Thursday, January 24, 2008

Նաւթ, դոլար եւ պատերազմ

ԱՄՆ-ի տնտեսական կայսրութեան աւարտը
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Անգլիայի ռազմական ներկայութեան կարեւորագոյն դրդապատճառը էներգիան է: Ոչ շատ հեռու տարիներում լիովին սպառւելու է նաւթը եւ միջազգային էներգիան հիմնւելու է գազի եւ ատոմական էներգիայի վրայ: Այս ուղղութեամբ դեռ շարունակւում են ԱՄՆ-ի նորպահպանողականների, սիոնիստների եւ նրանց դաշնակից անգլիացիների ռազմատենչ նկրտումները: Նրանք մեծ ջանքով փորձում են նոր պատերազմ պարտադրել Միջին Արեւելքի տարածաշրջանին:Վերջին տարիների Միջին Արեւելքի անցուդարձերը վերլուծելով՝ մի կերպ բացայայտւում է Արեւմուտքի աւերիչ քաղաքականութիւնը:
Այս պատերազմական տրամաբանութիւնն ըմբռնելու եւ պատճառները բացայայտելու համար՝ պէտք է խիստ ուշադրութիւն դարձնել երկու կարեւոր ազդակների՝ նախ նաւթին եւ յետոյ՝ դոլարին:1878-1933 թթ. ԱՄՆ-ի դոլարի գլխաւոր յենակը ոսկին էր, բայց 1933-ի մարտ ամսում քայքայւեց Ամերիկայի տնտեսութիւնը եւ տագնապը տիրեց ամբողջ երկրում:
Այդ տագնապը յաղթահարելու նպատակով՝ Նիւ Հեմփշայր նահանգում հիմք դրւեց միջազգային բանկի: Ըստ տւեալ բանկի հաստատման՝ ոսկին դարձաւ բոլոր ճարտարարւեստական երկրների դրամական յենակը: Այդ որոշման հիման վրայ՝ ԱՄՆ-ն, որ աշխարհի ամենամեծ ոսկու պաշարն ունէր, բարելաւեց իր դիրքերը: Երկրորդ աշխարհամարտի աւարտից յետոյ Եւրոպային յանձնւեցին դոլարային վարկեր ու այդ պատճառով՝ զարգացաւ ԱՄՆ-ի տնտեսութիւնը:
Եւ հասաւ 20-րդ դարի վեցերորդ տասնամեակը, երբ Վիետնամի պատերազմի պատճառով՝ արդէն արժեզրկւել էր դոլարն ու եւրոպական բազմաթիւ երկրներ, որոնց շարքում էին նաեւ՝ Ֆրանսիան ու Անգլիան, Ամերիկայից պահանջեցին, որ իր դոլարները յետ ստանալով՝ փոխարէնը՝ ոսկի տրամադրի իրենց: Եւրոպան տրամաբանում էր, որ պատրեազմը արժեզրկելու է դոլարը եւ պէտք է ինչքան կարելի է շուտ՝ փրկւել դոլարի չարիքից: 1967-ի նոյեմբերին մօտաւորապէս սպառւեց ԱՄՆ-ի ոսկու պաշարը: 1971-ի օգոստոսին ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը անճար մնալով՝ վերացրեց դոլարի ու ոսկու փոխկապակցութիւնը եւ «առաջարկ ու պահանջարկ» համակարգը դարձրեց տիրական: Յիշեալ թւականից այլեւս միջազգային դրամական արժէքն անցաւ շուկայի «առաջարկ ու պահանջարկ» օրէնքի հսկողութեան տակ եւ իրականում, ԱՄՆ-ի դոլարը դարձաւ անյենակ: Այդ փոփոխութիւնը հիմնովին փոխեց միջազգային առեւտրական համակարգը:
Մի քանի տարի անց մի այլ կարեւոր փոփոխութիւն տեղի ունեցաւ: 1975-ին Սաուդական Արաբիան, որ 1945-ից իր նաւթային պաշարը հսկելու ուղղութեամբ համագործակցում էր ամերիկեան ընկերութիւնների հետ, յայտարարեց, թէ իր բոլոր առեւտուրները կատարելու է դոլարի միջոցով: Այդ յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Սաուդական Արաբիային միացան՝ Իրանն ու ՕՊԵԿ-ի անդամ այլ երկրները: Այդ օրւանից ոչ թէ ոսկին, այլ նաւթը դարձաւ դոլարի հիմնական յենակը, որովհետեւ բոլոր երկրները իրենց էներգիայի կարիքը հոգալու համար՝ պէտք ունէին դոլարի եւ այդ պատճառով էր, որ բոլորը իրենց դրամական պաշարը դարձրեցին դոլարային:
ԱՄՆ-ն շատ կարեւոր դիրք էր ստացել: Դոլարը միլիոնաւոր եւ միլիարդաւոր քանակութեամբ տպագրւեց եւ բազմաթիւ երկրներ վստահելով Ամերիկայի հզօր տնտեսութեանը՝ իրենց դրամական պահեստները լցրեցին դոլարով:ԱՄՆ-ի տնտեսութիւնը զանազան վերիվայրումներից յետոյ աւելի հզօրացած՝ հասաւ 2002 թւականին: Այդ ժամանակահատւածում բորսան իր տեղը զիջեց բնակարանի շուկային:
