Wednesday, February 16, 2011

Մեհդի Քարուբիի խոսքը` փետրվարի 14-ի ցույցերի կապակցությամբ

Իրանի «Ազգային վստահություն» կուսակցության ու ռեֆորմիստական շարժման առաջնորդ Մեհդի Քարուբին իր գլխավորած կուսակցության SAHAM News լրատվական կայքի միջոցով հրապարակել է իր պատգամը փետրվարի 14-ին տեղի ունեցած ցույցերի կապակցությամբ:

Խոսքում նա նշել է. «Ինչպես արդեն մեր ժողովուրդը գիտի, Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդավարական ու ավտորիտարիզմի դեմ ծավալալված պայքարի հաղթանակի կապակցությամբ «Կանաչ» շարժումը մտադրվեց իր աջակցությունը հայտնել։ Բացի այդ, Իրանի սահմանադրության համաձայն, նման համահավաքները թույլատրվում են, սակայն մենք բարի կամք ցուցաբերեցինք և դիմեցինք երկրի ՆԳ նախարարությանը: Դժբախտաբար, հայտի հանձնումից հետո մեր դեմ հսկայական ալիք առաջացավ, մեզ տներում կալանքի ենթարկեցին և խզեցին արտաքին աշխարհի հետ բոլոր կապերը:

Ինչպես արդեն տեղեկացել ենք, դարձյալ ժողովրդի խաղաղ ցույցին հատուկ կլաններին կապված վարձկանների միջոցով բռնությամբ պատասխանեցին, և արդյունքում բազմաթիվ ցուցարարներ վիրավորվել ու ձերբակալվել են: Նաև տեղեկացել եմ, որ, դժբախտաբար, ցույցերի ընթացքում զոհվել են երկու ուսանողներ՝ Սանե Ժալեն և Մուհամադ Մոխթարին, որոնց ընտանիքներին ու Իրանի ժողովրդին ցավակցություն եմ հայտնում ու խիստ դատապարտում եմ իշխանությունների ոչ մարդկային և ոչ իսլամական կեցվածքն ու նրանց կոչ եմ անում՝ քանի դեռ ուշ չէ, լսե՛ք ժողովրդի ձայնը: Քաղբանտարկյալներին ազատե՛ք, ու ձեր ձեռքը հեռացրեք մամուլի բերանից և հաստատուն մնացեք Սահմանադրության միջոցով ժողովրդի հետ կնքած ձեր պայմանագրի օրենքներին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը