Այս վերջին տարիներում Եւրոպայում ու մասնաւորապէս Լատին Ամերիկայի երկրներում թափ առած ընկերվար կոչւած շարժումներն ու նրանց ժամանակաւոր յաղթանակները մտածելու տեղիք են տալիս, թէ արդեօք միջազգային քաղաքականութիւնը նո՞ր փուլ է մտել եւ թէ արդեօք իրապէ՞ս հասել է դրամատիրութեան անկման դարաշրջանը թէ ոչ:Ներկայ գրութեան մէջ փորձելու եմ աւելի կենտրոնանալ առհասարակ Երրորդ աշխարհի երկրներում ծայր առած ընկերվար շարժումների վրայ, որի վերջին աչքառու օրինակը հանդիսացաւ Բոլիւիայի նաւթագազային ճարտարարւեստի ազգայնացումը: Բայց թէ ինչ է կատարւում Եւրոպայում, պարզ է՝ լոկ քաղաքական աթոռախաղ՝ տիկնիկային ոճով: Եթէ փորձենք թերթել Եւրոպայի վերջին հարիւրամեայ պատմութեան էջերը, կը գտնենք, որ 1871-ին Փարիզի Կոմունայից յետոյ, երբ Եւրոպայում սանձարձակօրէն տարածւեց դրամատիրութեան տնտեսական ու գաղափարական համակարգը, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ կոչւած կուսակցութիւններն է՛լ աւելիով դարձան պատեհապաշտ ու հաշտւողական՝ քան յեղափոխական՝ փորձելով բուրժուազիայի (որը այն ժամանակ օրւայ պայմանների բերումով, ազնւականների ու հողատէրերի դէմ դասակարգային պայքարի շրջանակում առաջատար ու ազատական էր) հիմնադրած կառոյցներում՝ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններում բաժին ստանալ: Եւ այսպիսով՝ օպորտունիզմ՝ պատեհապաշտութիւնը դարձաւ եւրոպական ձախակողմեան կուսակցութիւնների գործելաոճը եւ նոյն այդ կուսակցութիւնների միջոցով պարտադրւեց Եւրոպայի աշխատաւոր դասակարգին: Այդ ժամանակաշրջանից յետոյ Եւրոպայի հանրայայտ ձախակողմեան կուսակցութիւնները, որոնք մինչ օրս անգամներ յաղթել են թէ՛ նախագահական, եւ թէ՛ խորհրդարանական ընտրութիւններում, դարձան բուրժուազիայի ոսկէ դրամի ձախ երեսը, պայքարի մէջ մտնելով նոյն այդ ոսկէ դրամի աջ երեսի հետ, որն էր ֆաշիզմը, ազգայնամոլութիւնն ու ռասիզմը, բայց միշտ ծառայութիւն մատակարարելով տեղական կամ միջազգային դրամատիրութեանը: Այս բոլոր ասւածների պարզ օրինակն է 1914- 1919-ի Գերմանիայում սոցիալիստական յեղափոխութեան ջախջախումը՝ նոյն այդ սոցիալ-դեմոկրատ կոչւածների միջոցով, որոնք յանուն իրենց ազգային բուրժուազիայի շահերի՝ պաշտպանեցին ու մասնակցեցին իմպերիալիստական առաջին աշխարհամարտում:Ուրեմն՝ այսօր նաեւ Եւրոպայում հերթական չգրւած օրէնքով յաղթանակ արձանագրած պետական սոցիալիստ կուսակցութիւնները չեն կարող տնտեսական ու քաղաքական ազատութեան յոյս ներշնչել աշխատաւոր եւ ընչազուրկ դասակարգերին:Գալով Երրորդ աշխարհում եւ յատկապէս Լատին Ամերիկայում գործող ու վերջերս յաղթանակ շահած ձախակողմեան կուսակցութիւններին, որը կազմում է այս յօդւածի հիմնական թեման, պիտի անդրադառնանք մի քանի կարեւոր խնդիրների:
Ա- Երրորդ աշխարհի երկրներում դրամատիրութիւնը պարտադրւել է եւ ոչ- բնականօրէն զարգացել
Եւրոպայում նախաճարտարարւեստական յեղափոխութեան ու նաեւ այդ յեղափոխութիւնից յետոյ եւ ժամանակաշրջանի հասարակական արտադրութեան համակարգի զարգացման հրամայականով ծնունդ առած բուրժուազիան օրւայ ազնւականներին ու հողատէրերին յաղթելու նպատակով՝ որդերգրեց մի նոր գաղափարախօսութիւն, որը կոչւեց ազատականութիւն: Այդ ժամանակահատւածում խիստ պայքար էր ընթանում հին ու աւանդական դասակարգի, որը նաեւ իշխող դասակարգն էր, ու նոր եւ արդիական դասակարգի միջեւ: Նոր դասակարգ, որը կոչւեց բուրժուազիա, ժողովրդի համար խօսում էր մարդկային իրաւունքների, քւէի իրաւունքի, խօսքի ու գրչի ազատութեան եւ նաեւ գործի «ազատութեան» մասին: Այստեղ էջի սահմանափակ լինելու պատճառով՝ հնարաւոր չէ մանրամասնօրէն խօսել այդ ժամանակւայ դասակարգային պայքարի մասին՝ դա թողնելով ապագային. միայն պիտի աւելացնել, որ այդ պայմաններում բուրժուազիան նկատւում էր մի առաջատար դասակարգ, որը իր դասակարգի շահերը պաշտպանելու նպատակով՝ ժամանակին դիմեց այդ քայլին եւ յետոյ թեւակոխելով իմպերիալիստական դարաշրջան, որի յատկանիշերից են արտադրութեան առաձնաշնորհները ու առեւտրականութեան մոնոպոլիստ համակարգը դարձաւ ամբողջատէր: Մի խօսքով՝ բուրժուազիան Եւրոպայում ունեցած իր պատմական փորձը եւ աւանդութիւնը «յարգում» է հասարակական, քաղաքական ու տնտեսական սկզբնական ազատութիւնները, մինչեւ այն ժամանակ, որ այդ ազատութիւնները չեն սպառնում իր դասակարգի շահերին ու գոյութեանը: Բայց Երրորդ աշխարհի երկրներում դրամատիրութիւնը չի ունեցել անցեալ, այլ հիմնադրւել կամ աւելի ճիշտ՝ պարտադրւել է միջազգային բուժուազիայի միջոցով՝ նոյն այդ երկրների շուկայից որպէս իր արտադրած ապրանքների սպառողական շուկայ՝ աւելի շատ կեղեքելու նպատակով: Քանի որ վերոյիշեալ երկրներում դրամատիրութիւնը բնականօրէն չի զարգացել, ինչպէս որ եղել էր Եւրոպայում, ուրեմն՝ նաեւ չունի խօսքի ու գրչի, մարդկային իրաւունքների ու առհասարակ սկզբնական հասարակական ազատութեան համար պայքարի աւանդութիւն եւ սովորաբար չունի այդ բոլոր իրաւունքների համար պայքարող անհատներին ու կուսակցութիւններին հանդուրժելու տարողութիւն: Քանի որ նմանօրինակ բուրժուազիան ստեղծւել է վերեւից՝ հրամայական կարգավիճակով, նաեւ զուրկ է արտադրողական միջոցների ու մեքենաների արտադրութիւնից եւ միայն արտադրում է սպառողական իրեր, ինչպիսին են՝ կօշիկ, ցեմենտ, ուտելիքներ, երկաթեղէն եւ այլն: Այդ պատճառով՝ Երրորդ աշխարհի թերաճ բուրժուազիայի արտադրողական համակարգը եւ զարգացումը միայն իրականում է միջազգային դրամատիրական համակարգի շրջափակում եւ երբեք չի ունենում աւելի լայնատարած զարգացում, այդ պատճառով՝ մի առ ժամանակ սահմանափակ զարգացումից յետոյ՝ մատնւում է անբանուկութեան ու տնտեսական զանազան տագնապների, որի յաղթահարման մէկ ձեւը պատերազմին դիմելն է:
Բ- Բուրժուազիայի բարեկարգութիւնը հնարաւոր չէ
Առհասարակ բուրժուազիան չի բարեկարգւում: Բարեկարգութիւնը միայն ընդունում է այն ոլորտներում, որ ժամանակին ինքը առերեւոյթ պայքարել է յանուն դրանց, ինչպիսին՝ խօսքի ու գրչի ազատութիւն եւ այն բոլորը, որ նշել եմ յօդւածի ընթացքում: Նաեւ խօսեցինք այն խնդրի մասին, թէ քանի որ թերաճ բուրժուազիան չունի այդ պայքարների աւանդութիւնը, շատ դժւար է ընդունում այդ բոլոր ազատութիւնները:Զարգացած բուրժուազիան բոլոր հասարակական ու քաղաքական շարժումների ու կուսակցութիւնների աշխատանքները հանդուրժում է մինչեւ այն ժամանակ, որ այդ աշխատանքները կատարւում են սինդիկալիստական ու հասարակական իրաւունքների սահմանում, երբ որեւէ յեղափոխական ու սոցիալիստ կուսակցութիւն փորձի գործել յանուն արտադրամիջոցների ու հարստութեան արդար բաժանման սահմաններում, կը հանդիպի իշխող բուրժուազիայի խիստ հակահարւածներին, որովհետեւ դա ուղղակի վտանգում է դրամատէրերի շահերին եւ ոչ ժողովրդին: Այստեղ է, որ նոյն այդ «քաղաքակիրթ» արեւմտեան կառավարութիւնները վայրենաբար յարձակւում են արդարադատների շարքերի վրայ: Ուրեմն՝ մարդը մարդուն կեղեքելու համակարգն ու դասակարգային խտրականութիւնը ոչնչացնելու համար՝ հարկաւոր են յեղափոխական գործողութիւններ եւ չի կարելի դրա լուծման համար՝ դիմել բուրժուազիայի հետ հաշտութեան ձեւերին կամ աւելի ճիշտ՝ դասակարգային հաշտութեան, որովհետեւ այստեղ գոյութիւն ունի տարբեր դասակարգերի՝ փոքրաթիւ դրամատէրերի ու բազմաթիւ աշխատաւորների եւ ընչազուրկների դասակարգային հակասութիւն, որը կոչւում է դասակարգային պայքար: Ուրեմն՝ կասկածելի է այն «սոցիալիստական» կուսակցութիւնների գաղափարները, որոնք անտեսելով դասակարգային պայքարը՝ քարոզում են դասակարգային հաշտութեան ու դրամատիրութեան համակարգերի բարեփոխման սին գաղափարները:
Գ- Հասարակայնացում (սոցիալականացում) եւ ոչ թէ ազգայնացում
Սովորաբար, սոցիալիստական շարժումները Երրորդ աշխարհում անկախ սինդիկալիստական սահմանափակ պահանջներից՝ նաեւ փորձում են մի քաղաքական- տնտեսական պահանջով երեւան գալ մասնաւորապէս նախընտրական շրջանում: Նրանք ժողովրդի տնտեսական դժգոհութիւններից օգտւում են աւելի քւէ շահելու նպատակով: Այս դժգոհութիւններից կարեւորագոյնն է տնտեսական- արդիւնաբերական կենտրոնների ոչ-ազգայնացած կարգավիճակը: Սա կարելի է համարել օտարերկրացի եւ սովորաբար գերտէրութիւնների տնտեսական կեղեքման դէմ պայքար: Բայց արդեօք նմանօրինակ ազգայնացումները առանցքային դեր ունե՞ն իրական սոցիալիստական յեղափոխութեան գործընթացում, թէ ոչ: Այո, բայց միայն որպէս տւեալ յեղափոխութեան սկզբնական փուլում: Սոցիալիստական յեղափոխութեան սկզբնական շրջանում գերտէրութիւնների բուրժուազիային յաղթելու համար՝ կարեւոր դեր ունի տեղական արդիւնաբերական ու առհասարակ արտադրողական համակարգի ազգայնացումը, բայց ուշադիր լինելով, որ հնարաւոր չէ կանգ առնել այդ շրջագծում եւ պիտի փորձել վեր անցնել ազգայնացման գործընթացից ու իրականացնել այդ արտադրողական միջոցների հասարակայնացումը: Ինչո՞ւ, որովհետեւ մինչեւ տեղական արդիւնաբերական միջոցների ազգայնացումը, սոցիալիստներին զուգահեռ եւ անգամ աւելի ակտիւ՝ աշխատելու է տեղական բուրժուազիան, ազգային ու նացիոնալիստ պիտակներով, իրականութեան մէջ յանուն իր դասակարգի շահերի, որը անտեսւել էր օտարերկրեայ բուրժուազիայի միջոցով: Ուրեմն՝ տեղական բուրժուազիան ազգային ու նացիոնալիստ շարժումների քողի տակ նեցուկ է լինում սոցիալիստներին, երկրի բոլոր արդիւնաբերական միջոցները ազգայնացնելու գործընթացում, որովհետեւ դա ուղղակի օգուտ է իր դասակարգին: Տեղական բուրժուազիան մօտաւորապէս երկրի բոլոր քարոզչական միջոցները (մամուլ, ռադիօ-հեռուստատեսութիւն) իր ձեռքը ունենալով՝ քաջ գիտէ, որ ապագայ ընտրութիւններում կարելի է եւ պիտի որ յաղթանակ շահի, երբ այլեւս բոլոր նիւթական աղբիւրները պատկանում են կառավարութեանը, այսինքն՝ նոյն իրեն՝ բուրժուազիային: Ուրեմն՝ սոցիալիստական կուսակցութիւններին թոյլատրելի չէ միայն հիմնւել ազգայնացման պահանջների վրայ՝ չմոռանալով, որ ազգայնացումը կարելի է օգտագործել որպէս մարտավարութիւն, ոչ որպէս ռազմավարութիւն: Պարզապէս, տեղական «աւանգարդ» բուրժուազիայի ու ռադիկալ մանր բուրժուազիայի տարբերութիւնը իրական սոցիալիստներից կայանում է հասարակութեան այդ երկու ուժերի պատմական նպատակների մէջ: Տեղական դրամատիրութիւնն ու մանր բուրժուազիան կարելի է օտարերկրեայ ամբողջատիրութեան դէմ պայքարելիս՝ անգամ գործադրի գիտական սոցիալիզմի գիտութեամբ զինւած աշխատաւոր դասակարգի տարբեր առաջարկներն ու նաեւ նրանց հետ համատեղ՝ բողոքի ցոյցեր կազմակերպի, բայց երբեք մի հիմնական նպատակի շուրջ չի կարող հանդուրժել սոցիալիստներին, որն է սեփականատիրութեան ոչնչացում, արտադրողական միջոցների հասարակայնացում, կառավարութեան ուժի գրաւում եւ սոցիալիստական հասարակութեան ստեղծում: Այդ բուրժուազիան դասակարգերի յեղափոխական պայքարը գիտակցօրէն անտեսելով՝ տարածում է դասակարգերի հաշտեցման սին գաղափարը՝ հիմնականում դրամատէր դասակարգի շահերը անվտանգ պահելու նպատակով:Այս ոլորտում երեւան են գալիս բազմաթիւ «սոցիալիստ» շարժումներ, որոնք հիմնականում ծառայելով տեղական բուրժուազիային՝ սոցիալիզմից մի ծաղրանկար են ներկայացնում հասարակութեանը, նրանց գիտական սոցիալիզմի հիմնական նպատակներից շեղելու նպատակով:
Դ- Սոցիալիզմը միայն բարոյագիտական արժէքային ուսմունք չէ, այլ՝ հասարակական, տնտեսական ու քաղաքական լուրջ համակարգ եւ գիտութիւն
Սոցիալիզմի մի այլ տեսակ ծաղրանկարը ներկայացնում են այն հոսանքները, որոնք փորձում են ժողովուրդներին համոզել, որ իրական սոցիալիզմը միայն հասարակական արդարութեան, հաւասարութեան եւ մարդկային իրաւունքների պաշտպան շարժում է, ոչ հասարակական, տնտեսական ու քաղաքական գիտութիւն, որի նպատակը դրամատիրական կարգերի, դասակարգերի ու սեփականատիրութեան ոչնչացումն է, յանուն հասարակութեան մեծամասնութեան խաւի, որը պարտաւոր է իր գոյութեան համար դրամատիրոջը ծախել իր ֆիզիկական եւ մտային ուժն ու կարողութիւնը:Այս տեսակ «սոցիալիստները», որոնք յայտնի են որպէս երեւակայական սոցիալիզմի ներկայացուցիչներ, իրենց հասկացած սոցիալիզմի հիմունքները հիմնում են ոչ թէ տնտեսական փոփոխութիւնների ու զարգացումների վրայ, այլ միայն՝ ժողովուրդների արդարատենչութեան ոգու վրայ: Նրանց համար սոցիալիզմը պատրաստ մի համակարգ է, որը կազմւել է իրենց մտքում եւ դա պիտի փոխարինի ներկայ դրամատիրական կարգերին: Նմանօրինակ սոցիալիստների կողմից ըմբռնւած հասարակական հակասութիւնները երեւակայական հասարակական հակասութիւնների եւ ներկայ հասարակութեան ու դրամատիրական համակարգերի հակասութիւն են, որոնք երբեք չեն յանգի սինթէզի, այլ անիմաստ հակասութիւններ են, որոնք երբեք չեն լուծւելու:Իրական հակասութիւնները պիտի գտնել գոյութիւն ունեցող եւ նիւթական աշխարհում գոյացող հասարակութեան մէջ: Սա է գիտական սոցիալիզմի գիտութիւնը, որից զուրկ են երեւակայական սոցիալիստները եւ այդ պատճառով՝ փորձում են ներկայ իրավիճակը բարեկարգել՝ հիմնւելով վերացական, երեւակայական ու իդէալիստական միջոցների վրայ:
* * *
Գիտական ու յեղափոխական սոցիալիզմի գիտութեամբ զինւած շարժումներն ու անհատները այսօրւայ աշխարհում ու մասնաւորպէս Լատին Ամերիկայում չեն թերագնահատում ձախակողմեան շարժումները, այլ միայն պարտականութիւն են զգում անվերջ յիշեցնել պատմութեան փորձերը, որոնք ժամանակին իրականացան ստալինեան Խ. Միութիւնում ու 20-րդ դարի Եւրոպայում՝ բոլորին զգուշացնելով օպորտունիզմի՝ պատեհապաշտութեան, ռեֆորմիզմի՝ բարեկարգչութեան ու կոյր նացիոնալիզմի՝ ֆաշիզմի վտանգների մասին: Հարկ է որպէս վերջաբան՝ ասել, որ մենք պարտաւոր ենք աւելի բաց աչքով եւ մտքով դիտել ու ըմբռնել աշխարհի փոփոխութիւնները՝ երբեք չխաբւելով ամէն մի ծածանւած կարմիր դրօշից ու «արդարատենչական» նկրտումներից՝ բուրժազիայի թակարդից խուսափելու համար:Գիտական սոցիալիստական յեղափոխութիւնը ոչ թէ մասսաների ինքնաբուխ ըմբոստութիւնն ու ապստամբութիւնն է, այլ՝ գիտակից եւ ծրագրւած յեղափոխութիւն, որը նպատակ ունի ոչնչացնել մարդը մարդուն կեղեքելու ներկայ դրամատիրական դասակարգային համակարգը՝ արտադրական միջոցները ընչազուրկ եւ աշխատաւոր դասակարգերի սեփականութիւնը դարձնելու միջոցով:
1 Պատգամ:
Nice idea with this site its better than most of the rubbish I come across.
»
Post a Comment