Բանկային վարկերի նւազագոյն տոկոսի պատճառով՝ բնակարանի շուկան աննախընթաց վերելք արձանագրեց, բայց այդ յաջողութեան գագաթնակէտում մի նոր երեւոյթ յայտնւեց. դա Ջորջ Բուշ կրտսերն էր: Երբ 2001-ին Քլինթոնը կառավարութիւնը յանձնեց կրտսեր Բուշին, ԱՄՆ-ի բիւջէում գոյութիւն ունէր 200 միլիարդ դոլար յաւելեալ գումար: Բուշի կառավարութիւնը երկու անգամ հարկերը նւազեցնելով եւ երկու մեծածախս պատերազմով 450 միլիարդ բաց արձանագրեց իր 2008-ի ներկայացրած բիւջէում ու կառավարութեան պարտքերը հասցրեց 9 տրիլիոն (9000 միլիարդ դոլարի): ԱՄՆ-ն, որ 1988-ին պահանջատէր երկիր էր համարւում, այժմ 9 տրիլիոն դոլար պարտքով դարձել է աշխարհի գլխաւոր պարտական երկիրը: Միայն այն գումարը, որ ԱՄՆ-ն տարեկան որպէս տոկոս՝ վճարում է իր պարտքի դիմաց, կազմում է 400 միլիարդ դոլար:
Այս դժւարութիւններին պէտք է աւելացնել երկու այլ խնդիրներ՝
1. հասարակական ծառայութիւններին յատկացւող գումարներ եւ
2. բանկային նւազ տոկոսով վարկեր:
ԱՄՆ-ն իր հասարակական ծառայութիւնների ու հանգստի կոչւածների կենսաթոշակների համար 2008-ին կարիք ունի 54 տրիլիոն դոլարի (54000 միլիարդ), որի դիմաց իր պետական գանձարանում միայն 3.5 տրիլիոն դոլար ապահոված գումար ունի: Վերոյիշեալ ծառայութիւնների ծաւալն ըմբռնելու համար՝ պէտք է ասել, որ բոլոր ամերիկացիների հարստութեան գումարը (բնակարան- բորսա- բանկային հաշիւներ եւ ....) կազմում է շուրջ 48 տրիլիոն դոլար, որն ըստ ԱՄՆ-ի կառավարութեան հաշւեքննիչ Դէյւիդ Վաքըրի՝ կառավարութիւնը կատարած ծառայութիւնների պատճառով՝ այդ ընդհանուր հարստութիւնից 43 տրիլիոն դոլար պարտք է: Պէտք է յիշեցնել, որ հասարակական ծառայութեան գումարը չի ներառւում ԱՄՆ-ի տարեկան բիւջէում:Երկրորդ խնդիրը ԱՄՆ-ի տնտեսութեան համար բանկային նւազ տոկոսով վարկերն են:Ինչպէս նախապէս ասւեց, 2002-ին խոշոր դրամագլխի գոյութեան պատճառով՝ բանկերը խոշոր վարկեր յանձնեցին ժողովրդին, որը աննախընթաց զարգացում առաջացրեց բնակարանի շուկայում: Բայց բնակարանի գների բարձրացմամբ՝ պարտականները կրկնակի վարկեր պահանջեցին բանկերից եւ բանկերն էլ առանց որեւէ յենակի՝ սանձարձակ վարկեր վճարեցին ցանկացողներին:2006-ից սկսեալ՝ տնտեսական տագնապը վտանգի զանգերը հնչեցրեց կառավարութեան համար: Ժողովուրդը այլեւս բաւարար գումարներ չունէր՝ շուկայում սպառելու համար եւ այդ ուղղութեամբ վճարւած միլիարդաւոր վարկերը սպառնալիք դարձան կառավարութեան համար:ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակը ցնցել է դոլարի հզօրութեան երկու սիւներից մէկը՝ ժողովրդի սպառողականութիւնը: Բազմաթիւ երկրների Կենտրոնական բանկերը մտահոգութեամբ են վերաբերւում այդ դժւարութեանը: Բայց, յիշեալ Կենտրոնական բանկերը ԱՄՆ-ի տնտեսական անկումը տեսնելով՝ դոլարից հրաժարւելուց բացի՝ ուրիշ ելք չունեն: Եթէ միայն նաւթային երկրները երես թեքեն դոլարից եւ օրինակի համար՝ եւրօն ընտրեն որպէս առեւտրական դրամ՝ Չինաստանն ու Ճապոնիան որպէս հզօր տնտեսութիւն՝ պատճառ չեն ունենայ իրենց դրամական պաշարը պահել դոլարով եւ անմիջապէս կը միանան ստեղծւած նոր համակարգին: Իրանի նախագահ Ահմադինեժադը 2007-ի նոյ. 18-ին Ռիադում գումարւած ՕՊԵԿ-ի համաժողովում իր խօսքն ուղղելով այլ երկրների ղեկավարներին՝ ասաց. «Նրանք (ԱՄՆ) մեր նաւթը տանում են եւ դրա դիմաց մի կտոր անարժէք թուղթ (դոլար) են տալիս»: Նա նաւթ արտահանող երկրների ղեկավարներին առաջարկեց իրենց երկրների դրամական պաշարները պահել աւելի վստահելի դրամով եւ ոչ՝ անարժէք դոլարով:ԱՄՆ-ն այս տագնապից անցնելու համար՝ ի՞նչ ելքեր ունի:Արդեօք այսօր, ինչպէս Երկրորդ աշխարհամարտի օրերում, տնտեսութեան անկումը կասեցնելու նպատակով՝ պէտք է ստեղծել համաշխարհային մի նոր պատերազմ:Չպէտք է մոռանալ, որ Բուշը անգամներ Իրանի ատոմական ծրագրին անդրադառնալով՝ խօսել է Երրորդ աշխարհամարտի հաւանականութեան մասին:

Իրաքը՝ որպէս փրկութեան երաշխիք

Ըստ միջազգային ուսումնասիրական կենտրոնների զեկոյցների՝ Իրաքում յայտնաբերւած նաւթային պաշարները կազմում են 112 միլիարդ տակառ, իսկ չյայտնաբերւած պաշարները՝ շուրջ 220 միլիարդ տակառ:Մի խօսքով՝ Իրաքը իր 330 միլիարդ տակառ պաշարով գերազանցում է Սաուդական Արաբիային, որը 260 միլիարդ տակառ նաւթային պաշար ունի: Այսօրւայ նաւթի գների համաձայն՝ Իրաքի նաւթային պաշարը արժէ 30 տրիլիոն դոլար (30 հազար միլիարդ):Այս բոլորը տեսնելով՝ բացայայտւում է ԱՄՆ-ի իրաքեան պատերազմի նպատակները: Այս ուղղութեամբ արդեօք պէ՞տք է հաւատալ այն յայտարարութիւններին, թէ Իրաքում ժողովրդավարական իշխանութիւն ստեղծելով՝ ԱՄՆ-ն կը հեռանայ Իրաքից:

Եզրափակում

Չպէտք է մոռանալ, որ նաւթի սպառումից յետոյ՝ միջազգային էներգիայի առանցքը լինելու է ատոմական էներգիան ու գազը: Ուրեմն՝ Իրաքի նաւթն էլ, ի վերջոյ, չի կարող ապահովել ԱՄՆ-ի էներգիայի անվտանգութիւնը, որովհետեւ գազի եւ ուրանի հարուստ պաշարները գտնւում են ոչ թէ Իրաքում, այլ՝ Իրանում, Ռուսաստանում եւ Ասիական միւս երկրներում:Մի խօսքով՝ դեռ չեն աւարտւել ԱՄՆ-ի ռազմատենչ նկրտումները, այլ, ըստ երեւոյթին, պիտի տարածւի նաեւ Միջին Արեւելքի ու Ասիայի զանազան երկրներում:Ուրեմն՝ այն անձանց տեսակէտը, ըստ որի՝ միայն Ահմադինեժադի ծայրայեղ դիրքորոշումները՝ ատոմական ծրագրի նկատմամբ, վտանգել են Իրանի անվտանգութիւնը, պարզամտութիւն է համարւում, որովհետեւ ով էլ լինէր Իրանի նախագահը՝ նոյն իրավիճակը կը լինէր եւ ԱՄՆ-ն կորոնէր մի պատրւակ՝ Իրանին սպառնալու եւ արտօնութիւն ստանալու համար:Ատոմական Իրանը չէ, որ մտահոգում է ԱՄՆ-ին, այլ բնական հումքերով հարուստ Իրանն է, որ գրաւում է ԱՄՆ-ի ուշադրութիւնը:Արդեօք ԱՄՆ-ի միակ ելքը պատերա՞զմն է: Ըստ երեւոյթին, կայսրերը սիրում են հրահանգել՝ քան բանակցել, բայց չպէտք է մոռանալ, որ կայսրերը նաեւ դաշունահարւում են մերձաւորների միջոցով, անգամ իրենց սենատի դահլիճում: Կայսրութիւնները ծնւում են, նւաճում են գագաթները եւ, ի վերջոյ, անհետանում:Նորից յարութիւն է առնում աշխարհի նախկին առանցքը՝ Ասիան: 21-րդ դարը, այսպիսով, կարելի է կոչել Ասիայի դար:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 13 համարում
նաեւԹեհրանի
Ալիք օրաթերթում

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը