Friday, March 18, 2011

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իրանցի բանտարկյալները դիմել են հացադուլի


Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 12 իրանցի բանտարկյալները արդեն 23 օր է, ինչ դիմել են հացադուլի: Աղբյուրները վկայում են, որ հիշյալ բանտարկյալները, իբրև բողոք, շուտով պատրաստվում են հրաժարվել նաև ջրից:

Իրանցի բանտարկյալները ձերբակալված են թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով, և նրանք ոչ թե բողոքում են իրենց մեղքը հերքելու նպատակով, այլ պահանջում են, որ իրենց հետ վարվեն միջազգային օրենքների համաձայն: Մեզ փոխանցված տեղեկության համաձայն` հիշյալ ձերբակալվածներից միայն երկուսն են ստացել իրենց դատավճիռը։ Կան անհատներ, որոնք, արդեն 17 ամիս բանտախցում գտնվելով, չեն ստացել դատավճիռն ու անորոշ վիճակում են: Ի դեպ, դատավճիռը ստացած երկու իրանցիներն էլ բողոքում են իրենց դատավճռից: Նրանք պնդում են, թե ապացուցվել է, որ 1.5 գր թմրանյութը անձնական օգտագործման համար է եղել, մինչդեռ ստացել են թմրանյութեր տեղափոխող և իրացնող հանցագործերի վճիռ՝ 4.6 տարի ազատազրկում:

Մեր աղբյուրները մատնանշում են, որ անցյալ շաբաթավերջին բանտապահները բանտարկյալներին հացադուլից հրաժարեցնելու համար խիստ ծեծի են ենթարկել և նրանցից 6-ին տեղափոխել առանձին բանտախցեր: Ըստ բանտարկյալների՝ նրանց տրամադրված իրավաբաններն էլ, մոտ 2-3 հազար դոլար ստանալով, դեռ ոչ մի աշխատանք չեն իրականացրել իրավիճակը շտկելու և վերջնական արդյունքի հասնելու ուղղությամբ: Բանտարկյալները փոխանցում են, որ բողոքի նամակներ են հղել «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանն ու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, սակայն, ըստ երևույթին, նամակները չեն հասել հասցեատերերին:

Մեր աղբյուրների մատուցմամբ, իրանցի բանտարկյալները հայտարարել են, որ եթե այսպես շարունակվի, շուտով հրաժարվելու են նաև ջրից և հույս ունեն, որ գոնե իրենց անկենդան մարմինները կհասնեն իրենց ընտանիքներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը