Արթին Առաքելեան
Առաջին հարցը, որ ծագում է Միջին Արեւելքի անցուդարձերը հետապնդող անհատների մօտ, այն է թէ Իսրայէլը ի՞նչ շահեր է հետապնդում Գազայի հատւածում եւ առհասարակ ինչո՞ւ Իսրայէլը հարձակւեց Գազայի վրայ:
Անկասկած հրեայ դիւանագէտները այս ռազմական գործողութեան ընդմիջից, որը նաեւ խիստ դատապարտւել է միջազգային հանրութեան կողմից, հետապնդում են իրենց յստակ նպատակները: Ինչպէս, որ ասում են «պատերազմը հէնց քաղաքականութեան շարունակութիւնն է, այլ երանգով»:
Առաջին հայեացքով ենթադրւում է թէ Իսրայէլը ոչ մի քաղաքական եւ ռազմավարական նպատակ չի հետապնդում Գազային հարւածելու գործում: Ճիշտ է, որ մի նպատակ յայտարարւել է Իսրայէլի կողմից եւ այն ՀԱՄԱՍ կազմակերպութեան կողմից հրթիռային հարձակումներին վերջ տալն է: Այո, լաւ նպատակ է, բայց անհասանելի:
ՀԱՄԱՍ-ի հրթիռները ձեռակերտ են եւ դրանք հնարաւոր է արտադրել անքամ տնային պայմաններում: Այդ հրթիռները շատ թեթեւ են եւ այդ պատճառով դրանց փոխադրութիւնը դիւրին ու հնարաւոր է դրանք ամէն միջավայրից արձակել: Ուրեմն այդ հրթիռների արձակման բացարձակ կասեցումը անհնար է, բացի այն ժամանակ, երբ Գազայի բոլոր բնակչութիւնը ոչնչաց լինի, որ դա էլ իր հերթին հնարաւոր չէ: Ուրեմն ձեր կարծիքով այս պարզ իրականութիւնը, որ մենք այստեղ խօսեցինք, հրեայ գեներալներն ու դիւանագէտները չգիտե՞ն: Հաստատ, որ գիտեն այդ մասին, բայց նրանք մի այլ նպատակ են հետապնդում Գազայում եւ ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարձակումները կասեցնելու մտադրութիւնը լոկ առերես նպատակ է, որը ԶԼՄ-ների օգտագործման համար է յայտարարւել:
Այստեղ կը փորձենք խօսել մի քանի նպատակների եւ դրդապատճառների մասին, որոնց հետեւանքով Իսրայէլը հարւածում է Գազան: Բնականաբար Իսրայէլ-Պաղեստին հակամարտութիւնը չի սահմանապակւում այս մի քանի կետերով միայն, բայց նշւած կետերը կարող են մեզ համար պարզաբանեն այդ հարձակման իրական նպատակների մի որոշ բաժինները, որ կարող է օգտակար լինել հարցի ճիշտ դրդապատճառը վերլուծելու համար:
Գազայում Ալ Ֆաթհ կազմակերպութեանը գործի գլուխ բերել
Պաղեստինում ՀԱՄԱՍ կազմակերպութիւնը խիստ սիրւած է հանրութեան կողմից եւ Ալ Ֆաթհ կազմակերպութիւնը, Մահմուդ Աբասի գլխաւորութեամբ, ներկայիս միայն Իսրայէլի հովանաւորութեամբ է, որ յաջողել է Հորդանանի արեւմտեան ափերի հսկողութիւնը իր ձեռքերում պահել: Այդ իսկ պատճառով ՀԱՄԱՍ-ի նւազելը եւ կամ ոչնչացումը Գազայի հատւածում հնարաւորութիւն կը ստեղծի այդ շրջանում Ալ Ֆաթհի գործի գլուխ անցնելուն: Ի դէպ նշելի է, որ ՀԱՄԱՍ-Իսրայէլ վեց ամսեայ հրադադարի ժամանակաշրջանում Ալ Աղսա կազմակերպութիւնը, որը սերտ կապեր ունի Ալ Ֆաթհի հետ, հրադադարը խարխլելու նպատակով բազմաթիւ հրթիռներ արձակեց դէպի Իսրայէլ: ՀԱՄԱՍ-ի նւազելով, Գազայի հատւածում հնարաւո է յեղաշրջում տեղի ունենալ, որի ընթացքում ժողովրդական քրէներով գործի գլուխ եկած ՀԱՄԱՍ-ի օրինական կառավարարութեանը կը փոխարինի Ալ Ֆաթհի կողմից նշանակւած կառավարութիւնը: Բնական է, որ նման պայմաններում Իսրայէլի ցուցաբերած օժանդակութիւնները Ալ Ֆաթհին պիտի կրկնապատկւեն, որը պիտի օգնի Գազայի հատւածում Ալ Ֆաթհի գերակայութեանը: Այդ ժամանակահատւածում հաւանաբար խաղաղութեան բանակցութիւնները կը շարունակւեն եւ իրավիճակը մի առ ժամանակ հանդարդ կը մնայ:
Գազայի ծովափնեայ նաւթային հանքերի վերահսկում
Կարող է զարմանալի թւալ, բայց սա իրականութիւն է: Գազայի ափերը հարուստ են գազի եւ նաւթի հանքերով: Իրականում 2007-ին 4 միլիարդ դոլար արժողութեամբ մի պայմանագիր կնքւեց Պաղեստինի իշխանաւորների եւ BG (British Gas) անգլիական ընկերութեան միջեւ, որի համաձայն Գազայի գազը պիտի արտահանւեր եւ մինչեւ 15 տարւայ ժամկէտով, անդրծովային խողովակաշարի միջոցով ուղարկւել Իսրայէլական Աշկելով նաւահանգիստ(1): Տւեալ պայմանագիրը Գազայի հատւածում ՀԱՄԱՍ-ի գործի գլուխ անցնելով առկախ մնաց: Ուրեմն Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանութեանը վերջ տալով նաեւ այդ արգելքը պիտի վերանայ իսրայէլի համար:
Բանակի կորած վարկը վերադարձնել
2006-ին Իսրայէլ-Հեզբոլահ 33 օրեայ պատերազմից յետոյ երբ կոտրւեց իսրայէլի բանակի անպարտելիութեան տաբուն, իսրայէլի կառավարութիւնը փորձում է ներկայ պայմաններում հարւածելով Գազայի նման փորքրիկ մի քաղաքին, գոնէ վերադարձնել բանակի կորած վարկը: Շրջապատումների պատճառով արդէն նւազած Գազային հարւածելով իսրայէլի բանակը փորձում է թէ իր ժողովրդի եւ թէ հարեւանների մօտ ապահովել նախկինի վարկն ու հմայքը:
Նոր կառավարութիւն ԱՄՆ-ում, ընտրութիւններ Իսրայէլում
Իսրայէլը ամիսներ առաջ էր ծրագրել Գազային հարւածելու գործողութիւնը, բայց փնդրում էր մի հարմար պահ՝ դա իրականացնելու համար: Այդ հարմար պահը եկաւ ամանօրի նախատոնական օրերին երբ առհասարակ բոլոր երկրներում տիրում էր տօնական մթնոլորդ: Այդ ժամանակաշրջանը նաեւ համընկնում էր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կառավարութեան վերջին օրերի հետ, ուր ԱՄՆ նախագահը փորձում էր մի քանի միջոցառումներ կազմակերպելով իր կառավարութիւնից լաւ տպաւորութիւն թողնել: Նաեւ պիտի մատնանշել թէ Իսրայէլի իշխանութիւնը Բարաք Օբամայի իսրայէլի նկատմամբ դիրքերի հաւանական փոփոխութիւնը կասեցնելու նպատակով, փորձեց նախքան Սպիտակ Տուն մուտք գործելը նրան դնել կատարւած գործի առջեւ: Այս բոլորը ասենք թէ արտաքին դրդապատճառներն էին, բայց նաեւ կան ներքին դրդապատճառներ եւ դա իսրայէլի օրենսդի խորհրդարանի (Քնեսետ) ընտրութիւններն են, որը պիտի փետրւարին տեղի ունենայ: Իսրայէլի իշխող կուսակցութիւն՝ Կադիման մտադիր է այդ ընտրութիւններին յաղթելու համար, մի փոքր բարձրացնել իր վարկը ժողովրդի մօտ, որը վերջին երկու տարիների ընթացքում խաթարւել է:
*****
Բայց այս բոլորով հանդէրձ պիտի ասել, որ Իսրայէլը չի կարող երկար ժամանակով շարունակել հարւածել Գազային, եւ պարտաւոր է մինչեւ նախքան ընտրութիւնները, երբ լիովին չի քայքայւել իր կառավարութեան վարկը թէ արտաքին եւ թէ ներքին ճակատում, վերջ տալ այդ ոչ մարդկային բարբարոսութիւններին:
Ուրեմն պիտի սպասել մինչեւ փետրւար ամիս, տեսնելու համար թէ իշխող կառավարութեանն արդեօք կյաջողւի այս բոլորից յետոյ յաղթել ընտրութիւններում թէ՞ ոչ:
+++++++++++++++++++++++++++++++++
(1) - BG Group at centre of $4bn deal to supply Gaza gas to Israel , TimesOnline, May 23, 2007
0 Պատգամ:
Post a Comment