Monday, December 12, 2005

Արցախը ո՞ւմ է պատկանում

Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան հանրաքւէի սեմին «Հայոց աշխարհ» օրաթերթում տպագրւեց Հայաստանի պաշտպանութեան նախարարի խորհրդական գեներալ Հայկ Քոթանջեանի հարցազրոյցը, որի ընթացքում նա բացայայտել էր Արցախի կարգաւորման մի տարբերակ, որը կոչւում է «Ճանապարհային քարտէզ»: Նախ եւ առաջ հետաքրքիրն այն է, որ նման կարեւոր խնդիր ժողովրդին փոխանցւեց հէնց սահմանադրական հանրաքւէի սեմին, երբ բոլորը, նաեւ լրատւամիջոցները, խիստ զբաղւած էին հանրաքւէի թեր ու դէմ քարոզչութեամբ:Նախ տեսնենք, թէ ինչ է պարունակում այդ ճանապարհային քարտէզի նախագիծը: Ըստ Հ. Քոթանջեանի՝ նախապատրաստւող պայմանագրում նախատեսւում է Ադրբեջանի տարածքային ամբողջութեան ճանաչում, որի մէջ ընգրկւելու են ազատագրւած բոլոր շրջանները: Իսկ Քելբաջարն ու Լաչինը լինելու են «ազատ տնտեսական գօտի» եւ վերականգնւելու են ադրբեջանցիների ու հայերի ջանքերով:Եթէ այս նախագծի հետեւանքներով հետաքրքրւած չեն Հայաստանում, ապա արցախցիները խիստ մտահոգ են եւ մինչեւ անգամ այդ ծրագիրը անւանում են ապազգային ու ասում, թէ նախագիծն առաջարկողները «հայեր» չեն:Ըստ ԼՂՀ-ի Ազգային ժողովի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանէսեանի՝ «Այն տեսակէտը, թէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նոյն իրաւունքով է հռչակւել, ինչ որ Ադրբեջանի Հանրապետութիւնը, ես կիսում եմ: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղեան կարգաւորման այն առաջարկներին, որ ներկայացնում է քաղաքագէտը, ապա ԼՂ Հանրապետութեան պաշտօնական տեսակէտը այն է, թէ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը կարող է լինել մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում»: Նա գտնում է, որ ժողովուրդն իր կարծիքն արտայայտել է մէկ անգամ՝ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքւէում, որին, ի դէպ, կարող էին մասնակցել ԼՂՀ-ի ազգութեամբ ադրբեջանցի քաղաքացիները եւ երկրորդ անգամ ժողովրդի կարծիքը հարցնելու անհրաժեշտութիւն չկայ:Բայց ինչո՞ւ պիտի վերադարձւեն ազատագրւած տարածքները: Սա շատ կարեւոր հարց է նախ արցախցու եւ յետոյ համայն հայութեան համար:Ընդունելի է, որ քաղաքական որեւէ նպատակ ունի իր առեւտրական գործարքը, բայց զարմանալին այն է, որ ինչու Հայաստանի իշխանութիւնը, որ դեռ պաշտօնապէս չի ճանաչել Արցախի անկախութիւնը, պապից աւելի պապական խօսում է զիջումների մասին, այն էլ երբ Ադրբեջանը խուսափում է դրանից եւ երբեք չի խօսում փախստական հայերի Ադրբեջան վերադարձի մասին: Ինչո՞ւ այդ «փոխզիջումները» պիտի լինեն հողային, չէ՞ որ Արցախը անկախ պետութիւն է եւ իրաւունք ունի վճռել իր ապագան:Պիտի մատնանշել, որ Արցախի հակամարտութեան կարգաւորումը չի կարող նմանւել Գազայում իրականացւած Իսրայէլ- Պաղեստին հակամարտութեան կարգաւորմանը, եթէ մինչեւ անգամ կրեն նոյն անունները՝ ճանապարհային քարտէզ (Road map): Նախ Գազան անմիջական սահման չունէր Իսրայէլի հետ, երկրորդ՝ պաղեստինցի ազատամարտիկները Եգիպտոսից դիւրութեամբ անցնում էին Գազայի հատւած՝ Իսրայէլին հարւածելու նպատակով, երրորդ՝ Իսրայէլը Գազայից դուրս գալով, որի անվտանգութեան ծախսերը Գազայում երեք անգամ աւելի էին քան իր տարածքում, երաշխաւորեց ու ամրապնդեց Յորդանանի արեւմտեան տարածքում իր անօրինական ներկայութիւնը: Ինչո՞ւ Արցախի հարցին չնայենք Ռուսաստանի ու Ճապոնիայի միջեւ գոյութիւն ունեցող Կուրիլ կղզիների օրինակով, չէ որ Կուրիլ կղզիները Ռուսաստանի տարածքի 1/100-ն է ու դեռ այնքան էլ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակութիւն չունի:Բայց Լեռնային Ղարաբաղը թէ՛ ռազմավարական նշանակութիւն ունի Հայաստանի համար, եւ թէ՛ անմիջական սահման՝ նրա հետ: Դիւանագիտական աշխարհում զիջումները լինում են վերջին փուլերում եւ յաճախ անգամ չի խօսւում դրանց մասին:Զիջումների պարագայում նախ ներկայացւում է նւազագոյն միջոցը, որից յետոյ աւարտւում է այսպէս ասած առաւելագոյն միջոցով:Ինչպէս երեւում է, ազատագրւած հողերի վերադարձումը Հայաստանի դեռ նւազագոյն փաթեթն է. եթէ դա է նւազագոյնը ուրեմն՝ ի՞նչ պիտի լինի հակամարտութեան աւարտին:Չեմ ուզում յանգել այն մտքին, որ այսօրւայ իշխանութիւնը աւելի շատ ուզում է հաճոյանալ Արեւմուտքին, բայց ուրիշ բան չեմ գտնում. միայն պէտք է ասել, որ հայրենիքը, ազգը եւ հողն ու տարածքը խաղարկւելու իրեր չեն եւ այսօրւայ մեր սխալները կարող են չնչին երեւալ, բայց ապագայ սերունդն է, որ պիտի ապրի ու գոյատեւի եւ այդ փոքր սխալները կարող են մեծ սպառնալիք դառնալ նրա գոյութեանը, որի միակ պատճառները նախ մենք կը լինենք, ոչ ուրիշը:

1 Պատգամ:

Hakob Gevorgian said...

Հարգելի Արթին,

Լրիվ համամիտ եմ ձեզ հետ։ Սակայն այս ոչ միայն այս չարորակ կենդանինեն են գործում ճակատագրական սխալներ, այլ մարդիք որոնց բախտ է բերել տիրանալ ինչ–որ մի հողաբաժնի, որը իբրեւ գրավ է ծառայում Համաշխարհային Բանկից դրամ լափելու համար։ Եթե կարդաք Հայաստանի Աճուրդային Շուկայում դրված հաստատությունների բնութագրերն ու նրանց արժեքն ու գործունեությունը, ապա կհասկանք թե ինչ է տեղի ունենում։

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը