Tuesday, November 25, 2008

Ինչո՞ւ է ակտիւացել ԼՂՀ-ի հակամարտութեան հարցը


Արթին Առաքելեան

ՌԴ նախագահ՝ Դիմիտրի Մեդւեդեւը, Հոկ. 21-ի Հայաստան կատարած իր այցելութեան ընթացին յայտարարեց, թէ՝ «շուտով Մոսկւայում Ղարաբաղի հակամարտութեան հարցի կարգաւորման ուղղութեամբ տեղի կունենայ եռակողմ հանդիպում, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ներկայութեամբ»: Մեդւեդեւն իր խօսքերի շարունակութեան ընթացքում նաեւ այսպէս արտայատւեց, թէ՝ «բոլորը, Վրաստանի խնդիրներից յետոյ ըմբռնեցին, որ տարածաշրջանում առկայ հակամարտութիւնները պիտի լուծւեն խաղաղասիրական միջոցներով, միջազգային դիտորդների վերահսկողութեամբ»:
Նախքան Մեդւեդեւի Հայաստանեան այցելութիւնը, Ամերիկացի Դանիէլ Ֆրիդը նաեւ յայտարարել էր, թէ՝ ԱՄՆ-ն մտադիր է մինչեւ այս տարւայ աւարտը Ղարաբաղի հարցով մի հանդիպում կազմակերպել Ամերիկայում:
Ներկայ իրավիճակում հարց է առաջանում, թէ ի՞նչ ազդակներ են պատճառ դարձել, որ այսօր թէ ԱՄՆ-ն եւ թէ ՌԴ-ը փորձում են Ղարաբաղի հարցի կարգաւորման խնդրում, նախաձեռնութիւնը խլել միմեանցից:
Մինսկի միջնորդական խումբը իր կառոյցի հետեւանքով 15 տարի է, ինչ հնարաւորութիւն չի ունեցել լուծել ԼՂՀ-ի հակամարտութիւնը, եւ դրան մինչեւ այսօր պահել է «ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն» իրավիճակում: Այդ իրավիճակը մինչեւ այսօր ձեռնտու էր բոլորին, բայց Հարաւային Օսեթիայի խնդրից յետոյ, երբ տարածաշրջանում փոփոխութեան ենթարկւեց ուժային հաւասարակշռութիւնը, բոլոր կողմերը ցանկանում են մի կերպ լուծել Ղարաբաղի չլուծւած հակամարտութիւնը:
Այժմ Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը Հարաւային Կովկասում բախւել են իրար հետ: Եւրոպան Վրաստան-Ռուսաստան բախումներից յետոյ, երբ լրջօրէն վնասւեց Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղը, խիստ մտահոգւած է իր էներգիայի ապահովման հարցով: ԲԹՋ-ը էներգիայի ապահովման այն այլընտրանքն է, որը չի առաքւում Ռուսաստանի վերահսկողութեամբ, եւ Եւրոպան խիստ շահագրգռւած է նւազեցնել իր կախւածութիւնը ռուսական էներգիայից: Կասպից ծովի էներգիան դէպի Եւրոպա տանող ամենայ շահաւետ եւ ձեռնտու ճամբան, Թբիլիսիից բացի, Հայաաստանի ճամբան է, ուր Հայաստանի տարածքից անցնելով հասնելու է Թուրքիա եւ այնտեղի՝ Եւրոպա: Այդ նախագծի իրականացումը, որով շահագրգռւած է ոչ միայն Եւրոպան այլ նաեւ Թուրքիան, պայմանաւորւած է Ղարաբաղի հարցի կարգաւորմամբ, որը դեռ իր մէջ պատերազմական ներուժ ունենալով վտանգում է Եւրոպայի երկարատեւ շահերը:
ԱՄՆ-ն եւս, Օսեթիայի բախումներից յետոյ, խիստ մտահոգւած է Հարաւային Կովկասում իր դիրքերի խարխուլ վիճակի համար: Այնպէս, որ պարզ է, վերջին ամիսներում Ադրբեջանը փորձում է աւելի դրական երես ցոյց տալ Ռուսաստանին, եւ այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն փորձում է Ղարաբաղի հարցում միջամտելով, իր դիրքերն ամրապնդի Հարաւային Կովկասում:
Եւ այս ընթացքում, Ռուսաստանը եւս, Վրաստանի հետ ունեցած հինգօրեայ պատերազմից յետոյ, կորցրել է Հայաստանում իր ռազմաբազաների հետ ցամաքային հաղորդակցութեան միջոցները: Այդ հաղորդակցութիւնը նաեւ Ադրբեջանի սահմաններից հնարաւոր չէ, Հայաստան-Ադրբեջան սահմանների փակ լինելու հետեւանքով: Սա կարելի է համարել այն բազմաթիւ դրդապատճառներից մէկը, որոնց պատճառով Ռուսաստանը փորձում է դերակատար լինել Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցում: Նաեւ որպէս այլ դրդապատճառ կարելի է ասել, որ Ռուսաստանը Օսեթիայի հարցից յետոյ, փորձում է աւելի ակտիւութիւն ցուցադրել տարածաշրջանում, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի առաջխաղացման դէմը առնելու նպատակով:
Այստեղ փորձեցի միայն մի քանի կետով մատնանշել այն դրդապատճառները, որը շահագրգռում է մեծ պետութիւններին, ներգրաււել Ղարաբաղի հարցի կարգաւորման գործընթացում:
Այստեղ նաեւ գոյութիւն ունի մի մտահոգութիւն, եւ այն Իրանի բացակայութիւնն է: Հարաւային Կովկասի հարցերում Իրանի ներկայութիւնը կարող է հաւասարակշռել բոլորին, եւ կանխել տարածաշրջանի խնդիրները ծայրահեղական մոդելներով լուծելու ձկտումները: Մտահոգութիւնը սկսում է այնտեղից երբ Թուրքիայի կողմից առաջարկւած «Կովկասեան» անվտանգութեան պայմանագրում ներառւած չէ Իրանի անունը:
Հայաստանի համար խիստ կարեւոր է, թէ նման պայմաններում, երբ գերուժերը փորձում են իրենց երկարատեւ շահերը ապահովելու նպատակով, տարածաշրջանում մի ինչ որ առկախւած խնդիր կարգաւորել, ներկայ լինի Իրանի նման կարեւոր երկիր, որը եւ իր ազգային անվտանգութեան հարցերից ելնելով, փորձելու է տարածաշրջանում պահպանել հաւասարակշռութիւնը: Դա նաեւ Հայաստանի օգտին է, որը իր պատմութեան մէջ ունի 1918-1920 թթ. –ի նման իրադարձութիւն, երբ խորհրդայնացած Ադրբեջանը եւ Քեմալական Թուրքիան միանալով Սովետական Ռուսաստանին պատերազմ յայտարարեցին դեռ անկախ մնացած Հայաստանի դէմ, որի հետեւանքով Հայաստանը, ոչ միայն կորցրեց իր անկախութիւնը, այլ նաեւ կորցրեց Արեւմտեան Հայաստանի, Արցախի ու Նախիջեւանի տարածքները:


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը