Wednesday, October 22, 2008

Անհնար, բայց միեւնոյն ժամանակ հնարաւոր


Արթին Առաքելեան

Վերջին 30 տարիների ընթացքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների նորմալացման բազմաթիւ առիթներ էր առաջացել, որը հնարաւոր էր երկու նախկին բարեկամ երկրների միջեւ գոյութիւն ունեցող անհաշտ մթնոլորդը վերածել բարեկամական մթնոլորդի: Բայց երկու պետութիւններն էլ բազմաթիւ խնդիրների հետեւանքով առաջացած պահերը օգտագործել չկարողացան: Իրանի նախկին կառավարութեան ժամանակ, որը զուկադիպում էր ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի նախագահութեան ժամանակաշրջանին, երկու հաշտարար, մեղմ ու չափաւոր կառավարութիւնները առիթ չունեցան միմեանց հետ ուղղակի բանակցել եւ խզւած յարաբերութիւնները բարելաւել, որովհետեւ հաւանական կշտամբանքներն ու վարկաբեկումները, յատկապես իրանում, պատճառ դարձան, որ օրւայ նախագահ Խաթամիի բարեկարգչական թեւը, մրցակցին պատրւակ չտալու նպատակով, առհասարակ չդիմեց ԱՄՆ-ի հետ բանակցելու գործին: Բայց ժամանակի անցումը Ջորջ Բուշի եւ Ահմադինեժադի գաղափարական կառավարութիւններին մի կերպ մղեց համերաշխ յարաբերութիւններ ստեղծելու իրականութեանը, այնպէս, որ այսօր երկկողմ բանակցութեան մասին խօսելն այլեւս մեղք չի համարւում, այլ հակառակը, ժամանակ առ ժամանակ, անուղղակի եւ ինչու չէ նաեւ ուղղակի կերպով քաջալերւում է հէնց արմատական թեւի եւ հոգեւորականների կողմից:
Սա թերեւս դարաշրջանի զարմանքն է, որ երկու իրարամերժ կառավարութիւնների օրոք, որոնք անգամ իրենց ինքնութիւնն իրենց թշնամանքի էութեան մէջ են փնտրում եւ իմաստաւորում, պայմաններն այնպէս են զարգացել, որ գաղափարական խստութիւնները գունաթափւել են, այնպէս, որ տեղ-տեղ խօսւում է երկկող բանակցութիւնների մասին: Այս իրավիճակը միայն կարելի է համեմատել սառը պատերազմի օրերի հետ, երբ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռէյգանը, Խորհրդային Միութեան դէմ խիստ միջոցներ կիրառելու ծրագրով գործի գլուխ անցաւ, բայց իր պաշտօնավարութեան վերջին ամիսներին երկու թշնամի բեւեռների ղեկավարութիւնը միմեանց ձեռքերը սեղմած, խօսում էին երկկողմ համագործակցութեան մասին:
Ջորջ Բուշ կրտսերի գաղափարական կառավարութիւնը, որը Իրանին դասում է «չարութեան առանցք» երկրների շարքում եւ Իրանի հետ յարաբերութիւնը համարում է Իրանի կրօնական իշխանութեան հաստատումն ու ճանաչումը եւ այդ իսկ պատճառով հրաժարւում է ամէն տեսակ յարաբերութիւնից, մինչեւ այսօր Իրաքի հարցով թւով երեք բանակցութիւն է վարել իրանի իշխանութեան հետ եւ հիմա էլ իր պաշտօնավարութեան վերջին ամիսների ընթացքում փորձում է Իրանում բացել ԱՄՆ-ի շահերի պաշտպան գրասենեակը, որի արդիւնքում փլուզւելու է նախկին թշնամական պատնեշը:
Նոյնպէս եւ Իրանում, արմատականների եւ իսլամական յեղափոխութեան արժէքների պաշտպանների գործի գլուխ անցնելով, հակառակ արդիւնքն է ստացւել եւ կարծես արմատական թեւը շատ էլ ցանկութիւն չունի ԱՄՆ-Իրան յարաբերութիւնները գաղափարականացնել ու փորձում է աւելի գործնապաշտ հայեացքով նայել երկու երկրների յարաբերութիւններին: Եւ ճիշտ այդ գործնապաշտ քաղաքականութեան հետեւանքով է, որ ԱՄՆ-ի սենատորներն Իրանի պատգամաւորներին նամակներ են ուղարկում եւ իրանական կողմը դրանց պատասխանելու հանգամանքը խորհրդարանի քննարկման նիւթ է դարձնում:
Ամերիկացիները, Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան գրասենեակ բացելու գաղափարը համարում են ուղղակի եւ երկկողմ բանակցութիւնների սկզբնական փուլ: Վերջին տարիների ընթացքում նաեւ կարելի է, թէ՛ Իրանում եւ թէ՛ ԱՄՆ-ում գտնել երկկողմ դրական յարաբերութիւն ստեղծելու ցանկութեան նշանները. ինչպիսին են իրանի նախագահ Ահմադինեժադի նամակագրութիւնը ԱՄՆ նախագահ Բուշի հետ, ԱՄՆ-ի արտգործնախարարի Իրանի իր գործընկերոջը հանդիպելու ցանկութիւնը եւ այլն: Պիտի այն հանգամանքը նաեւ նկատի ունենալ, որ այս բոլորը պատահել է այն ժամանակ երբ երկու երկրում էլ իշխում են արմատական եւ գաղափարական կառավարութիւններ, որոնք փորձում են հաւատարիմ մնալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, կառավարութիւններ, որոնք ճիշտ է, ամենախիստ քննադատութիւններն են ուղղում իրար հասցէին, բայց եւ սակաւաթիւ պատեհ առիթներում, միմեանց ուշադրութիւնը գրաւելու նպատակով, ոչ թշնամական դիրք են որդեգրում:
Այս բոլորով հանդերձ Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարութիւնները, երկկողմ ուղղակի բանակցելու փորձառութիւններ չունեն, եւ դեռ երկար ճամբայ պիտի անցնեն միմեանց հետ լեզու գտնելու ուղղութեամբ: Իրան եւ ԱՄՆ հաւանական երկկողմ բանակցութիւնները երկու խիստ կարեւոր հարցով պայմանաւորւած են. նախ իրանի ատոմական ծրագիրը եւ երկրորդը իրանի տարածաշրջանային դերակատարութեան հարցը եւ առհասարակ այն նախապայմանները, որը երկու երկրները միմեանցիծ պահանջում են յարգել դրանց, ու ճիշտ այդ պատճառներով կարելի է ասել, թէ մօտ ապագայում անհաւանական է թւում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների բարելաւումը, բայց պիտի ասել, որ քաղաքականութիւնը նաեւ անհնարինը հնարաւոր դարձնելու ասպարէզ է, այնպէս, որ չենք կարող բացարձակ տեսակէտ յայտնել նմանօրինակ բարդ խնդրի համար:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը