Sunday, May 10, 2009

Կրքերի մեղմացում՝ հանուն Նաբուկոյի

Արթին Առաքելյան

Միջազգային տնտեսական տագնապն իր լուրջ ազդեցությունն է թողել նաեւ միջազգային հարաբերությունների ու քաղաքական կողմորոշումների վրա:
Վերջերս, Բուլգարիայում կայացած «Բնական գազ Եվրոպայի համար՝ անվտանգություն եւ համագործակցություն» խորհրդաժողովի ընթացքում, Եվրո-Ասիական էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՝ Ռիչարդ Մորնինգստարը հայտարարեց թե ԱՄՆ-ն ցանկանում է Արեւմուտքի էներգիան ապահովելու նպատակով, օգտագործել նաեւ Իրանի գազային ռեսուրսներից: Նա իր խոսքերի ընթացքում նաեւ ավելացրեց, որ ԱՄՆ-ն Նաբուկոյին միանալու նպատակով, սկսցել է իր բանակցությունները Իրանի հետ եւ մենք հույս ունենք, որ Իրանը կմիանա այս նախագծին, որովհետեւ Իրանը, էներգիայի ոլորտում, մի կարեւոր եւ ազդեցիկ բեւեռ դառնալու հնարավորություններ ունի:
Այս լուրը մեծ արձագանք ունեցավ, հատկապես Նաբուկոյի նախագծով շահագրգռված երկրներում, որովհետեւ ինչպես որ բոլոր վերլուծաբաններն էին համոզված, Նաբուկոյի նախագիծը, Իրանի բացակայությամբ չեր կարող շահագործման հասնել: Բայց առաջին իսկ օրվանից ԱՄՆ-ն դեմ էր Իրանի մասնակցության հետ, եւ փորձում էր մի կերպ լրացնել Իրանի բացակայությունը:
Այս դիրքերի մեղմացումը, հատկապես ԱՄՆ-ի կողմից, մի քանի փոփոխությունների արդյունքն է:

Ա- Առաջինը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերսկսումն է: Այդ զարգացումը, ԱՄՆ-ի հովանավորության ու ինչու չէ նաեւ ճնշումների արդյունքն է: Իրականում, ԱՄՆ-ն փորձում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմամբ, Արեւելք-Արեւմուտք գազատար ճանապարհն իրականացնել: Հիշյալ գազատար ճանապարհը սկսելու է Թուրքմենստանից, եւ անցնելով Կասպից ծովի հատակը, հասնելու է Ադրբեջան, հետո Վրաստան, Թուրքիա եւ այնտեղից Եվրոպա: Բայց եթե Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նորմալանան, գազամուղը Ադրբեջան հասնելով, ուղղակի կտրելու է Հայաստանի տարածքը եւ մտնելու է Թուրքիա: Այդ ձեւով, Եվրոպային կհաջողվի Ռուսական գազի դիմաց մի ուրիշ այլընտրանք էլ ունենալ:
Ներկայում, այդ փոփոխությունը պատճառ է դարձել, որ Ադրբեջանը բողոքներ ներկայացնի իր մեծ եղբորը՝ Թուրքիային: Ադրբեջանի խոսքերի համաձայն, երբ դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, վնասելու է Ադրբեջանի դիրքերը: Բաքուն իր բողոքը տարբեր ձեւերով արտահայտվեց, եւ դրանց շարքում կարելի է նշել այն, որ Ադրբեջանը չմասնակցեց Բուլգարիայի էներգետիկ խորհրդաժողովին, ուր քնարկվելու էր Նաբուկոյի նախագիծը: Ադրբեջանի բացակայությունը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ Նաբուկոյի նախագծի իրականացման համար:

Բ- Երկրորդ փոփոխությունը, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների մերձեցումն է: Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը մոտենում է Թուրքիային, Բաքում ձգտում է ավելիով մերձենալ Ռուսաստանին՝ Հայաստանի կարեւորագույն դաշնակցին: Ադրբեջանը այդ միջոցով փորձում է ճնշում բանեցնել թե՛ Եվրոպայի եւ թե՛ Թուրքիայի վրա, ու ցանկանում է Նաբուկոյի նախագծում իր ներկայության կարեւորությունը հիշեցնելով, Ղարաբաղի հարցը լուծել իր օգտին:

Տեղի ունեցած այս երկու տարածաշրջանային փոփոխությունները պատճառ դարձավ, որ Նաբուկոյի հարցում, ԱՄՆ-ն մեղմացնի իր դիրքորոշումները Իրանի նկատմամբ եւ դրական հայտարարությունների միջոցով Իրանին քաջալերել Նաբուկոյին միանալու համար: ԱՄՆ-ն իր դիրքորոշման փոփոխությունը երկու նպատակով է իրականացրել.

1- Նախ Ադրբեջանին ճնշելու համար, եւ այդ միջոցով նրան զգուշացնել, որ եթե հրաժարվի Նաբուկոյի նախագծից, նրան փոխարինելու է Իրանը: Ի դեպ, Ադրբեջանի իշխանավորները քաջ գիտեն, որ Նաբուկոյի նախագծում Իրանի ներկայությամբ, այլեւս Ադրբեջանի կարիքը չի զգացվելու:

2- ԱՄՆ-ն իր նոր դիրքորոշմամբ փորձում է Իրանին ապացուցել, որ նախագահ Օբամայի ավետած «փոփոխությունները» իր մեջ են ընդգրկում նաեւ տնտեսական ոլորտը եւ կարելի է հույս ունենալ, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները, դրական համագործակցությունների հետեւանքով, չեղյալ համարվելու հնարավորություն ստանան:

Այն ինչ որ պարզ է, Իրանը, դեպի Եվրոպա գնացող գազատարերի մի քանի նախագիծ է մշակել, եւ գործում է դրանց իրականացնելու ուղղությամբ, բայց եւ այնպես էլ չի ցանկանում հրաժարվել նաեւ Նաբուկոյի նման կարեւոր նախագծից: Նաեւ չի կարելի Իրանի ներկայությունը, Նաբուկոյի նախագծում, հակառուսական քայլ անվանել, որովհետեւ Իրան-Ռուսաստան տնտեսական, քաղաքական ու ռազմավարական հարաբերությունները այնպիսի մակարդակի վրա են, որին հնարավոր չէ խանգարել Նաբուկոյի նման նախագծերով:
Մի այլ դիտանկյունից դիտված, նաեւ Իրանի ներկայությունը Նաբուկոյի նախագծում, կարող է ավելիով հզորացնել Իրան-Ռուսաստան միատեղ համագործակցությունը, որպես աշխարհի էներգիայով ամենահարուստ երկու դաշնակից երկիր:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը