Friday, February 06, 2009

«Իրան-ԱՄՆ» թաքուն բանակցութիւններում


Բացայայտում են ամերիկեան թերթերը
Արթին Առաքելեան

Յունւարի 30-ին ամերիկեան «Վաշիգտոն Թայմս» օրաթերթը իր «Նախկին պաշտպանութեան նախարարի եւ Թեհրանի ներկայացուցիչի յանդիպումները» խորագրով յօդւածում յայտարարեց թէ ըստացած տեղեկութիւնների համաձայն ԱՄՆ-ի նախկին պաշտպանութեան նախարար Վիլիամ Ջէյմս Պերրին անցեալ երեք տարիների ընթացքում հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխաւոր խորհրդական Մոջթաբա Հաշեմի Սամարէի հետ, որը մինչեւ օրս չի բացայայտւել:
Թերթը աւելացնում է թէ այդ տեղութիւնը փոխանցող անհատը, որը հարցի կարեւորութեան բերումով չի ցանկացել իր անունը բացայայտել, ասել է թէ Ահմադինեժադի բարձրագոյն խորհրդականներից՝ Հաշեմի Սամարէի հետ տեղի ունեցած հանդիպումները երկու երկրների դիրքորոշումներին ծանօթանալու նպատակով է իրականացել: Ըստ նոյն աղբիւրի, ամերիկացի նախկին դիւանագէտները իրանցիների հետ բազմաթիւ հանդիպումներ են ունեցել, բայց Հաշեմի Սամարէի նման ազդեցիկ դիւանագէտների հետ տեղի ունեցած հանդիպումները սահմանափակ են եղել:
«Վաշիգտոն Թայմս» օրաթերթին զուգահեռ, ամեիկեան ոչ-կառավարական «Պակւաշ» (Pugwash) խաղաղասիրական կազմակերպութեան Վաշինգտոնի գրասենեակի ներկայացուցիչ՝ Ջեֆրի Բաւթոլը նաեւ յայտարարեց թէ իր կազմակերպութիւնը վերջին տարիների ընթացքում թւով չորս խորհրդաժողով է կազմակերպել իրանի եւ ԱՄՆ-ի դիւանագէտներին իրար շուրջ համախմբերլու նպատակով: Նա Բի.Բի.Սի. –ի հետ ունեցած իր հարցազրոյցի ընթացքում խուսափեց բացայայտել այդ խորհրդաժողովներում նետկայ եղած դիւանագէտների անունները, բայց ըստ որոշ տեղեկութիւնների իրանի կողմից ներկայ են եղել ԱԷԿ-ում իրանի ներկայացուցիչ՝ Ալի Ասղար Սոլթանիէն ու նախագահ Ահմադինեժադի խորհրդական Համիդ Մոլանան:
Իրանի Տեղեկատւութեան եւ Անվտանգութեան նախարարը յունւարի 31-ին անդրադառնալով «Վաշիգտոն Թայմս» օրաթերթի հաղորդած տեղեկութեանը, խուսափեց հստակ բացադրութիւն տալուց եւ միայն յայտարարեց թէ երկու երկրների միջեւ ոչ մի պաշտօնական բանակցութիւն տեղի չի ունեցել:
Ջեֆրի Բաւթոլի յայտարարութիւններից մէկ օր անց մի քանի նոր զեկոյցներ հրատարակւեցին այն բովանդակութեամբ թէ յիշեալ հանդիպումների նախաձեռնողը հէնց Բարաք Օբաման է եղել:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Օբաման իր նախընտրական քարոզների ժամանակ խոստացել էր թէ կը փորձի Իրանի հետ առանց նախապայմաններով բանակցութեան սեղան նստել: Եւ ճիշտ այն պահից երբ Օբաման պաշտօնապես ստանձնեց նախագահի պաշտօնը, իր որոշումներով ապացուցել է թէ լրջօրէն մտադրւած է իրանի հետ բանակցութեան եզրեր գտնելու խնդրում: Եւ պատահական չէ, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան՝ Սուզան Ռայսը օրերս յայտարարել էր թէ Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութեան պահը հասել է:
Ինչպէս հաղորդում են միջազգային լրատւամիջոցները, շուտով Իրան պիտի այցելի Օբամայի յատուկ ներկայացուցիչ Դենիս Ռասը: Օբաման անգամներ մատնանշել է թէ ցանկանում է իրանի հետ բանակցելով, նրանց համոզել իրենց ընթացքը փոխելու համար:
Սա ամերիկեան այն քաղաքականութիւնն է, որը կոչւում է նուրբ քաղաքականութիւն, եւ եթէ այս անգամ իրանի իշխանութիւնը ցանկանայ քայլել իր որդեգրած նախկին դիւանագիտական ճամբու վրայ, գոնէ ԱՄՆ-ին կը յաջողւի միջազգային հանրութեան կարծիքը մօտեցնել իրեն, ասելով եւ ապացուցելով թէ իրանը ոչ մի կերպ չի ցանկանում հաշւի նստել ոչ մի ուժի հետ: Նաեւ այս հարցում կարելի է մատնանշել նաեւ իրանի պահպանողականների թեւում առաջացած անհամաձայնութիւնները: Իրանի պահպանողականների աչքառու դեմքերից ոմանք վերջին ամիսների ընթացքում բազմիցս յայտարարել են թէ նրանք ցանկանում են իրանի նախագահի պաշտօնում տեսնել մի պահպանողական անհատ, բայց ոչ անպայման Ահմադինեժադին:
Ինչպէս, որ երեւում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ իր հերթին, իրանի հարցով ցանկանում է սպասել մինչեւ նախագահական ընտրութիւնների աւարտը, երբ ի վերջոյ կը յայտնւի թէ ով է լինելու իրանի ապագայ նախագահը:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը