Արթին Առաքելյան
Օրեր առաջ, երբ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցությանը պատկանող 11 նախարար հրաժարվեցին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության կազմից, Հարիրիի գլխավորած կառավարությունը փլուզվեց, ու Լիբանանը կրկին կրակի մեջ հայտնվեց: «Հիզբոլլահի» նմանօրինակ քայլի գլխավոր դրդապատճառը հենց սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գործով զբաղվող դատարանի աշխատանքն էր, որտեղ հայտարարվել էր, որ դատարանը սպանության գործում մեղադրում է «Հիզբոլլահին» ու Իրանի պահակազորին:
Բանակցությունների արդյունքում ի վերջո կողմերը համաձայնեցին Լիբանանի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկվող Նաջիբ Միքաթիի վարչապետությանը: Այդ նորությունը մեծ խանդավառություն է առաջացրել իրանական պետական քաղաքական դաշտում: Թեև Միքաթին առաջարկվել է «Հիզբոլլահի» ու նրան սատարող համախոհների կողմից, բայց նորընտիր վարչապետը հայտարարում է, որ չի պատկանում ոչ մի խմբակցության և ցանկանում է երկրում միասնական կառավարություն ստեղծել: Բայց արդյո՞ք բոլորին կհամոզի վարչապետի հայտարարությունը: Դժվար թե: Իսկ ո՞վ է նորընտիր վարչապետը:
55-ամյա Նաջիբ Միքաթին Լիբանանի օլիգարխներից է, որի անունը 2008-ին հայտնվել էր անգամ Forbes հանրահայտ պարբերականի աշխարհի հարուստների ցուցակում: Նրա հարստությունը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար: 1998-ին տրանսպորտի նախարարությունը ստանձնելով` նա մուտք գործեց քաղաքական դաշտ: Հետո մի քանի տարի խորհրդարանում Թրաբլոս քաղաքի պատգամավոր է եղել: Միքաթին, նախկին վարչապետ Հարիրիի սպանությունից հետո, երբ հրաժարական ներկայացրեց այդ ժամանակ գործող վարչապետ Օմար Քարամին, երեք ամիս ժամկետով ստանձնեց վարչապետի պաշտոնը, ապա հրաժարական ներկայացրեց և իր ավագ եղբոր հետ ստեղծեց Investcom ընկերությունը: Investcom-ը գործունեություն էր ծավալում հաղորդակցության ու բջջային հեռախոսների ոլորտում:
Այս ընթացքում կարևորություն է ստանում այն, որ Միքաթիի ընկերությունը լուրջ և կարևոր ներկայություն ունի «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցներ Սիրիայի և Իրանի բջջային հեռախոսների շուկայում: Investcom-ը, սիրիական SyriaTel ընկերության հետ մեկտեղ, Սիրիայի կառավարության հետ արդեն կնքել է պայմանագիր, որով Սիրիայի բջջային օպերատորները 15 տարով կլինեն այդ երկու ընկերությունների տիրապետության տակ:
Investcom-ը, նաև միավորվելով հարավաֆրիկյան MTN և սիրիական SyriaTel ընկերությունների հետ, անցյալ տարի գնեց Իրանի IranCell պետական ընկերության բաժնետոմսերի 49%-ը: Միքաթիի ընկերությունը միայն Իրանում ներդրել է ավելի քան 450 միլիոն եվրո: Ի դեպ, իրանական IranCell ընկերության բաժնետոմսերն անցյալ տարի գնել էր թուրքական TurkCell ընկերությունը, բայց Իրանի խորհրդարանը անվտանգության նկատառումներով այն չեղյալ էր հայտարարել: Հարկ է նշել, որ ամիսներ առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը, երկրի հեռահաղորդակցության ընկերության աճուրդին մասնակցելով, հաջողեց ձեռք բերել հիշյալ ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը:
Այս ամենը հաշվի առնելով, հնարավոր չէ վստահել Լիբանանի նորընտիր վարչապետի այն հայտարարություններին, թե նա ոչ մի խմբակցության չի պատկանում: Հնարավոր է, որ նա իրոք ոչ մի խմբակցության անդամ չէ, բայց հարկ է նկատի ունենալ, որ նրա կապիտալի խոշոր մասը ներդրված է Իրանի ու Սիրիայի շուկաներում, որոնք նաև համարվում են «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցները: Այս ընթացքում նաև դժվար է հավատալ «Հիզբոլլահի», այսպես կոչված, հայրենասիրական կոչերին, որովհետև հենց «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը բազմիցս հայտարարել է, որ իրենց առաջնորդը Այաթոլլա Խամենեին է: Հնարավո՞ր է հավատալ մի զինյալ խմբակցության հայրենասիրական կոչերի, երբ նույնիսկ իրենք են հայտարարում, որ հնազանդվում են մի այլ երկրի առաջնորդի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment