց հետո, տարածաշրջանային հարցերով համագործակցելու է ԱՄՆ-ի հետ: Ռեզայիի կարծիքով, «այսօր ԱՄՆ-ում մեծ փոփոխություններ է տեղի ունենում եւ նպատակահարմար չէ, որ Իրանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման խնդրում սպասի ԱՄՆ-ի քայլերին, այլ մենք առաջին քայլը անելով կարող ենք ստուգել, թե ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերություն հաստատելու խնդրում լուրջ է թե ոչ»: Մոհսեն Ռեզային իր նախընտրական հայտարարությունների ընթացքում հայտարարել է, որ մի խորհուրդ է կյանքի կոչել, որը զբաղվում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցերով, որը եւ մի նոր փաթեթ է պատրաստում ներկայացնելու համար:

Մեհդի Քյարուբի

Բայց բարեկարգչական ճամբարում գործերը ավելի հանգիստ է ընթանում: Նախկին նախագահ՝ Խաթամիի, ընտրություններից հրաժարվելուց հետո, այդ ճամբարում, մնաց միայն մեկ թեկնածու՝ Մեհդի Քյարուբին: Նա, երբ նախագահական նախկին ընտրություններում, շատ քիչ տ
ոկոսով, պարտվեց Ահմադինեժադին, հիմք դրեց «Ազգային Վստահություն» կուսակցությունն ու դրա օրգանը համարվոր, նույ անունով մի օրաթերթ: Բայց այս ճամբարում էլ, ինչպես պահպանողականների ճամբարում, սկզբնական միաձայնություն տեղի չունեցավ: Երբ Խաթամին հրաժարվեց ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելուց, նրա հովանանավորների գրեթե կեսը միացավ Միրհոսեյն Մուսավիի ճամբարին, հայտարարելով, որ ներկա պայմաններում հիմնական հարցը երկրի «փրկությունն» է եւ դա միայն հնարավոր է Մուսավիի նախագահությամբ: Ուրեմն այդ պատճառով, բարեկարգչականներն էլ մասնատվեցին երկու խմբի, առաջինը ցանկանում է երկիրը փրկել անդունդի եզրին հայտնվելուց, իսկ երկրորդ մասը, կառչած մնալով երկրում բարեկարգումներ կատարելու սկզբունքին, միացավ Քյարուբիի ճամբարին:
Քյարուբիի ընտրական քարոզչության ամենակարեւոր առանցքը «նավթային բաժնետոմս ամբողջ ժողորդի համար» կոչված նախագիծն է: Քյարուբին ու նրա բարեկարգչական կողմնակիցները համոզված են, որ մինչեւ այն ժամանակ, երբ կառավարությունն իրեն է պահում նավթային գումարներից օգտվելու մենաշնորհը, երկրում ժողովրդավարություն եւ կառավարության պատասխանատվություն չի կարող լինել: Նրանց համոզմամբ նավթային դոլարները պատճառ են դառնում, որ կառավարությունները անպատասխանատու լինեն ժողովրդի հանդեպ եւ ճնշել բոլոր հասարակական շարժումները: Այդ իսկ պատճառով, Քյարուբին ու նրա խորհրդականները ներկայացրել են մի նախագիծ, որում նշված է, որ եթե Քյարուբին դառնա երկրի նախագահ, փորձելու են ամբողջ ժողովրդին մասնակից դարձնել նավթային շահույթի մեջ: Ըստ նրանց ծրագրած նախագծին, բոլոր ժողովրդին հանձնվելու է նավթային ընկերության բաժնետեմսերը, որը եւ նրանք այդ միջոցով հնարավորություն կունենան օգտվել նավթային ընկերության շահույթից:
Արտաքին քաղաքականության ոլորտում ու հատկապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում, Քյարուբին համոզված է, որ Սեպ.11-ի դեպքերից հետո, Իրանը տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանի հարցում, լրջորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ ու փորձել է օգտակար լինել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում, բայց ԱՄՆ-ն այս բոլորից հետո դեռ փորձում է ճնշել Իրանին ու պահել տնտեսական շրջափակումների տակ: Քյարուբիի համոզմամբ, ներկա պայմաններում, երբ Օբաման ԱՄՆ-ի նախագահն է ու ձգտում է երկրի արտաքին քաղաքական ոլորտում լուրջ փոփոխություններ առաջացնել, հենց նա էլ պիտի առաջին քայլը կատարի Իրանի հետ դրական հարաբերություն հաստատելու խնդրում:

Միրհոսեյն Մուսավի

Բայց վերը հիշատակված նախագահական թեկնածուներից, գործող նախագահ՝ Ահմադինեժադի համար ամենալուրջ մրցակիցը համարվում է նախկին վարչապետ՝ Միրհոսեյն Մուսավին: Նա Իրանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 20 տարի առաջ, երբ երկրի նախագահն է, ներկայիս հոգեւոր առաջնորդ Այաթուլահ Խամենեին: Ըստ ապացույցերի, երբ Իրանը պատերազմում էր Իրաքի դեմ ու երկրի իրավիճակը բարենպաստ չեր, Մուսավին հմտորեն ղեկավարեց երկիրը ու թույլ չտվեց, որ պատերազմի պատճառով երկրի տնտեսությունն ու հասարակությունը անկայուն վիճակ ապրեն: Բայց պատերազմի ավարտից հետո, Իրանի սահմանադրությունը ժողորդի հանրաքվեյի միջոցով բարեփոխվեց, ու դրանից հանվեց վարչապետության պաշտոնը եւ նախագահը դարձավ կառավարության գլխավոր դերակատարը: Այդ օրվանից էլ Մուսավին հեռանալով քաղաքական ասպարեզից, իր կյանքը նվիրեց մշակութային գործունեությամբ, բայց իհարկե մնալով համակարգի նպատակահարմարությունը ճշտող խորհրդի անդամ:

Խաթամիի բարեկարգչական կառավարության ժամանակաշրջանում, Մուսավին կրկին ասպարեզ իջավ, դառնալով նախագահի խորհրդականը:
Եվ ահա, նախագահական ընտրությունների 10-րդ շրջանում, Միրհոսեյն Մուսավին, որն իր ասությամբ խիստ մտահոգված է երկրի անբարենպաստ իրավիճակից, առաջադրեց իր թեկնածությունը, որին եւ միացել են բարեկարգչական, պահպանողական, ուսանողական ու առհասարակ հասարակության այն շերտը, որոնք ցանկանում են երկիրը փրկել ներկա անկայուն իրավիճակից: Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Մուսավին անպաշտոն ձեւով դարձել է Իրանի Իսլամական ամբողջ համակարգի թեկնածուն, որը եւ հնարավորություն կունենա երկիրը կարգի բերել: Եվ ճիշտ այդ պատճառով էլ Մուսավին հայտարարել է թե նա այն բարեկարգչականն է, որ կառչած է Իրանի Իսլամական Հեղափոխության ու դրա հիմնադիր՝ Իմամ Խոմեյնիի արժեքներին: Մուսավին ու նրա կողմնակիցները այդ ձեւով փորձել են իրենց վեր դասել երկրում առկա քաղաքական ճամբարներից ու ներկայանալ որպես անկախ թեկնածու, որը մտադրված է երկիրը կարգի բերել:
Մուսավին, իր քարոզչության գլխավոր առանցքն է դարձրել հասարակական ազատություններն ու անվտանգությունը, տնտեսական բարեկարգումն ու քաղաքացիական իրավունքները: Նա նաեւ իր խոսքերում, ԱՄՆ-ի մասին անդրադառնալով ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություն սկսելը տրամաբանակ է, բայց մենք պիտի ճշտենք, թե արդեոք ԱՄՆ-ն էլ Իրանի հետ հարաբերություն սկսելու գործում լուրջ է թե՞ ոչ:

Ահա այսքանով, փորձեցի համառոտ կերպով ներկայացնել Իրանի առաջիկա նախագահական ընտրությունների կարեւորագույն չորս թեկնածուների մտքերն ու ծրագրերը: Թե ո՞վ է լինելու Իրանի նախագահը, դա որոշվում է ժողովրդի քվեներով:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը