Իրանում կատարվող իրադարձությունների մասին, հայաստանյան ԶԼՄ-ներում հանդիպել եմ մի շարք զարմանալի մեկնաբանությունների, որտեղ մի պահ սկսում եմ կասկածել մեկնաբանների առողջ տրամաբանություն ունենալու վրա:
Փետրվարի 15-ին ու 19-ին հաղորդմների ականատես եղա, որտեղ պրոֆեսորի գիտական տիտղոս ունեցող մեկնաբանը, փորձում էր վերլուծել Իրանում տիրող իրավիճակը ու դրանցից բխող հետևանքները:
Ըստ մեկնաբանի, Իրանում համակարգի այլընտրանք գոյություն չունի և դրանից ավելի, նա փոձում էր համոզել, որ եթե իրանում տեղի ունենա ժողովրդավարական հիմքերի վրա հաստատված փոփոխություններ, որի արդյունքում կփլուզվելու իսլամական հանրապետությունը, իրանը մասնատվելու է մի քանի մասերի, որը երբեք ցանկալի չի լինի, գոնե՝ Հայաստանի համար:
Համոզված եմ, որ քաղաքական ոլորտում դժվար է լիովին ճշգրիտ ու վերջնական մեկնաբանություններ կատարել, մասնավորապես՝ Իրանի նման բարդ երկրի մասին: Բայց ի վերջո գոյություն ունեն մի շարք իրական տվյալներ, որոնց անտեսելը չի հանգեցնի իրական մեկնաբանություն ունենալուն:
Նախ սկսենք վերոհիշյան մեկնաբանի հայտարարած ամենագլխավոր մտահոգությունից՝ Իրանի մասնատումը:
Իրանը լինելով բազմաէթնիկ երկիր, միշտ ունեցել է մասնատվելու մտավախությունը, երբ տարածաշրջանային ու միջազգային դերակատարները, փորձել են Իրանի դերակատարությունը թուլացնելու համար, երկրում առաջացնել էթնիկ հողի վրա գործող հրահրումներ: Հայաստանյան ԶԼՄ-ում բազմիցս եմ ականատես եղել, երբ մեկնաբանները փորձել են Իրանի 20 միլիոնանոց «Ազերիների» փաստը օգտագործելով, հայտարարել, որ մեծ վտանգ գոյություն ունի իրանում և եթե իրանի համակարգը փլուզվի այդ 20 միլիոն «Ազերիները» կդիմեն անկախության ու Իրանի հյուսիսարևմտյան շրջանները, որոնք սահմանակից են նաև Հայաստանի հետ, կմիանա Ադրբեջանի հանրապետությանը: Իսկ բացատրեմ թե ինչո՞ւ ազերիների մասին խոսելիս, դա դրել եմ չակերտների մեջ: Որովհետև նրանց ոչ թե պիտի զուտ էթնիկ ազերի համարել, այլ ազերախոսներ, որոց պիտի անվանել Ատրպատականցիներ, և դրանց գերակշռող մեծամասնությունն այսօր իրեն Իրանցի է համարում, այլ ոչ թե ազերի՝ բառի բուն իմաստով: Նաև ցանկանում եմ մի հարց ուղղել այդ տեսակետի ջատագովներին. 70 միլիոնանոց Իրանում, այդ 20 միլիոն «ազերի» կոչվածները, որը պարզ հաշվարկով երկրի մեկ-երրորդ բնակչությունն են կազմում, ինչո՞ւ չեն կարողացել մինչ օրս, հասնել իրենց այդ նպատակին ու անկախություն հաստատել: Արդյո՞ք չեն կարողացել, թե՞ նման ցանկություն անգամ չեն ունեցել:
Ես չեմ կարծում, որ իրանում այսօր առկա չէ էթնիկ անջատողականության վտանգը, որովհետև այդ հարցը միշտ էլ Իրանի դեմ շահարկվել է արտաքին ուժերի կողմից, բայց չեմ համարում, որ դա կարող է Իրանի գլխավոր վտանգը համարել: Եթե այդ մեկնաբանների տրամաբանությամբ առաջնորդվենք, պիտի նաև ասել, որ Իրանի այսօրվա առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին ու նրանց նման հազարավոր պետական ու քաղաքական կարևոր պաշտոններ զբաղեցնող անհատներ «ազերի» ծագում ունեն: Ուրեմն ինչո՞ւ նրանք չեն փորձում հարցը վեջնականապես լուծել ու իրականացնել «ազերիների» այսպես ասած դարավոր երազանքը: Որպես պատասխան պիտի ասել, մի պարզ պատճառով, որովհետև Իրանում արդեն ձևավորված է ազգ-պետություն հասկացողությունը և միայն փոքրաթիվ մի շարք խմբեր գոյություն ունեն, որը գործում են էթնիկ անջատողականության ուղղությամբ:
Իրանի իսլամական հանրապետության այսօրվա հիմնական խնդիրը հենց ժողովրդավարության բացակայությունն է, որի պատճառով տառապում են Իրանի քաղաքացիները, և այդ թվում նաև էթնիկ ու կրոնական խմբերը: Որովհետև եթե շարքային քաղաքացին զրկված է մարդկային տարական իրավունքներից, իսկ էթնիկ ու կրոնական խմբերը այդ ընթացքում նաև զրկվում են թե մարդկային իրավունքներից և թե իրենց էթնիկական ու կրոնական մշակույթից, որը որպես անջատվելու վտանգ ներկայացնող տարր, արգելափակվում է իշխող համակարգի կողմից:
Գալով Հայաստանին հուզող խնդիրներին, պիտի ասել, որ Հայաստանի նաև բոլոր պետությունների համար զարգացած, տնտեսապես հզոր ու միջազգային կշիռ ներկայացնող հարևան ունենալը շատ ավելի դրական է քան ունենալ մի այնպիսի հարևան, որը ունենալով նշված բոլոր պայմանները, չի հարգում ոչ մարդու իրավունքները և ոչ էլ միջազգային տարական օրենքները, ու դրա հետևանքով էլ խիստ մեկուսացված է իր սահմաններում:
Հնարավոր է դիվանագիտական ակնոցից դիտված այդ իրավիճակը դրական համարել, ինչպես Իրանի այսօրվա բոլոր հարևաններն են այդպես համարում և չեն ցանկանում Իրանը նոռմալ ժողովրդավարական երկիրի վերածվել, որովհետև Իրանի իրավիճակից իրենք ամենաշատ օգութն են ստանում:
Բայց եթե սեպենք, որ նշված հաղորդման մեկնաբան պրոֆեսորի ասածները լիովին համապատասխանում են ճշմարտությանը, ու Իրանի իսլամական հանրապետության հավանական փլուզումով, Իրանը բազմաթիվ մասերի է մասնատվելու, որը Հայաստանին ձեռընտու չէ, բայց արդյո՞ք Հայաստանը որպես պետություն հնարավորություն ունի Իրանի ներկա իրավիճակին աջակցելով, կանխել նրա հավանական փլուզումը ու ինքն էլ զերծ մնա հավանական սպառնալիքից: Միանշանակ պիտի ասել ո՛չ, որովհետև հենց այս Իրանի իշխանությունների որդեգրած ոչ ժողովրդավարական կեցվածքն է, որը բարձրացնում է այդ համակարգի փլուզման հավանականությունները:
Ուրեմն մենք որպես անկախ պետություն, դրանով հանդերձ, որ պիտի դրական հարաբերություններ սահմանենք մեր հարևան Իրանի հետ, նաև միևնույն ժամանակ պիտի գոնե ակնկալենք, որ Իրանում ժողովրդավարական փոփոխությունները կասեցնելու են հենց այն սպառնալիքները, որոնցով մտահոգված են մեր մեկնաբանները:
Ես Իրանում ծնված ու մեծացած լինելով, հանդիպել ու համագործակցել եմ հազարավոր անհատների հետ, որոնք պատկանում էին տարբեր էթնոսների, բայց բոլորն էլ գործում ու պայքարում էին ժողովրդավարական Իրան կառուցելու ուղղությամբ, մի պարզ պատճառով, որովհետև նրանք իրենց Իրանցի էին համարում: Եւ որպես վերջաբան պիտի ավելացնել, որ միջազգային և մարդկային բոլոր օրենքներն ու իրավունքները հարգող երկրի հետ հարևանություն անելը, շատ ավելի դրական ու շահավետ է, քան այն երկրի հետ, որը չունի այդ բոլորը, բայց հավակնություն ունի ղեկավարել ամբողջ աշխարհը:
0 Պատգամ:
Post a Comment