ընդդէմ հեգեմոնիայի մենաշնորհին
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Գերակայութիւն, գերազանցութիւն, գերադասութիւն, տիրապետութիւն, առաջնորդութիւն, ղեկավարութիւն եւ այլն, այն իմաստներն են, որ զանազան բառարաններում կը գտնէք «հեգեմոն» եւ «հեգեմոնիա» բառերի դիմաց: Իրականութեան մէջ հեգեմոնիա նշանակում է մի երկրի գերակայութիւնն ու տիրապետութիւնը՝ այլ երկրների վրայ: Բնականաբար, հեգեմոնիայի իմաստները մեզ յիշեցնում են անցեալի ամբողջատիրական թագաւորութիւնները: Կարելի է ասել, որ տւեալ թագաւորութիւնների դարաշրջանից մինչեւ համաշխարհային պատերազմների շրջանը՝ միջազգային յարաբերութիւնների կառուցւածքը հիմնւած էր երկու կամ մի քանի հզօր երկրների, առհասարակ եւրոպական ուժային հաւասարութեան տեսութեան վրայ: Պիտի աւելացնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը այդ հաւասարութիւնը բաժանեց ԱՄՆ-ի եւ Խ. Միութեան միջեւ եւ Եւրոպային զրկեց դրանից:Բայց, Խ. Միութեան փլուզումը երերուն դարձրեց այդ համակարգերի հիմքերը: Միւս կողմից՝ Ամերիկան իր փիլիսոփայ-մտաւորականների՝ Ֆոկոյամայի, Հանտինգտոնի եւ այլնի միջոցով վերանայեց միջազգային ուժային համակարգն ու նպատակադրեց իր մենաշնորհը դարձնել դա՝ միջազգային ոլորտում իրեն որպէս հեգեմոն ներկայացնելով:ԱՄՆ-ի նոր պահպանողակաները միջազգային առաջնորդութեան ու ղեկավարութեան յոյսը իրենց ներշնչեցին Խ. Միութեան փլուզման ու դրա պատճառով առաջացած ուժային բացի շնորհիւ եւ նոր աշխարհակարգի տեսութիւնը ներկայացնելու միջոցով:Առաջին անգամ հեգեմոնիայի տեսութեան հետ զբաղւել են ձախակողմեան մտաւորականները՝ հիմնւելով Կառլ Մարքսի գաղափարների վրայ: Այդ մտաւորականների առաջին շարքում էին՝ Պլեխանովը, Լենինը եւ Անտոնիօ Գրամշին: Այս բոլորով հանդերձ՝ դա Կոմունիստ աշխարհը չէր, որ ձեռք բերեց միջազգային հեգեմոնիան, այլ իր սխալ արարքներով դա շնորհեց իր մրցակից Արեւմուտքին: Այս թանկագին պարգեւը, որ մեծածաւալ կայսրութիւնների մարումից յետոյ ոչ մի ուժի չէր պատկանում, միանգամայն 90-ական թւականներին հասաւ ԱՄՆ-ին եւ նորէն արթնացրեց «կայսրութիւն» հասկացողութիւնը: ԱՄՆ-ն այդ թւականին սկսեց վերամշակել իր ուժը ըստ միջազգային նոր համակարգի տւեալների, բայց միւս կողմից՝ նաեւ լուռ չմնացին հեգեմոնիայի մենաշնորհի հակառակորդները: Հակառակորդների ճամբարը կազմւած էր այն երկրներից, որոնք անցեալում մեծ դերակատարութիւն ունէին միջազգային ասպարէզում: Ճիշտ է, այսօրւայ հեգեմոնիան նման չէ ձախ մտաւորականների հասկացած հեգեմոնիային, բայց այն երկրները, որ անգամ քիչ տոկոսով հակւում էին դէպի ձախակողմեան գաղափարախօսութիւնը, մի կերպ կարծում էին, թէ Արեւմուտքը իրենցից խլել է պապական ժառանգութիւնը: Ուրեմն՝ հեգեմոնիայի մենաշնորհի դէմ պայքարելով՝ նրանք դարձան հակահեգեմոնիայի պաշտպանն ու կողմնակիցը: Կոմունիստ Չինաստանն ու արդի Ռուսաստանը որպէս նախկին ձախ աշխարհի մնացորդները՝ Իրանի հետ միասին կամաց-կամաց փորձեցին նւազեցնել ԱՄՆ-ի հեգեմոնիայի ուժն ու ծաւալը:
Նորից ռուսները
Այսօր ռուսները չեն կարող իրենց ասպարէզից դուրս տեսնել, եւ այն էլ այն պատճառով, որ ունեն այդ ասպարէզի ոչ-լիարժէք, բայց որոշ տւեալները:Նախ կարելի է անդրադառնալ պատմական տւեալին, որը մեծ ազդեցութիւն ունի ռուս ժողովրդի ինքնութիւնը կազմող եւ մշակոյթը կերտող ազդակների վրայ: Հարուստ եւ հզօր պատմութիւնը ինքնին կարող է երկշեղբ սուր դառնալ Ռուսաստանի համար, այն իմաստով, որ եթէ Ռուսաստանը չկարողանայ իրար շաղկապել անցեալն ու ներկան, մի կերպ ինքնութեան ճեղքւածքի եւ կորստի պատճառ կը դառնայ հասարակութեան մէջ: Բայց, ըստ երեւոյթին, Ռուսաստանը ճիշտ ձեւով է օգտագործում այդ սուրը:Այստեղ նաեւ չպէտք է անտեսել կոմունիստական շրջանը: Ճիշտ է, որ այդ 70 տարիների ընթացքում ժողովուրդը ապրեց աւելի խիստ պայմաններում, բայց նաեւ չեն մոռացել, որ իրենց երկիրը կարեւոր ազդեցութիւն ունէր միջազգային ասպարէզում:Ռուս ժողովուրդը այսօր չի կարող իր երկիրը տեսնել կրաւորական դիրքերում, ուրեմն՝ հեշտութեամբ մոռանում են դժւար օրերը եւ ի դիմաց՝ իրենց դիւանագէտներից պահանջում են աւելի ազդեցիկ դերակատարութիւն ունենալ միջազգային ոլորտում: Այս երեւոյթը տեսնելով՝ պէտք է ասել, որ Վլադիմիր Պուտինն ու իրեն յաջորդող նախագահը շատ բախտաւոր ղեկավարներ են, որոնք առանց մեծ դժւարութեան՝ ժողովրդի կողմից ստանում են հաստատում եւ հովանաւորութիւն՝ իրենց արարքների համար: Սա նւազագոյն գործն է, որ մի գիտակից ազգ կարող է անել յանուն իր երկրի զարգացման ու բարգաւաճման: Ի դիմաց՝ Պուտինն էլ ապացուցում է, որ լաւագոյն կերպով օգտագործում է իրեն շնորհւած հնարաւորութիւնները: Փորձառութիւնը փաստել է, որ նախ պէտք է կառուցել կամ վերակառուցել սեփական տունը, յետոյ տնից դուրս ուժ որոնել:Ռուսաստանը թէ՛ կոմունիստական, եւ թէ՛ ներկայ շրջանում յայտնի է որպէս ռազմական գերուժ, որն ունի նաեւ բազմաթիւ ատոմական մարտագլխիկներ ու վետոյի իրաւունք՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում:Վերոյիշեալ նշումները կարելի է համարել Ռուսաստանի գլխաւոր ազդակները՝ միջազգային ոլորտում կարեւոր ազդեցութիւն ունենալու համար:Խ. Միութեան փլուզումից յետոյ մեծ թւով փորձագէտներ համոզւած էին, որ արդի Ռուսաստանը ննջելու է իր երէկւայ թշնամու գրկում՝ արեւմտամէտ ռազմավարութիւն ցուցադրելով, բայց Բորիս Ելցինը երկրորդ հազարամեակի վերջին ժամերում իր ճշգրիտ ընտրութեամբ Վլադիմիր Պուտինին ներկայացրեց՝ որպէս իր յաջորդը: Ելցինը Ռուսաստանի երրորդ հազարամեակի առաջին տարիները Պուտինին յանձնելով՝ Ֆրանսիս Ֆոկոյամային սովորեցրեց աւելի զուսպ լինել «պատմութեան աւարտ»-ի մասին իր տեսութիւններն արտայայտելու գործում:Տնտեսութեան ոլորտում էլ Ռուսաստանն ունի իր կարեւոր դերակատարութիւնը: Վլադիմիր Պուտինի պաշտօնավարութեան շրջանում Ռուսաստանի տնտեսութիւնը աճ է արձանագրել: Այս ուղղութեամբ հնարաւորութիւն ունի մինչեւ 2010 թ. գների յորդումը 6%-ից վար իջեցնել, որը ինքնին կարող է աջակցել Ռուսաստանին՝ քաղաքական ու միջազգային ծրագրերում:
