Thursday, November 24, 2005

Յեղաշրջումների քաղաքականութեան աւարտը

Այն, ինչ որ այս վերջին շաբաթների ընթացքում պարզւեց, այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կառավարութիւնը փոփոխութեան է ենթարկել իր արտաքին քաղաքականութիւնը եւ նոր տարբերակներ է կիրառել, որոնք տարբերւում են նախկին տարիների վարած քաղաքականութիւններից:Փորձ է արւում, որ միահեծան ու ռազմաշունչ քաղաքականութիւնները փոխարինւեն այլ տարբերակներով, որոնք են Եւրոպայի եւ ՄԱԿ-ի հետ աւելի սերտ համագործակցութիւնը եւ խօսւում է, որ Իրանի ու Հիւսիսային Կորէայի հանդէպ, որոնք հակադրւած են ԱՄՆ-ի դէմ, մի կողմ դրւի գործող վարչակարգերի փոփոխութեան քաղաքականութիւնը եւ տնտեսական ու շահաւէտ նոր առաջարկներ երեւան բերելով՝ նրանք քաջալերւեն ներգրաււելու միջազգային տնտեսութեան մէջ: Այդպիսով՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական սերտ յարաբերութիւններ ունենալով՝ այդ երկրները չեն պայքարի նրա դէմ:Ջորջ Բուշի նախագահութեան վերջին երկու շրջանների ընթացքում եւ մասնաւորապէս սեպտ. 11-ի ահաբեկչութիւնից յետոյ ԱՄՆ-ի միջազգային քաղաքականութիւնը թեքւեց դէպի միահեծան ու ռազմական քաղաքականութիւն, որը պատճառ դարձաւ, որ իր Եւրոպայի դաշնակիցները հակադրւեն ԱՄՆ-ի դէմ:Կանխարգելող պատերազմների նախագիծն ու շարունակութեան մէջ ռազմական միջամտութիւնները յանուն ահաբեկչութեան դէմ պայքարի ՄԱԿ-ի ու միջազգային հանրային կարծիքը նկատի չառնելը՝ դարձել էր Ջորջ Բուշի կառավարութեան դիմագիծը:Այս ընթացքում էր, որ շատերը փառաբանեցին Բուշի այդ գործելակերպը՝ դա արդի քաղաքակրթութիւնը կերտելու կարեւոր փուլ համարելով:Միայն վերջին ամիսներում էր, որ նախագահի ու Սպիտակ տան խորհրդականները ազդարարեցին, որ ծանր պայմաններից խուսափելու համար՝ ԱՄՆ-ն պիտի վերանայի իր արտաքին քաղաքականութիւնը՝ սերտ յարաբերութիւն ստեղծելով Եւրոպայի ու համաշխարհային հանրութեան հետ:Այս նոր քաղաքականութիւնը «Միջազգային ներարկման քաղաքականութիւն» է կոչւում, որի միջոցով կառավարութեանը առաջարկւում է, որ մի շարք համագործակցական պայմանագրեր կնքւեն Չինաստանի ու Ռուսաստանի հետ, Հնդկաստանը ճանաչւի որպէս ատոմական ուժ, Ճապոնիայի զարգացող տնտեսութեան միջազգային դերը սպառնալիք չհամարւի ու լուրջ համագործակցութիւն լինի Եւրոպայի հետ: Վերոյիշեալ նախագծում նաեւ ԱՄՆ-ի կառավարութեանը առաջարկւում է Իրանի ու Հիւսիսային Կորէայի նկատմամբ վարել այլ քաղաքականութիւն, որի ընթացքում պիտի թողնել նախկին վարչակարգերի փոփոխութեան քաղաքականութիւնը, այլ նրանց անվտանգութիւնը երաշխաւորելով՝ փորձել ներգրաւել միջազգային տնտեսութեան մէջ՝ շահաւէտ գործարքներ առաջարկելով: Ատոմական ծրագրերի հարցով առաջարկւում է, որ նրանց տրւի այդ էներգիան օգտագործելու հնարաւորութիւնը միայն, պահանջւի ու արգելւի, որ վերջիններս ատոմական զէնք արտադրեն:Այս աչքառու փոփոխութիւնները արդիւնք են ԱՄՆ-ի ներկայ քաղաքական ու հասարակական իրավիճակի, որով ծանր օրեր են սպասում նրան:Այս նախագիծը ունի նաեւ իր հակառակորդները: Նրանք գործնական չեն համարում դա ու մի այլ տարբերակ են առաջարկում, որը արդիւնք է նրանց խելագարութեան: Նրանք, որոնց թիւը հանրապետականների մօտ աւելի է՝ քան ուրիշ կուսակցութեան, ԱՄՆ-ի կորցրած վարկը վերագտնելու համար՝ առաջարկում են մի շարք նոր ահաբեկչական գործողութիւններ՝ սեպտ. 11-ի օրինակով, որից յետոյ կարդարացւի Բուշի ահաբեկչութեան դէմ պայքարը եւ այդ միջոցով նաեւ ժողովուրդը կը միաւորւի մէկ գաղափարի ու նպատակի շուրջ: Կան նաեւ մի շարք այլ սցենարներ, ինչպիսին են՝ Բէն Լադէնի ձերբակալութիւնը եւ կամ Իրաքի պատերազմը յաջողութեամբ աւարտելը:Ինչ որ է՝ դեռ յստակ չէ, թէ ԱՄՆ-ի կառավարութիւնը ինչպէս է ձեւակերպելու իր արտաքին քաղաքականութիւնը, բայց մի բան պարզ է, որ դա կախում ունի մեծ դրամատէրերի ու վերազգային ընկերութիւնների կամքից, որոնք իրենց շահերի համաձայն ղեկավարում են ԱՄՆ-ն ու նրա ռազմական մեքենան:

1 Պատգամ:

Anonymous said...

Արթին ջան այսօր առաջին անգամ այցելեցի քո weblog-ը: Շնորհաւորում եմ քեզ: Այսույետ աւելի յաճախ կայցելեմ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը