մարտավարական ընկերակցութի՞ւն թէ՝ ռազմավարական բարեկամութիւն
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարած այցելութիւնը Արեւմուտքում, Թեհրանում եւ Մոսկւայում առաջացրեց նոր վերլուծութիւններ՝ Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների տեսակի ու ապագայի մասին: Այս վերլուծութիւնները հիմնւած էին այն հարցի վրայ, թէ Ռուսաստանը Իրանի հետ ունեցած իր յարաբերութիւնը համարում է մարտավարակա՞ն թէ՝ ռազմավարական:Յստակօրէն, հնարաւոր չէ ճշտել այս յարաբերութիւնների իսկ էութիւնը, որովհետեւ կարելի չէ այսօրւայ միջազգային բարդ ու ամենօրեայ փոփոխւող տւեալների համաձայն յստակօրէն խօսել որեւէ յարաբերութեան էութեան մասին:Այստեղ նպատակ չունեմ վերանայել Իրանի ու Ռուսաստանի յարաբերութիւնները, այլ միայն կը փորձեմ Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան որոշ կողմերը բացատրելով՝ դիւրացնել Իրան-Ռուսաստան երկկողմ յարաբերութիւնների ըմբռնումը:Գործնականում Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների ճանաչումը դժւար չէ եւ այդ առաջնահերթութիւնների հիման վրայ կարելի է ճշտել Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների էութիւնը: Նաեւ չպիտի մոռանալ, որ երկրները իրենց արտաքին քաղաքականութիւնը չեն որոշում օտար երկրի շահերի հիման վրայ, այլ լաւագոյն պարագայում ճշտում են իրենց ընդհանուր շահերի հիման վրայ, եւ միայն այն ժամանակ, երբ այլեւս գոյութիւն ունեն յարգալից յարաբերութիւններ՝ տւեալ երկրների միջեւ:
Իրականութեան մէջ, Իրանն ու Ռուսաստանը աշխարհաքաղաքական եւ տնտեսական բազմաթիւ ընդհանուր նպատակներ ունեն, որոնք իրապաշտօրէն մշակւած քաղաքականութեան լոյսի տակ աւելի սերտ յարաբերութեան հիմք կը դառնան: Բայց, սա չի նշանակում, թէ Իրանը 100 տոկոսով պիտի յենւի Ռուսաստանին եւ մոռանայ իր յարաբերութիւնները՝ արեւելեան ու արեւմտեան այլ ուժերի հետ, որովհետեւ միջազգային ոլորտում այն երկրների դերը կարեւոր է, որոնք բազմաթիւ երկրների հետ ունեն քաղաքական ու տնտեսական ամուր յարաբերութիւն: Միայն մէկ կամ երկու երկրի հետ յարաբերութիւն ունենալը պատճառ կը դառնայ, որ տւեալ երկիրը միջազգային ոլորտում կորցնի իր անկախութիւնը:Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնը ճշտող դիւանագէտները իրազեկ են Միջին Արեւելքում Իրանի տիրական ուժի մասին եւ ճիշտ այդ իրականութեան հիման վրայ է, որ աւելի կարեւորում են Իրանի հետ յարաբերութիւնը:Ռուսաստանը Իրանի հետ յարաբերւելով՝ հիմնականում փորձում է չէզոքացնել Ամերիկայի ներկայութիւնը՝ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:Այս դիտանկիւնից՝ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում: Երկուսն էլ մտահոգ են տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական ծաւալւող ներկայութիւնից: Սխալ չի լինի, եթէ ասենք Իրան-Ռուսաստան յարաբերութիւնը ստեղծւել է ԱՄՆ-ի հետ ունեցած իւրաքանչիւրի յարաբերութեան տեսակի հիման վրայ:Սեպտ. 11-ից յետոյ Պուտինը մեծ ջանք թափեց ռուս դիւանագէտներին ԱՄՆ-ի հետ համագործակցելու եւ տարածաշրջանում նրա ներկայութիւնը օգտակար համարելու ուղղութեամբ: Պուտինը, որ նաեւ համաձայն է հակաահաբեկչական պայքարների, համոզւած էր, որ նմանատիպ համագործակցութիւնը Վաշինգտոնի հետ պատճառ կը դառնայ, որ տարածաշրջանում չէզոքացւեն ահաբեկչական գործողութիւնները: Նա ենթադրում էր, թէ ԱՄՆ-ին մի շարք արտօնութիւններ տալով՝ կարելի է Վաշինգտոնից պահանջել յարգել Ռուսաստանի ազգային շահերը եւ տարածաշրջանում հաշւի նստել ռուսերի հետ: Բայց, 2003-2004-ին Պուտինը անդրադարձաւ, որ Բուշի կառավարութիւնը ոչ թէ հաշւի չի առնում Ռուսաստանի դերը, այլ նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւններում քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներթափանցումով՝ մի կերպ շրջափակում է Ռուսաստանին:
Ուրեմն՝ մինչ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն անտեսում է Ռուսաստանի ազգային անվտանգութեան շահերը, Ռուսաստանը ոչ մի յոյս չի կարող փայփայել Ամերիկայի հետ սերտ յարաբերութիւն ստեղծելու ուղղութեամբ:Սա Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան մի այլ առաջնահերթութիւնն է: Ինչպէս սկզբում ասացի, երկրները յաջող յարաբերութիւն վարելու համար՝ իրենց արտաքին քաղաքականութիւնը ճշտում են իրենց ընդհանուր շահերի հիման վրայ, այն, ինչ որ այսօր անկարող է իրագործել Ամերիկան:Մի շարք վերլուծաբաններ համոզւած են, որ Ռուսաստանը Իրանի ատոմական խնդիրն օգտագործում է ի շահ իրեն՝ ԱՄՆ-ից արտօնութիւններ քաղելու նպատակով, եւ երբ ստանայ այդ արտօնութիւնները, նաեւ կը հրաժարւի Իրանին հովանաւորելուց: Մի խօսքով՝ նրանց ասածով Ռուսաստանը չի կարող վստահելի դաշնակից լինել Իրանի համար:Պիտի ասել, որ այդ տեսութիւնը մի քանի անորոշութիւններ ունի, որովհետեւ ճիշտ ուշադրութիւն չի դարձնում Ռուսաստանի ու Ամերիկայի աշխարհաքաղաքական նպատակների միջեւ գոյութիւն ունեցող հակասութիւններին եւ լարւածութիւններին, նաեւ չի անդրադառնում ԱՄՆ-ի հանդէպ Ռուսաստանի ունեցած խիստ անվստահութեանը: Մոսկւան քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ը հանդարտօրէն շրջափակում է իրեն եւ փորձում է նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւններում նւազագոյնի հասցնել Ռուսաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական ազդեցութիւնները: Այս ընթացքում է, որ մենք պիտի գիտակցենք, թէ ԱՄՆ-ն մեծ հաւանականութեամբ ոչ մի արտօնութիւն չի յանձնի Ռուսաստանին:
Ամերիկացի դիւանագէտները նաեւ համոզւել են, որ Ռուսաստանը կրկին անգամ դառնում է իրենց աշխարհաքաղաքական լուրջ մրցակիցը: ԱՄՆ-ի հասարակութեան մօտ նաեւ առաջացել է այն հարցը, թէ ինչու եւ ինչպէս Խ. Միութեան փլուզումից յետոյ ԱՄՆ-Ռուսաստան դրական յարաբերութիւնները վերափոխւեցին մրցակցութեան ու լարւածութեան: Մեծամասնութիւնը դրա պատճառները գտնում են Քլինթոնի ու կրտսեր Բուշի կառավարութիւնների արտաքին քաղաքականութեան շրջագծում, ուր անտեսւել են Ռուսաստանի ազգային շահերը:Այս ընթացքում Թեհրանում շրջանառւում է նաեւ այն տեսակէտը, թէ Իրանի եւ ԱՄն-ի միջեւ հաւանական յարաբերութիւնների առաջացման ընթացքում Ռուսաստանը կը դառնայ Իրանի խիստ հակառակորդը: Սրան զուգահեռ՝ Մոսկւայում նաեւ կայ նմանօրինակ տեսակէտը, թէ եթէ Իրանը սկսի իր յարաբերութիւնները Ամերիկայի հետ, Ռուսաստանի հետ ունեցած իր յարաբերութիւնները լուսանցք կը նետի:
Այս տեսակէտը Ռուսաստանում աւելի տիրական էր նախկին նախագահ Խաթամիի շրջանում, բայց նախագահ Ահմադինեժադի պաշտօնավարութեան շրջանում աւելի է փարատւել այդ մտահոգութիւնը: Այս իրավիճակը կարող է աւելի օգնել Իրան-Ռուսաստան սերտ համագործակցութեանն ու յարաբերութեանը:Ռուսաստանը մտադիր է ոչ միայն սահմանափակել տարածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցումը, այլ փորձում է նրան սանձել ՄԱԿ-ի եւ միջազգային օրէնքների միջոցով:Մոսկւան մտահոգ է Իրանի վրայ ԱՄՆ-ի հաւանական յարձակումից եւ դրա հետեւանքներից, որովհետեւ այդ դէպքում կը խախտւի Միջին Արեւելքի անվտանգութիւնը, որով նաեւ կը վտանգի Ռուսաստանին:Ամերիկան, փաստօրէն, իր աշխարհագրական դիրքի պատճառով՝ Միջին Արեւելքի քաշքշուկներից ֆիզիկապէս զերծ է մնալու: Ուրեմն՝ Ռուսաստանը իր արտաքին քաղաքականութիւնը նաեւ ճշտում է տարածաշրջանում ԱՄՆ-ի հաւանական ներխուժման կանխարգելման առանցքով: Ռուսաստանը փորձում է միջազգային ատեանների ու ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի միջոցով կանխարգելել տարածաշրջանում ԱՄՆ-ի հաւանական միակողմանի յարձակումները, այն, ինչ տեղի ունեցաւ Իրաքում:
Այս բոլորով հանդերձ՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի շրջագծում պահելու նպատակով՝ փորձում է չէզոքացնել ամերիկացիների հաւանական եզրակացութիւնը՝ միջազգային ատեանների անկարողութեան մասին: Եթէ ԱՄՆ-ն հասնի նմանօրինակ եզրայանգմանը՝ հաւանական է, որ միջազգային ատեաններին անտեսելով՝ ինքնագլուխ գործողութիւններ իրականացնի Միջին Արեւելքում: Այս խնդիրը արդարացնում է Ռուսաստանի հովանաւորութիւնը Իրանի դէմ հաստատւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1748 բանաձեւից: Ռուսների կարծիքով՝ եթէ Ռուսաստանը չպաշտպանէր Անվտանգութեան խորհրդի 1737 բանաձեւի բարենորոգւած 1748 բանաձեւը, ԱՄՆ-ը ՄԱԿ-ին Իրանի հարցում անկարող կը համարէր եւ միակողմանի վճիռ կը ներկայացնէր Իրանի ատոմական հարցը կարգաւորելու խնդրում: Ճիշտ այս պատճառով էր, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները նաեւ Պուտինից պահանջեցին հովանաւորել Իրանի դէմ տնտեսական շրջափակումների բանաձեւերը:Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան այն կարծիքի են, թէ Սպիտակ տան ներքին անհամաձայնութիւնների նժարը թեքւում է դէպի Դիկ Չէյնին, որը հովանաւորում է Իրանի դէմ ռազմական յարձակման նախագիծը: Ուրեմն՝ վերոյիշեալ երկրները ամէն ջանք ի գործ են դնում, որ բարձրացնեն Կ. Ռայսի վարկանիշը, որը հովանաւորում է դիւանագիտական գործողութիւնների նախագիծը: Այս խնդիրը ուղղակի ազդել է Բուշեհրի ատոմակայանի աւարտման աշխատանքի վրայ:Իրան-Ռուսաստան յարաբերութեան վճռորոշ պահը կը լինի այն ժամանակ, երբ Իրանը կը պատասխանի Թեհրանում ներկայացրած Պուտինի առաջարկներին: Ռուսաստանը հովանաւորում է Իրանի ատոմական աշխատանքները եւ յոյս ունի, որ Իրանը դրական պատասխան տայ Մոսկւայի առաջարկներին: Իսկ եթէ Իրանը բացասաբար վերաբերւի այդ առաջարկներին, մեծ հաւանականութեամբ Ռուսաստանը կը վերանայի Իրանի հանդէպ իր դիրքորոշումները:
Երբ բացայայտւեն Պուտինի առաջարկների ուղղութեամբ Իրանի տւած պատասխանները, այն ժամանակ է, որ պիտի երեւան գան նոր վերլուծութիւններ՝ Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների էութեան մասին:Այստեղ նպատակ չունեմ պաշտպանել Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնը կամ ապացուցել, թէ միայն Ռուսաստանի հետ յարաբերութիւնը օգտակար է Իրանին. ոչ, այլ փորձեցի ներկայացնել Իրանի նկատմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան մէջ գոյութիւն ունեցող տարբեր կողմերը, որը բազմաթիւ պարագաներում խիստ տրամաբանական են երեւում:Ուրեմն՝ եթէ Իրանն ու Ռուսաստանը իրատեսօրէն մօտենան միմեանց քաղաքական առաջնահերթութիւններին, եւ անցեալի դառն օրերը պատմութեան էջերին յանձնելով՝ լուրջ համագործակցեն տարածաշրջանում, Միջին Արեւելքը, Կենտրոնական Ասիան ու Կովկասը ապահով կը պահեն ԱՄՆ-ի քաղաքականութիւններից: Սա նաեւ փայլուն առիթ կընձեռնի թէ՛ Ռուսաստանի, եւ թէ՛ Իրանին բազմաբեւեռ աշխարհակարգ ստեղծելով՝ սահմանափակել ԱՄՆ-ի սանձարձակ հեգեմոնիան:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 11 համարում
նաեւ
Թեհրանի Ալիք օրաթերթում
Թեհրանի Ալիք օրաթերթում
0 Պատգամ:
Post a Comment