Կոմունիստական Չինաստան, չինական կոմունիզմ
Չինաստանը 1980 թւականից որոշեց ըստ միջազգային կարգերի՝ մուտք գործել համաշխարհային ուժային մրցակցութեան մէջ: Ուրեմն՝ աստիճանաբար իր վրայից թօթափեց կոմունիստական-մաոյիստական գաղափարները եւ պահպանելով սոցիալիստական տնտեսութիւնը՝ թեւակոխեց միջազգային տնտեսութեան ոլորտը: Այսօր Չինաստանը, որ իր հարեւան Հնդկաստանի հետ միասին՝ կազմում են աշխարհի 1/3-րդ բնակչութիւնը, իրենց տնտեսական 13% աճով հսկայական թափ են առաջացրել միջազգային տնտեսութեան շուկայում՝ սպառնալով ԱՄՆ-ի տնտեսական հեգեմոնիային: Ամերիկան քաջ գիտակցում է, որ տնտեսական անսասան զարգացումը Չինաստանին կը պարտադրի դուրս գալ իր սահմաններից՝ աւելի մեծ շուկաները գրաւելու նպատակով: Այս բոլորին զուգահեռ՝ զարգացող ռազմական ուժը, ՄԱԿ-ում վետոյի արտօնութիւնը, ծաւալուն տարածքը, մարդաշատ բնակչութիւնը, Շանգհայի պայմանագիրը, Ասիայի հարաւարեւելեան երկրների հետ համագործակցութիւնը, Պարսից ծոցին մերձեցումը եւ աշխարհագրական խիստ կարեւոր դիրքերը Չինաստանին վերածել են մի հսկայի, որը իր ուսերի վրայ շալակել է միջազգային տնտեսութիւնը եւ միաժամանակ՝ ԱՄՆ-ի ուսերին է ծանրանում:Ըստ Համաշխարհային բանկի վերջին զեկոյցի՝ Չինաստանը 2030-2040 թւականներին վերադասւելով ԱՄՆ-ից՝ դառնալու է համաշխարհային տնտեսութեան առանցքը: Նաեւ խօսւում է Ասիայի հարաւարեւելեան երկրների միջեւ միատարր դրամական համակարգի ստեղծման եւ Չինաստան-Հնդկաստան տնտեսական միաւորման մասին: Վերոյիշեալ տւեալներն ապացուցում են, որ ԱՄՆ-ն կորցնում է իր տարածաշրջանային եւ ինչու չէ նաեւ միջազգային հեգեմոնիան: Ուրեմն՝ զարմանալի չեն ԱՄՆ-ի կողմից Չինաստանից անկախութիւն պահանջող Տիբետի հոգեւոր առաջնորդ դալայ լամային Ամերիկայի բարձրագոյն աստիճանի շքանշանի շնորհումը եւ միաժամանակ Հնդկաստանին ատոմական առաջարկներով շոյանքը, որ յանկարծ չմիաւորւի Չինաստանի հետ:Ինչ որ է, ըստ երեւոյթին, Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք մի կերպ գործնապաշտ-մարքսիստական գաղափարների ժառանգորդն են համարւում, ուզում են Հանտինգտոնին ու նրա նման տեսաբանների ապացուցել, որ «ձախ» հոսանքը դեռ չի հասել վերջակէտի եւ ԱՄՆ-ն պարտաւոր է իր նիւթական հսկայ բաժինը դեռ ծախսել այս ուղղութեամբ:
Իսլամական Իրան, իրանական իսլամ
Իրանցիները, ինչպէս ռուսներն ու չինացիները, ժամանակին աշխարհի գերհզօրներից են եղել, արդի իմաստով՝ հեգեմոն: Նրանք մի յատուկ ինքնութեան ու հասարակական-քաղաքական մշակոյթի տէր ազգ են եւ հեշտութեամբ չեն ենթարկւում ուրիշի հեգեմոնիային: Այս խնդիրն ապացուցւած է Իրանի նորագոյն պատմութեան էջերում: Օտարի հեգեմոնիային չենթարկւող իրանցիների հոգեբանութիւնը ճիշտ հասկանալու համար՝ կարելի է նրանց համեմատել Արեւմուտքին հնազանդւած Արաբական աշխարհի հետ: Բայց, Իրանը ոչ այն կարողութիւնն ու տարողութիւնն ունէր, որ Եւրոպայի ու Ճապոնիայի նման գնայ դէպի համաշխարհային բաց շուկայ եւ ոչ էլ այնքան ինքնութիւնից էր զրկւել, որ կոմունիզմը դարձնի իր գերագոյն նպատակը: Ուրեմն՝ Իրանը միայն մէկ գործօնի միջոցով կարող էր ձեռք բերել հակահեգեմոն ուժը, եւ այն իրանական յատուկ իսլամն էր, որ Իսլամական Հանրապետութեան դիմանկարով որպէս մի հսկայ ուժ՝ ծառացաւ ԱՄՆ-ի հեգեմոնիայի մենաշնորհի դէմ:
Խաղի կանոնները
Ըստ չգրւած միջազգային օրէնքի՝ սովորաբար մեծերն են ճշտում կանոնները:Իրանը նախքան 1978 թւականը խաղում էր այն օրերի խաղի կանոններով՝ գնալ դէպի Արեւե՞լք թէ թեքւել դէպի Արեւմուտք: Այն օրւայ Իրանն ընտրել էր երկրորդ տարբերակը: 1978-ը վերջին տարին էր, երբ Իրանը շարժւում էր օրւայ խաղի կանոնների համաձայն, եւ Իսլամական յեղափոխութիւնից յետոյ որդեգրեց մի իւրայատուկ ձեւ, որը ոչ համապատասխանում էր Արեւելքին եւ ոչ էլ Արեւմուտքին: Ըստ համակարգերի տեսութեան՝ այն համակարգը, որի կանոնները ճշտում են հսկաները, չի կարող հանդուրժել նորեկ անդամի, որը չի յարգում խաղի կանոնները եւ արդիւնքում մեծերը նրան ասպարէզից հեռացնելու են: Եւ այդպէս եղաւ Իրանի ճակատագիրը:Երբ որեւէ երկիր խաղում է համաշխարհային կանոններին հակառակ, բնականաբար ծախսերը աւելանում եւ ձեռքբերումները նւազում են: Սա ուղղակի պատահել է Իրանին: Ժամանակին այս վիճակը նաեւ պատահում էր Ռուսաստանին ու Չինաստանին, երբ նրանք փորձում էին քարոզել իրենց կոմունիզմը եւ խաղալ ըստ այնմ:Տասնամեակներ է, ինչ դոգմաները (կրօն-գաղափարախօսութիւն) կորցրել են իրենց դերակատարութիւնը՝ միջազգային յարաբերութիւններում, որովհետեւ այսօրւայ խաղի կանոնները ճշտում են գործնապաշտ եւ շահախնդիր տարրերը:Ուրեմն՝ Իրանի այսօրւայ դաշնակիցները փորձում են մի կերպ նրան համոզել յարգել միջազգային յարաբերութեան կանոնները: Եթէ կատարւի դաշնակիցների ցանկութեան հակառակը, հաւանական է, որ նորէն Իրանը իրեն մենակ գտնի միջազգային ոլորտում, որովհետեւ իր հզօր դաշնակիցները փորձում են խաղի կանոնները չխախտելով՝ իրենց համար ապահովել աւելի մեծ շահեր:Վերջում պիտի ասել, որ աշխարհը ժամանակների ընթացքում ունեցել է բազմաթիւ կանոններ՝ օրւան համապատասխան, ուրեմն՝ ապագան ուղղակի կախում ունի մեր այսօրւայ խաղավարութիւնից:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 10 համարում
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 10 համարում
նաեւ
Թեհրանի Ալիք օրաթերթում
0 Պատգամ:
Post a Comment