Wednesday, October 26, 2005

Ջրաբուժութիւն

Ինչպէս գիտէք, այս օրերում գերկարեւորութիւն է ստացել յատուկ բժշկական սննդականոններին հետեւելը:Բոլորը եւ մասնաւորապէս «նուրբիկ - մուրբիկ» աղջիկները խիստ կարեւորում են իրենց կազմւածքի գեղեցկութիւնը եւ մեծ գումարներ են ծախսում այդ ուղղութեամբ: Պիտի խոստովանել, որ համարեա շատ դժւար է բժիշկների առաջարկած սննդականոններին հետեւելն ու այս տնտեսական ծանր օրերում մարդուս համար աւելի կարեւոր ու թանկ են վայրկեանները՝ քան գեղեցիկ կազմւածքը, որովհետեւ ըստ այն սխալ «մշակոյթի», որ տարածւած է մեր երկրում ու յատկապէս հայկական համայնքում, այն անհատն է յարգելի ու լաւ, որ ունի մեծ դրամագլուխ, թանկարժէք ինքնաշարժ ու քաղաքի հիւսիսային քաղաքամասերում աւելի քան 300 մետրանոց բնակարան:Ընդհանրապէս եթէ մեր համայնքը ուզենք քննարկել այս ուղղութեամբ, պիտի տեսնենք, որ դա բաժանւում է երկու գլխաւոր խմբերի (չսխալւել Մարքսի ասած երկու դասակարգ՝ պրոլետարիայի ու բուրժուազիայի հետ): Այդ երկու խմբերն են.ա. Նրանք, որ խիստ հետեւում են օրւայ նորարարութեան եւ իրենց գեղեցիկ կազմւածքին ու ամէն գնով փորձում են հասնել իրենց «գերնպատակին»: Այս խմբին մեծամասնաբար անդամակցում են օրիորդներն ու կանայք:բ. Երկրորդ խումբը նրանք են, որ փորձում են ամէն գնով հետեւել ու պահպանել համայնքի «մշակոյթը», դրամատիրութիւնը: Այդ ուղղութեամբ նրանք փորձում են փնտրել տարբեր ու զանազան ճանբաներ՝ մեծ գումարի հասնելու համար, բայց որովհետեւ աշխատելու ոգին ընդհանրապէս տարածւած չէ մեր համայնքում, ուստի՝ նրանք փորձում են դիւրին միջոցներով հասնել մի մեծ գանձատան ու «ապահովելով» իրենց չգիտակցած ապագան՝ ապրել այնպէս, ինչպէս ապրում են թագաւորները:Այս խմբում գերակշռում են տղաները, որովհետեւ երբ տեսնում են, որ իրենց հայրենակից աղջիկները սիրած տղային արժեւորում են դրամով, ինքնաշարժով ու բնակարանով եւ առհասարակ այդ հարուստ կամ կիսահարուստ խաւից են ընտրում իրենց կեանքի եւ կամ ժամանակաւոր ընկերը՝ փորձում են դառնալ հարուստ, որի միջոցով ազատ լինեն սիրածին ընտրելու մէջ, որը, դժբախտաբար, միայն արժեւորւում է գեղեցկութեամբ: Եւ այսպէս է, որ երիտասարդութեան մօտ գեղեցիկ լինել ու հարուստ տղայ գտնելը եւ հարուստ լինել ու գեղեցիկ աղջիկ գտնելը դառնում է հիմնական արժէք:Սա պարզապէս նշանակում է արժէքների անկում:Այս բոլորը պատճառ է դառնում, որ առհասարակ երիտասարդութիւնը թողնելով աշխատանքն ու համալսարանը անցնում է Գոլդ Քուէստ-ի (Gold quest) շարքերը՝ յոյս ունենալով, որ 1-2 տարիների ընթացքում դիւրին աշխատանքով դառնալ հարուստ եւ կամ տեսակ-տեսակ բժշկական սննդականոններին ու արբանեակային նորարարութեանը հետեւելով՝ լինեն ժամանակակից ու արդիական, արժանանալու հակառակ սեռի ուշադրութեանն ու ընտրութեանը:Այստեղ ընթերցողը կարող է ինձ քննադատել այն պատճառով, որ միթէ վա՞տ երեւոյթ է գեղեցկութիւնն ու հարստութիւն ցանկանալը: Պիտի պատասխանեմ, որ ոչ, սիրելիներ, գեղեցկութիւնն ու հարստութիւնը կարեւոր են, բայց մտահոգութիւն է առաջացնում այն պահին, երբ այդ երկու երեւոյթները դառնում են նպատակ եւ գերարժէք:Եթէ յիշէք, սկզբում մեր համայնքը բաժանեցինք երկու խմբի, բայց այստեղ պիտի ասեմ, որ նաեւ գոյութիւն ունի մի երրորդ խումբ, որի թւաքանակի նւազ լինելու պատճառով՝ դրան չնկատեցինք որպէս խումբ:Աւելի ճիշտ՝ այս երրորդը խմբակ է եւ գտնւում է վերը յիշւած երկու խմբերի միջեւ: Կարծեմ պիտի պարզ լինի, թէ ովքեր են այդ երրորդ խմբակի անդամները: Նրանք այն անհատներն են, որ զբաղւում ու հետաքրքրւում են գիտութեամբ, գրքով, ազգով, բարոյական-մարդկային արժէքներով ու աշխատանքով:Վատն այն է, որ ինչքան որ առաջին եւ երկրորդ խմբերը քանակապէս աճում ու անբնականօրէն ուռճանում են համայնքում, ճնշւում է երրորդ խմբակի զարգացումն ու այդ ընթացքով նւազում եւ փոքրանում է երրորդ խմբակը եւ երբ երրորդ խմբակին յաջողւի քանակապէս զարգանալ, պիտի նւազեն առաջին երկու խմբերը:Այստեղ պիտի յայտնեմ, որ խմբերի թւաքանակից անկախ՝ նաեւ պիտի փոխւի համայնքի արժէքային համակարգը եւ դա կիրականանայ երրորդ խմբի զարգանալով, որից յետոյ հնարաւոր կը լինի փոխել արժէքային համակարգը:Աւելի տխուր իրականութիւնն այն է, որ երբ նւազում է երրորդ խմբակի թւաքանակը, շարունակութեան մէջ նաեւ այլանդակւում է նրա անհատների ֆիզիկը ու դատարկւում գրպանը: Եւ այս պահին է, որ առաջին երկու խումբը մերժում են մեր երրորդ խմբակի անհատներին, որովհետեւ նրանք ոչ հարուստ են եւ ոչ մարզւած ու գեղեցիկ կազմւածք ունեն: Կարեւոր չէ, թէ գիտուն են ու կարդացած:Նրանք եթէ դատարկ գրպանով սկսում են մտահոգւել իրենց այլանդակ ֆիզիկի մասին (այստեղ յիշեցնեմ, որ առհասարակ գէրութիւնը շատ ուտելու հետեւանքը չէ, այլ նաեւ չուտելու) հնարաւոր չէ դիմել բժիշկներին՝ նրանց թանկ դեղատոմսերից խուսափելու համար: Նրանց մնում է միայն մէկ սննդականոնի դեղատոմս եւ այն ջրաբուժութիւնն է: Դա պատահում է երկու պատճառով. առաջին՝ այն, որ ջուրը էժան է՝ անգամ եթէ օրական 12 գաւաթ պիտի խմել եւ երկրորդը այն, որ ճաշից առաջ ջուր խմելը պատճառ կը դառնայ, որ աւելի քիչ չափով ճաշ ուտէք ու չմտահոգւէք ճաշ պատրաստելու համար ունեցած նիւթական դժւարութեան մասին:Այսքանից աւել կը խուսափեմ շատախօսութիւնից ու միայն ինձ մնում է այն, թէ ինչպէս մի հաւատացեալ, որ հաւատում է Աստծու եւ դրախտի գոյութեանը, հաւատալ, որ կը գայ մի օր, որ պիտի արժեւորւեն երրորդ խմբակի կենսաձեւն ու փիլիսոփայութիւնը, մի խօսքով ասած՝ կը փոփոխւի մեր համայնքի արժէքային համակարգն ու միջակութիւնը վերացւելով՝ մեր համայնքում կարժէքաւորւի գիտական ու մասնագիտական ոգին: Այն ժամանակ է, որ ջրաբուժութիւնն էլ կորցնելու է իր արժէքը:

2 Պատգամ:

Anonymous said...

Good info. Thanks.

Regards,

Emini Russell 2000 Futures Daytrader
elliot wave

Anonymous said...

I have been following a site now for almost 2 years and I have found it to be both reliable and profitable. They post daily and their stock trades have been beating
the indexes easily.

Take a look at Wallstreetwinnersonline.com

RickJ

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը