Wednesday, March 30, 2011

Ուշը, այլեւս նուշ չի դառնում

Արթին Առաքելյան

Ժողովրդական  «Ուշ լինի, նուշ լինի» ասացվածքը արդեն սպառել է իր ուժ ու ապացույցների համաձայն այլեւս դրական արդյունքներ չի տալիս:
Վերջին շրջանում արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններում, ականատես եղանք, որ երբ ժողովուրդը ընդվզում է բռնապերական ու ավտորիտար իշխանությունների դեմ, երբ քաջություն է ստանում պահանջել իր մարդկային ու քաղաքացիական իրավունքները, իշխանությունները մեկ ակնթարթում երեւան են գալիս ու ըմբոստ ժողովուրդին բարեկարգումների խոստումներ են տալիս, հույս ունենալով, որ ժողովուրդը կառաջնորդվի հին ասացվածքով՝ «Ուշ լինի, նուշ լինի» ու իրենց տները վերադառնալով սպասելու են իշխանությունների նվիրաբերած բարեկարգումներին:
Իսկ ապացույցների համաձայն, արաբական երկրների ընդվզած ժողովուրդները չխաբվելով իշխանությունների տված կուտին, պայքարեցին մինչեւ վերջ, ընդհուպ մինչեւ վարչակարգերի փլուզումը:
Անարդարացի կլիներ, եթե ասեինք, որ այդ ժողովուրդները մինչ այսօր չէին պայքարել ու մի պահ մատնվելով մարդկային կրքերին, փողոց են դուրս եկել ու հաղթանակ տարել: Արաբական հիշյալ երկրներում գոյություն ունեցող հազարավոր քաղբանտարկյալները, ժողովուրդի շարունակական պայքարի վառ ապացույցն են:
Իսկ հետաքրքրականն այն է, որ նմանօրինակ երկրների իշխանությունները, տեսնելով քաղաքացիների հարատեւ պայքարը, կրկին փորձել են ջայլամի օրինակին հետեւելով, իրենց գլուխը պահեր ձյունի տակ, ու անտեսել ժողովուրդի պահանջները: Իսկ երբ արդեն ցասումը պայթում է երկրում ու ժողովրդական ցունամին հեղեղում է ամեն ինչ, ճիշտ այդ պահին է, որ իշխանավորները եթեր են դուրս գալիս ու բարեփոխումների խոստում տալիս ժողովուրդին: Այդ պահին էլ հնարավոր չի լինում սանձել ու կասեցնել ժողովրդական ցունամին, որովհետեւ այլեւս հունից դուրս է եկել ու մինչեւ չտիրանա հարթակին դադար չի ստանա:
Նույն իրավիճակը տիրում է նաեւ Հայաստանում: Իշխանությունները տեսնելով հասարակության պահանջներն ու ցանկությունները, կրկին դիմում են ոստիկանությանը, ՀՌԱՀ-ին, կաշառակեր պաշտոնյաներին ու «բարեգործություններին», իրենց կյանքը երկարաձգելու նպատակով:
Մեր իշխանություններն էլ արաբական հեղափոխությունները տեսնելով, գոնե պիտի դաս առած լինեն ու փորձեն փոխել իրենց ընթացքը: Բայց նաեւ մի հարց է առաջանում: Արդյո՞ք ներկա համակարգը հնարավորություն ունի բարեփոխումներ իրականացնել երկրում, հնարավորությո՞ւն ունի, ժողովուրդին տալ դեմոկրատիա թե՞ ոչ:
Իմ կարծիքով, ո՛չ: Եթե իշխանությունները մի փոքրիկ նախաձեռնությունից վախենալով, փորձում են ամեն գնով կասեցնել դա (օրինակ՝ Թեղուտի անտաղը փրկելու ակցիայի դեպքը), ուրեմն էլ ինչ խոսք ժողովուրդին դեմոկրատիա տալու մասին: Երբ իշախնությունը ազատ խոսքը չի հանդուրժում, ու ՀՌԱՀ-ի միջոցով գրոհում է ցանկացած ազատ խոսք ասող հեռուստաընկերությանը, էլ այս իշխանություններից ի՞նչ տեսակի դեմոկրատիա է պահանջվում: Երբ հացադուլի դիմած քաղաքական գործչին վրան տրամադրելու հարցը այնքան է վախեցնում, որ ոստիկաններին ուղարկում են վրանը հանելու համար, էլ ինչ խոսք ազատ քաղաքացի եւ ազատ երկրի մասին: Երբ նրանք կարողություն չունեն ապահովել ժողովրդավարության նախնական էլեմենտները, էլ ի՞նչ խոսք բարեկարգումների մասին: Իսկ այս բոլորը ոչ թե նրանց անկարողությունից է բխում, այլ՝ անբանությունից:
Պատկերացնում եմ, որ եթե հայաստանում էլ ժողովրդական լուրջ ընդվզում առաջանա, հավանաբար Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հայտնվելու են եթերում ու ժողովուրդին բարեկարգումների խոստում են տալու, բայց այդ ժամանակ այլեւս ուշը նուշ չի դառնալու:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը