Tuesday, October 09, 2007

Չէ Գեւարա

Այսօր Էռնեստօ Չէ Գեւարայի մահւան 40 ամեակն է:

Ուզեցի այսկերպ խոնարհւել նրա անթառամ յիշատակի առջեւ:

«Hasta Siempre»(ընդմիշտ) Երգը, որ Նաթալի Քարդօնն է երգել, եւ դա Չէ Գեւարայի վերջին նամակն է յղած Ֆիդել Կաստրոյին, դիտեք այս տեղ:
Նաեւ կարող էք իր դասախօսութիւնների մի քանի վայրկյանը ստանալ այս տեղից:
----------
Չէ Գեւարայի հայերէն Կենսագրութիւն:
----------
ՈՂՋ է, ԹԵԵՎ՝ ՄԱՀԱՑԱԾ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հոկտեմբերի 9-ին լրացավ Չե Գեվարայի մահվան ուղիղ 40 տարին։ Նա սպանվեց 1967 թվականի հոկտեմբերի 9-ին՝ բոլիվիական Լա Իգերա գյուղում, 39-ամյա հասակում։ Այդ մեծ իդեալիստը, որ պայքարում էր ողջ աշխարհում արդարության հաստատման համար, անշուշտ, նաեւ հայրենի հեղափոխականների կուռքն է։ Հենց վերջիններիս համար էլ պատրաստել ենք ձեր ուշադրությանը ներկայացվող հրապարակումը։

ԿՐԱԿԻ՛Ր, ՇԱՆ ՈՐԴԻ

Երբ սերժանտ Տերանը ներխուժեց դպրոցական դասասենյակ, որտեղ պահում էին գերուն, վիրավոր Չեն մեծագույն ջանքով փորձեց ոտքի կանգնել։ Տեսնելով տեղից բարձրացող պարտիզանական հրամանատարին, մարդասպանը մի տեսակ շփոթվեց։ Այդժամ, համաձայն առասպելներից մեկի, Չեն հրամայեց. «Կրակի՛ր, շան որդի»։
Իսպաներեն «շան որդին» հնչում է որպես ահավոր վիրավորանք, որը չի կարող ներել իրեն հարգող եւ ոչ մի տղամարդ։ Ու շան որդին Չեի վրա արձակեց ինը գնդակ...

ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ Է ՄԱՀԱՑԵԼ ՉԵՆ

Ուղիղ տասը տարի անց ֆրանսիացի փիլիսոփա Ռեժի Դեբրեն, որը Չե Գեվարայի հետ մասնակցել էր Բոլիվիայում պարտիզանական պայքարին, հայտարարեց. «Չեն սպանվեց երկու անգամ. նախ՝ սերժանտ Տերանի ավտոմատի կրակահերթով, իսկ հետո՝ իր միլիոնավոր դիմանկարներով»։Իսկ թշնամիները համարում են, որ առաջին անգամ Չեն «մահացավ» 1959 թվականին, երբ Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո «մղվեց երկրորդ պլան»։ Իսկ հետո «մահանում էր» գրեթե ամեն տարի, ըստ որում՝ Բոլիվիայից հետո «շարունակում է ամեն օր մահանալ Կուբայում...»։ Հարյուրավոր անգամներ հեղափոխության հակառակորդները Չեին հայտարարել են «փառքից նեխած դիակ», հարյուրավոր անգամներ փորձել թաղել նրան եւ դրանով ազատել ինքզինքը մղձավանջային սարսափից, որ ներշնչում էր նրա ստվերը։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Չե Գեվարայի մահից նույնիսկ 40 տարի անց թեժ բանավեճերը մեծ հեղափոխականի անձի եւ ժառանգության շուրջ չեն դադարում։ Իրեն նվիրված ֆիլմերի, վեպերի, ներկայացումների, ուսումնասիրությունների թվով Չեն գերազանցեց 20-րդ դարի երկրորդ կեսի ցանկացած քաղաքական գործչի։ Ուրեմն ո՞րն է մարդկային այդ վիթխարի ֆենոմենի գաղտնիքը։ Այս հարցին դժվար թե որեւէ մեկը կարողանա պատասխանել։
Ի տարբերություն իր բազմաթիվ համախոհների, Չե Գեվարան չէր ձգտում իշխանության։ Այն ժամանակներից ի վեր ձախ արմատական խարիզմատիկները. հիմնականում, իհարկե՝ լատինամերիկյան, ընտրում են կա՛մ Ֆիլդել Կաստրոյի դերը, կա՛մ Չեի։ Օրինակ` նախագահ Ուգո Չավեսն անկասկած ընտրեց Ֆիդելի նպատակը։ Պայքարեց հանուն իշխանության եւ ստացավ դա։ Իսկ ժամանակակից գլխավոր սապատիստը՝ սուբկոմանդանտե Մարկոսը, Չեի կերպարի մեջ է։
Չե Գեվարան՝ հերոսական արտաքինով հեղափոխականը, որի պատկերը ծանոթ է յուրաքանչյուրին՝ Ալբերտո Կորդայի հանրահայտ նկարի շնորհիվ, դարձավ ազատության խորհրդանիշը՝ որպես այդպիսին։ Սապատիստների համար՝ գլոբալիզացիայից ազատության։ Ուգո Չավեսի համար՝ ԱՄՆ-ի հեգեմոնիայից ազատության։ «Ալ Ղայիդայի» համար՝ անհավատներից ազատության։ Մոդայիկ ռեստորանների այցելուների համար՝ ճղճիմ առօրյայից ազատության։

ՄԻԱՅՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Չեն եռանդագին ելք էր որոնում սոցիալիզմի ճգնաժամից եւ տեսնում դա համաշխարհային հեղափոխության մեջ։ Միայն համաշխարհային հեղափոխությունը, որը կծավալվեր մոլորակով մեկ, ներառյալ նաեւ իմպերիալիզմի հիմնական կենտրոնները, կկարողանար ազատագրել աշխարհը լծից։
Աշխարհի աղքատների առաջնորդ Չեն առաջին գլոբալ հեղափոխականն էր։ Նրանից առաջ նույնիսկ ամենախոշոր հեղափոխական գործիչները (Լենինը, Մաոն, Հո Շի Մինը) այդպես էլ դուրս չեկան ազգային շրջանակներից։ Հենց դրա համար էլ Չեն, որը զոհվեց հակագլոբալիստական շարժումից 30 տարի առաջ, դարձավ դրա «կնքահայրն» ու դրոշը։ Հենց նույն 1960-ական թվականներին էլ ընդմիշտ անցավ նրա խորհրդարանամետ տրամադրվածությունը։ Չեին խորապես ցնցեց Խրուշչովի քաղաքականությունը 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ։ Նա համարում էր, որ Կուբան միշտ ենթարկված կլինի ԽՍՀՄ միջազգային քաղաքականությանը։ Ելույթ ունենալով Ալժիրում, նա մեղադրեց սոցիալիստական երկրներին «իմպերիալիստական կեղեքիչների» հետ մեղսակցության մեջ։ Դա հոգեբանական բախում առաջացրեց նրա եւ Ֆիդելի միջեւ, որն այն ժամանակ չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Խորհրդային Միության հետ։ Ֆիդելն ու Չեն՝ որպես հեղափոխության երկու առաջնորդներ, իրենցից ներկայացնում էին, ըստ էության, մեկ ամբողջություն։ Չեի նվիրվածությունը Ֆիդելին բացարձակ էր։ Ըստ որում` Չեն միակն էր ղեկավարության մեջ, որ կարող էր առարկել Ֆիդելին։ Տեսական հարցերում էլ առաջնությունն ակնհայտորեն Չեի կողմն էր։
ԳԵՎԱՐԻԶՄ Բոլիվիայում վերջին մարտի ժամանակ պատմությունը՝ ասես ծաղրելով Չեի այն խոսքերը, որ «Պարտիզանի համար սապոգները հրացանից էլ կարեւոր են», զրկեց նրան ե՛ւ սապոգներից (կորցրեց մարտի ընթացքում գետն անցնելիս), ե՛ւ կարաբինից (փշրվեց թշնամու գնդակից)։ Բայց Պատմության հետ մահացու առճակատման մեջ Չեն հաղթեց իր պարտությանը։ Եւ երբ ուղղաթիռի սահակողից կապած Չեի դիակը թռչում էր երկնքով, նրա լայն բացված աչքերը խաղաղված էին. Չեն արեց իր գործը։ Նա դարձավ առասպել։ Նա ոտքի հանեց միլիոնավոր ծնկաչոք մարդկանց։
Չեի անձի պատմական վիթխարի նշանակությունն այն է, որ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում դուրս էին գալիս դեպրեսիվ վիճակից, թոթափում ստրկության հոգեբանական լուծը եւ ձեռք բերում ներքին ազատություն՝ ապստամբության գլխավոր պայմանը։Հենց այդպիսի մարդկանց էլ ապավինում է գեվարիզմը՝ աննախադեպ երեւույթը, որտեղ միաձուլված են բարոյական անընդմեջ ջանքն ու հեղափոխական պրակտիկան, անվեհեր գոյության էսթետիկան եւ բարձր տեսությունը։

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը